կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-15 17:10
Քաղաքական

Մեծագույն ձեռքբերումը օրենքի գերակայության հաստատումն էր. Կոտայքի մարզպետն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը

Մեծագույն ձեռքբերումը օրենքի գերակայության հաստատումն էր. Կոտայքի մարզպետն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը

Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդես եկավ պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսով: Ներկայացվեցին նախորդող 3 ամիսների ընթացքում մարզում իրականացված ծրագրերը, ձեռքբերումները, փոփոխությունները: Մատնանշվեցին համակարգային այն բարեփոխումները, որոնք հանգեցնելու են առողջապահական, կրթական, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում իրավիճակի փոփոխության:

Մասնավորապես, կարևորագույն փոփոխությունը Կոտայքի մարզում օրենքի գերակայության հաստատումն էր, երբ մասնավոր շահերը ստորադասվել են հանրայինից, բոլոր տեղերում տրվել են օրենսդրությամբ սահմանված ազատությունները և միաժամանակ մշակվել են վերահսկողության ավելի խիստ մեխանիզմներ՝ ինքնիրավչությունը վերացնելու համար:«Վարչական և մասնագիտական վերահսկողության արդյունքում մի շարք համայնքներում, դպրոցներում, պետական այլ կառույցներում բացահայտվել են խախտումներ, որոշ դրվագներով կան նաև հարուցված քրեական գործեր: Ի ուրախություն ինձ պիտի ասեմ, որ կան նաև լավ օրինակներ, երբ համայնքի ղեկավարները լուծել են իրենց առջև դրված պարտադիր խնդիրները. ես նրանց ձեռքն եմ սեղմել և պատրաստ եմ համատեղ ճանապարհ անցնել՝ հանուն մեր երկրի ու պետականության»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Լրագրողների հարցին, թե արդյոք եղե՞լ է կադրային ջարդ մարզպետարանի աշխատակիցների շրջանում, Կոտայքի մարզպետը պատասխանեց.«Մարզպետարանի 137 աշխատակիցներից միայն 10-15 պաշտոններում են փոփոխություններ եղել: Դրանք հայեցողական քաղաքական պաշտոններն են, որոնք բնական է, որ պետք է փոխվեին: Իհարկե, եղել են նաև ազատման դիմումներ քաղ. ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանցից, բայց ինձ համար դա հասկանալի է, քանի որ մարդիկ իրենց չեն տեսնում նոր իրողություններում նոր թիմի հետ աշխատելիս»:

Մարզում այս պահին իրականացվում են մանկապարտեզների, դպրոցների, մշակույթի կենտրոնների վերանորոգման, տանիքապատման աշխատանքներ, կառուցվելու են նոր 2 դպրոցներ Կամարիս և Նոր Գյուղ համայնքներում, նախատեսվում են մանր և խոշոր ներդրումներ:

Շուտով Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում մոտ 200 մլն դոլարի ներդրումներով կհիմնվեն 60 հողմակայաններ՝ ընդհանուր մոտ 180 մգվ հզորությամբ:

Ռոևանոս Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ իրականացվել են նաև սոցիալական ծրագրեր և աշխատանքներ, որոնք բացառապես բարի կամք էին պահանջում՝ առանց ներդրումների, ծախսերի և լրացուցիչ միջոցների: Դրանցից են Երևան-Սևան մայրուղու բարդիների չորուկների սանիտարական էտի արդյունքում հավաքագրված վառելանյութի հատկացումը սոցիալապես անապահով ընտանիքներին և մոտ 4000 տոննա ֆրեզով մի շարք համայնքներում ճանապարհների բարեկարգումը:
Կոտայքի մարզպետն արձանագրեց նաև այն ձեռքբերումները, որոնք տեսանլի են հենց այս պահին. Հրազդանի «Եղևնիների պուրակ» անվամբ հայտնի քաղաքային զբոսայգին վերադարձվել է համայնքին, մարզի 90 դպրոցներից 87-ում իրականացվում է «Տաք սննդի» ծրագիրը, քաղաքացու ձայնը լսելի է, բարձրաձայնված խնդիրները լուծվում են և այլն:

Ռոմանոս Պետրոսյանն ընդգծեց մարզի 67 վարչական շրջաններից 59-ում անձամբ աշխատանքային այցեր ունենալու կարևորությունը, քանի որ սա լավագույն միջոցն է խնդիրները վեր հանելու և լուծման ուղիները հստակեցնելու համար: «Դեռ չեմ հասցրել լինել միայն մարզկենտրոնին մոտ մի քանի համայնքներում, որովհետև այցերս սկսել եմ լեռնային, հեռավոր համայնքներից, որոնցից որոշներում երբևէ ոչ մի պաշտնյա անգամ չէր եղել: Ես բոլորին ականջալուր եմ, բոլոր խնդիրները լուծելի են՝ անկախ դրանց համար պահանջվող ժամանակից ու ռեսուրսներից»,- ասաց Կոտայքի մարզպետը: