Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մամուլում տարածված այն տեղեկությունների վերաբերյալ, թե հետհեղափոխական ընդդիմադիր եռյակի՝ ԲՀԿ-«Հայրենիք»-ՀՅԴ կուսակցությունների համագործակցություն փաստացի այլեւս գոյություն չունի, մի քանի հարց ուղղեցինք «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանին։
- Պարոն Բաբայան, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն ցանկանում է միայնակ առաջ գնալ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոստացված հանրահավաքը պլանավորված է իրականացնել հոկտեմբերին, սակայն ԲՀԿ-ում կուսակցականները կտրուկ դեմ են եղել, որ իրենց հանրահավաքին մասնակցեն նաեւ ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունները: Նկատի ունենալով իրականացվող երեք կուսակցությունների համատեղ աշխատանքը և դրանում Ձեր մասնակցությունը՝ արդյո՞ք ստացվում է, որ ամիսներ շարունակ համագործակցել եք, սակայն քաղաքական ամենակարեւոր միջոցառումներից մեկին, այն է՝ հանրահավաքին, միասնական ճակատով հարթակ չեք բարձրանալու:
- «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների համատեղ աշխատանքը մենք գնահատում ենք շատ բարձր։ Քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցում, Նիկոլ Փաշինյանի ռեժիմի ամբողջական հեռացման հարցում, երեք կուսակցություններն ունեն միասնական և ամուր դիրքորոշում։ Իսկ առանձին-առանձին կուսակցությունների զարգացման, առաջխաղացման հարցերում յուրաքանչյուր կուսակցության ներքին աշխատանքները՝ կուսակցականների և համակիրների հետ, կարող են տարբերվել։ Եռյակի ձևաչափում մեր աշխատանքներում չկա որևէ անհամաձայնություն։ Իշխանահպատակ որոշ հայտնի ուժերի և գործիչների կողմից եռյակի պառակտման մասին լուրերի տարածումը ժամանակի զուր վատնում է։ Մեր աշխատանքների արդյունքները մենք մշտապես ներկայացնում ենք հանրությանը, և ժողովուրդը բազմաթիվ առիթներով արդեն համոզվել է մեր միասնականության մեջ։ Այս առումով հայտնի ուժերին կոչ եմ անում չչարաշահել լրատվամիջոցների վստահությունը և նրանց չօգտագործել որպես կեղծիքի տարածման խողովակ։
- Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ ԲՀԿ-ի կողմից նախապատրաստվող հանրահավաքներին կտեսնենք նաև ձեր կուսակցության մասնակցությունը։
- Երեք կուսակցությունների համագործակցությունն ամուր հիմքերի վրա է, և «Հայրենիք» կուսակցությունը կլինի բոլոր այն հարթակներում, այն վայրերում, որտեղ եռյակը կունենա դրա կարիքը։ Երեք կուսակցությունները, ինչպես արդեն նշեցի, համախմբված են գլխավոր հարցի՝ փաշինյանական ռեժիմի հեռացման շուրջ, և այս առումով մեր համագործակցությունն աննախադեպ ամուր է։ Մենք ոչ միայն չենք բացառում, որ կլինենք հանրահավաքներում, այլ վստահեցնում ենք, որ լինելու ենք ամենուրեք, որտեղ մեր եռյակից որևէ մեկի համար դա կլինի անհրաժեշտ։ Մենք ավելի քան վստահ ենք, որ մեր գործընկերոջ հանրահավաքը լինելու է հզոր և մարդաշատ։
Աղբյուրը՝ hraparak.am