կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-30 12:35
Քաղաքական

Բելառուսի ընդդիմությունը պահանջել է երկրի ՆԳ նախարարի հրաժարականը

Բելառուսի ընդդիմությունը պահանջել է երկրի ՆԳ նախարարի հրաժարականը

Բելառուսի ընդդիմության համակարգող խորհուրդը երկրի ՆԳ նախարար Յուրի Կարաևին կոչ է արել հրաժարական տալ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան:

«Պարոն Կարաև, օգոստոսի 13-ին բելառուսական հեռուստատեսության եթերում դուք ստանձնել եք պատասխանատվությունը կատարվածի համար: Մարդկանց մահ, բռնություն, աննախադեպ դաժանություն և խաղաղ բնակչության կտտանքներ. մենք այդ ամենը տեսել ենք: Եվ եթե դուք պատասխանատվություն եք ստանձնում այդ իրադարձությունների համար, ապա դուք երկու տարբերակ ունեք՝ կա՛մ հրաժարական տալ, կա՛մ ներկայանալ մեղայականով»,- հայտարարել է Կոլեսնիկովան:

Վերջինս հավելել է, որ «այս իրադարձությունների մյուս մասնակիցների համար ևս մեղայականով ներկայանալու տարբերակ կա»:  

Կոլեսնիկովան հայտնել է նաև, որ ընդդիմության համակարգող խորհուրդը դիմել է երկրի իրավապահ մարմիններին՝ կոչ անելով հետաքննել հանցագործությունները:

Հիշեցնենք, որ Բելառուսում ընդդիմության կողմնակիցներն ամեն օր ցույցեր են իրականացնում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքների համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բողոքի ցույցերի առաջին օրերին, հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վնասվածքներ ստացել և հոսպիտալացվել: Ցույցերի ընթացքում 3 քաղաքացի մահացել է: