|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի կառավարությունը նախատեսում է Առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված, 2020 թվականին ձեռք բերված 10 հատ «Ֆորդ տրանզիտ» DLQ5030XJHA տեսակի ավտոմեքենաները հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 9-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, նախագծի նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի շտապ բժշկական օգնության ծառայության շրջանակներում իրականացվող ամենօրյա աշխատանքներին, նպաստել դրանց որակի և հասանելիության բարձրացմանը։ Նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցված 9 անուն շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ սարքավորումներով և առաջին օգնության պայուսակով, որն իր հերթին հագեցված է պացիենտին առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ պարագաներով։
Մյուս 7 ավտոմեքենան գծային ավտոմեքենաներ են, նույնպես հագեցած 6 անուն անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակով։
Նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության հետ համագործակցության և աջակցության շրջանակներում։
Նվիրաբերվող 10 շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի Հանրապետության լեռնային ռելիեֆին։ Ավտոմեքենաների ընդհանուր արժեքը գնահատվում է գրեթե 300 մլն դրամ: