Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքը կսկսի բանակցել Անկարայի հետ՝ Արեւելյան Միջերկրականում ծագած վեճը լուծելու ուղղությամբ միայն այն դեպքում, երբ Թուրքիան դադարի սադրել:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան ընդունել է ՆԱՏՕ-ի՝ բանակցելու առաջարկը, իսկ Աթենքը սկզբում համաձայնել, ապա հրաժարվել է: Չավուշօղլուն մեղադրել է նաեւ Ֆրանսիային՝ Հունաստանին հրահրելու համար:
Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի 2 անդամներն էլ համաձայնել են տեխնիկական բանակցություններ սկսել:
Չնայած Հունաստանի՝ մերժման մասին հայտարարություններին, Ստոլտենբերգն այսօր հայտնել է, որ, այդուամենանիվ, Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական մակարդակում տեխնիկական բանակցություններ ընթանում են, սակայն դեռեւս որեւիցե համաձայնության չեն եկել: Այդ բանակցությունների նպատակը՝ Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով, մեխանիզմների մշակումն է՝ Միջերկրական ծովի արեվելյան հատվածում պատահական բախումներից խուսափելու համար:
Թուրք-հունական հարաբերություններն անցած ամիս հերթական անգամ սրվել էին, երբ Թուրքիան հայտարարել էր, որ սկսել է սեյսմիկ հետախուզություն անցկացնել Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, որը Հունաստանը բացառապես իր տնտեսական գոտին է համարում: