Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանդում են հայոց դպրոցի հիմքը, այն ավանդները, որ այդ դպրոցը ստեղծել է արդեն շուրջ 200 տարի, քանդում են ամենաանխնա կերպով, վերացնում են կրթության այն ձեռքբերումները, որոնք եղել են թե՛ խորհրդային, թե՛ նախախորհրդային, չվախենանք ասել՝ նույնիսկ հետխորհրդային տարիներին. ըստ Yerkir.am-ի՝ ասաց գրականագետ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա դասախոս Սերժ Սրապիոնյանը մամուլի ասուլիսում։
«Պետք է կրկին մեջբերեմ հայ իմաստուններից մեկի՝ Ջիվանու միտքը, որը գտնում էր, որ հայ ժողովրդին հայ պահող երեք կարևորագույն գրավական կա՝ հայ գիրը, հայ հավատը և հայոց լեզուն։ Իսկ այսօր ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ կա ինտերվենցիա հենց այս երեք կարևորագույն արժեքների հանդեպ»,- ասաց նա։
Սրապիոնյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի «ազգադավ գործունեությանն» ինքն արձագանքել է դեռ երկու տարի առաջ՝ 2018-ին, երբ բարձրագույն ուսումնական հաստատությունների ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի ուսուցումը դարձրին կամընտրական։
«Այդ ժամանակ Հարությունյանն իր դամքյաշների հետ հայտարարեց, թե մենք կոռումպացված ենք և հետևում ենք մեր հացի խնդրին, որովհետև հայոց լեզու դասավանդելը մեզ հաց է տալիս։ Բայց այս մարդն այնքան տեղյակ չէր ոլորտից, որ չգիտեր, որ հայ գրականությունը ոչ միայն ոչ մասնագիտական, այլ նաև հումանիտար ֆակուլտետներում բավականին երկար տասնամյակներ արդեն չեն դասավանդում։ Այսինքն՝ ես՝ գրականագետս, հացի խնդիր, բնականաբար, չէի հետապնդում»,- ասաց Սերժ Սրապիոնյանը։
Նա համոզված է, որ սա պետական ծրագիր է, քանի որ երկրի առաջին դեմքն անձամբ է հայտարարում, որ եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս գա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, այդ հրաժարականը չի լինելու։
«Այստեղ ես արդեն միտումնավոր գործողություններ եմ տեսնում՝ քայքայել ազգային անվտանգությունը, խոցելի դարձնել հային ու հայկականությունը։ Հենց սա է պատճառը, որ առավել գիտակից հայն այսօր միացել և միանալու է այս շարժմանը»,- ասաց գրականագետը։
Նա նշեց, որ թեև Արայիկ Հարությունյանն ինքն է ստախոս, բայց իրեն քննադատողներին է մեղադրում ստախոսության մեջ։