Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր պաշտոնավարման 100 օրվա առթիվ, մամուլի ասուլիս է հրավիրել քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: Իր խոսքում գերատեսչության ղեկավարն աննախադեպ է համարել հանրապետությունում իրականացվող շինարարական աշխատանքերի ծավալները:
Անդրադառնալով ընթացիկ և անցած 100 օրերի ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքներին, նախարարը նախ նշել է, որ պետական բյուջեում 2020 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի սկզբնական ծավալը նախատեսված էր 19 մլրդ. 780 մլն. դրամի չափով, որը պետական բյուջեի վերջին փոփոխությամբ, լրացուցիչ ավելացվել է 6 մլրդ 500 մլն դրամով և ներկայում կազմում է 26 մլրդ 280 մլն. դրամ:
Կապիտալ ներդրումների ծրագրում ընդգրկված են ԱՀ նախագահի նախընտրական ծրագրում ներկայացված, ինչպես նաև տարեսկզբից նախատեսված գրեթե բոլոր աշխատանքները:
Ըստ ճյուղերի ներկայացնելով ընթացիկ տարվա հունիս-օգոստոս ամիսներին կատարված աշխատանքները քաղաքաշինության նախարարը մասնավորապես տեղեկացրել է, որ հանրապետության նախագահի հանձնարարականով՝ սկսված են մի շարք միջպետական և միջհամայնքային նշանակության ճանապարհների կապիտալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքները: Մասնավորապես հիմնանորոգվում են Ստեփանակերտ — Դրմբոն, Ստեփանակերտ — Աղավնո, Ստեփանակերտ — Հադրութ մայրուղիները:
Ճանապարհաշինական աշխատանքեր են իրականացվել նաև Հանրապետության շրջաններում: Անդրադառնալով բնակարանաշինությանը, Ա. Սարգսյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքում և շրջկենտրոններում աշխատանքեր են ընթացել բազմաբնակարան բնակելի շենքերի վերակառուցման, ինչպես նաև տանիքների վերանորոգման և վերակառուցման ուղղությամբ:
Նախարարի խոսքով, ընթացքում են մի շարք կրթօջախների կառուցման և վերանորոգման աշխատանքները.
Ասկերան քաղաքի միջնակարգ դպրոցի նախադպրոցական մասնաշենքի հիմնանորոգման, Հադրութի շրջանի Մեխակավան համայնքի մանկապարտեզի շենքի վերակառուցման և Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքի 100 տեղանոց մանկապարտեզի կառուցման աշխատանքները:
Նախագծման փուլում են Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Ակնաբերդ գյուղերի և Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի մանկապարտեզների կառուցման նախագծերը:
Աշխատանքներ են իրականցվում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Խնապատ, Մարտակերտ քաղաքի 1 դպրոցի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Բերդաշեն, Շահումյանի շրջանի Չարեքտար, Քաշաթաղի շրջանի Արիավան բնակավայրի դպրոցների վերանորոգման և կառուցման աշխատանքները:
Ընթանում են նաև Հադրութի շրջանի Թաղուտ, Ասկերանի շրջանի Պատարա գյուղերի դպրոցների կառուցման նախագծերը: Ըստ նախարարի՝ առողջապահության բնագավառում ամենախոշոր ծրագիրը ԱՀ նախագահի հանձնարարականով Ստեփանակերտ քաղաքի նոր ծննդատան շենքի կառուցման աշխատանքներն են ,որոնք երկուսուկես ամիս առաջ են մեկնարկել:
Արդեն ավարտված են ներքին հարդարման, օդափոխության, հատակների և սանհանգույցների սալիկապատման, լուսավորության, վերելակների մոնտաժման, բժշկական գազերի մոնտաժման, ինչպես նաև հեռախոսակապի, ինտերնետի և տեսադիտարկման համակարգի մոնտաժման աշխատանքները: Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում բարեկարգման և նկուղային հարկի վերանորոգման ուղղությամբ, որոնք ավարտին կհանձնվեն մինչև հոկտեմբերի վերջ:
Աշխատանքներ են իրականացվում նաև Մարտակերտի շրջանի Չլդրան և Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքներում բուժամբուլատոր կենտրոնների կառուցման համար:
Ա. Սարգսյանը նշել է, որ վերահսկողության ընթացքում որոշ շինարարական աշխատանքների ցածր որակ է նկատվել, որոնք նախարարության հրահանգող, քանդվել են և նշված կազմակերպությունները սահմանված կարգով տուգանվել են:
Ներկա դրությամբ նշված աշխատանքներում ընդգրկված են 160 շինարարական և 44 նախագծային կազմակերպություններ,ինչպես նաև 10 կազմակերպությունների տրվել են լիցենզիաներ: