կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-25 10:16
Առանց Կատեգորիա

Դատական համակարգում անհանգիստ են. սկսել են բարեկամներ փնտրել իշխանությունների ներսում. «Ժողովուրդ»

Դատական համակարգում անհանգիստ են. սկսել են բարեկամներ փնտրել իշխանությունների ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատական համակարգում մտահոգված են ՀՀ գերագույն դատարան ստեղծելու նախնական որոշման մասով: Ինչպես հայտնի է, դեռեւս օգոստոսի 22-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հավանություն էր տվել Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների միավորման հարցին, ինչպես նաեւ նոր փոփոխությամբ ՀՀ յուրաքանչյուր դատարան լիազորված կլինի իր վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել, այսինքն, պատկերավոր ասած, վերահսկել ինքն իրեն։ Ու այս որոշումներին հանձնաժողովի 15 անդամներից 8-ը կողմ էր եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատական համակարգում ներքին քննարկումներ են ծավալվել, որոնց ժամանակ առաջին ատյանի դատավորները կողմ են արտահայտվել Գերագույն դատարան ստեղծելու որոշմանը, եւ հատկապես նրանց դուր է եկել այն, որ իրենք կկարողանան իրենց վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել։

Սակայն, դրան զուգահեռ, այս որոշմանը դեմ են Վճռաբեկ դատարանի անդամները: Բանն այն է, որ եթե հանրային քննարկման արդյունքում հավանության արժանանա սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ապա 2021 թվականին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, իսկ արդեն 2022 թվականից կսկսի գործել նոր դատական մոդելը: Եվ հենց այս ժամկետներն են քննադատության պատճառ դարձել, քանի որ Գերագույն դատարանի կազմավորման պարագայում այն գործելու է նոր կազմով, դատավոր դառնալու համար նոր պահանջներով, եւ արդեն ակնհայտ է, որ այժմյան ՍԴ անդամները կամ Վճռաբեկ դատարանի դատավորներից շատերը նոր մարմնում չեն լինի, ինչն արդեն դժգոհությունների պատճառ է հանդիսացել:

Վերջիններս հատկապես մտահոգված են, որ այդ դեպքում իրենք պետք է վեթինգի ենթարկվեն: Եվ ուշագրավ է նաեւ, որ դատավորները սկսել են բարեկամներ փնտրել իշխանությունների ներսում, որպեսզի կարողանան ապահովագրել իրենց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում․