կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-27 14:43
Քաղաքական

Կառավարությունը սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական աջակցության ընդլայնման նախագծին հավանություն տվեց

Կառավարությունը սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական աջակցության ընդլայնման նախագծին հավանություն տվեց

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական աջակցության շրջանակն ընդլայնելու օրենքի նախագծին:

Գործադիրի օգոստոսի 27-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ օրինագիծը հեղինակել են Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանը:

Փոփոխություններով նախ առաջարկվում է ևս երեք տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների արտոնությունները: Այն է՝ պետությունը 36 բնակավայրի համար 50 տոկոսի չափով փոխհատուցի սպառած էլեկտարէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները: Եթե էլեկտարէներգիայի, բնական գազի սպառման ծավալների որոշակի սահմանափակում կա, ապա ոռոգման ջրի դեպքում, անկախ օգտագործված ծավալից, 50 տոկոսի չափով կփոխհատուցի պետությունը: Օրենսդրական նախագծով առաջարկվում է ևս երեք տարի սահմանապահ համայնքներում ապրող բնակիչներին ամբողջությամբ ազատել հողի հարկից, գույքահարկից: Առաջարկվում է նաև օրենքի ուժով ամրագրել այն, որ Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով վնասված բնակելի տները պետությունն ամբողջությամբ կվերականգի:

Հաջորդ փոփոխության համաձայն, եթե հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների ընթացքում բնակիչներից որևէ մեկը վիրավորվի, ինչի հետևանքով ձեռք բերի հաշմանդամության կարգ, ապա նրա բուժօգնությունը ոչ միայն կլինի անվճար, այլև, կախված հաշմանդամության կարգից, բնակիչը պետության կողմից կստանա 1-3 մլն դրամ գումար: Եթե գրանցվի զոհ, ապա պետությունը միանվագ կտրամադրի 5 մլն դրամ: Սոցիալական աջակցության 36 բնակավայրերը հանրապետության 4 մարզում են՝ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի: Բնակավայրերի զգալի մասը՝ 80 տոկոսը Տավուշում է: