կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-16 21:04
Հասարակություն

Զորակոչի իրականացումն առավել բարձր հիմքերի վրա է դրվել. Սեյրան Օհանյան

Զորակոչի իրականացումն առավել բարձր հիմքերի վրա է դրվել. Սեյրան Օհանյան

Մայիսի 16-ին պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն: Քննարկվել ու առաջադրվել են 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման խնդիրները, ամփոփվել 2013թ. ձմեռային զորակոչի արդյունքները:

 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ զինված ուժերի կարևորագույն գործընթացներից մեկը նրա համալրումն է: Վերջին տարիներին զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել գործընթացի իրականացումը, մշակվել և իրագործվել են մի շարք բարեփոխումներ:

 

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշել է, որ նախորդ զորակոչին առաջադրված խնդիրներն ընդհանուր առմամբ կատարվել են: Նա անդրադարձել է զորակոչվածների թվաքանակի, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, ոչ շարային և շարային ծառայության զորակոչվածների վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների ու բուժհանձնաժողովների կատարած աշխատանքներին:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են երիտասարդների կցագրումը և հաշվառումը, բուժհետազոտությունը, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառում և զորակոչին առնչվող այլ հարցեր: Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները ևս կիրականացվեն բարձր մակարդակով: Նախարարը 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման առումով տվել է ցուցումներ և հանձնարարականներ:

 

Ձմեռային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, այդ գործընթացին ակտիվ մասնակցելու համար զինկոմիսարիատների, իրավապահ մարմինների, բուժհանձնաժողովների և այլ կառույցների մի խումբ ներկայացուցիչներ ու զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և նվերներով: