կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-30 22:23
Քաղաքական

Քաղաքացիական պատերազմ սկսելու սպառնալիքից Փաշինյանը չի՛ խորշում. կգնա կամ բռնության, կամ արտահերթ ընտրությունների. Բագրատ Եսայան

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը փաստեց, որ լուրջ, հավասարակշռված և հստակ ուղղվածություն և կառուցվածք ունեցող խոսքի մեր հասարակությունը կարոտել էր, որովհետև այս 2.5 տարվա ընթացքում լսած հիստերիկ բղավոցներն անասելի հոգնեցրել էին այդ նույն հասարակությանը։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Բագրատ Եսայանը։

«Ե՛վ Արցախի, և՛ արտաքին քաղաքականության վերաբերյալ տրված գնահատականները հստակ  էին, և ոչ թե՝ այդ պահին նախագահի մտքին եկածը։ Դրանք տարիների ընթացքում ձևավորված մոտեցումների արտահայտումն էին, դրա համար էլ հիմնավոր էին՝ ի տարբերություն  օրեր առաջ վարչապետ Փաշինյանի՝  ռուսական  լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի, որտեղ իրար հակադրվող պատասխաններ էին հնչում. օրինակ՝ մի դեպքում վարչապետը հպարտանում է, որ ինքն առաջին անգամ ասել է, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, երկու րոպե անց ասում է, որ պարզվեց, որ Ադրբեջանի ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը միայն պատերազմի միջոցով է պատրաստ հարցը լուծել, հետևաբար, եթե վարչապետի համար ակնհայտ է երկրորդը, այդ դեպքում ինչո՞ւ  ես հրճվանքով ներկայացնում այն միտքը, որը քմծիծաղի տեղիք է տվել»,- ասաց Եսայանը։ 

Ըստ  նրա՝ Նիկոլ Փաշինյանը  շատ լավ սերտել է Հիտլերի՝ «Ֆանատիկ ամբոխն ամենահեշտ կառավարելին է»-ն, և հիմա փորձում է այդ ֆանատիզմը վառ պահելով՝ պահել իր իշխանությունը, իսկ ֆանատիզմը կարողանում է վառ պահել միայն հասարակության լյումպենացված հատվածի վրա, դրա պատճառն այն է, որ մեր հասարակությունը չունի  քաղաքագիտական ամենատարրական գիտելիքներ։

«Անկախացումից հետո առաջին երեք նախագահներն իրենց առաջ խնդիր չդրեցին ժողովրդին քաղաքագիտական ամենատարրական նորմերը սովորեցնելու, որովհետև իշխանության հասնելուց հետո նրանք այլևս գրագետ հատվածի կարիքը չունեին, իսկ 2018 թվականին Փաշինյանը հասավ նրան, որ «ժողովուրդն է ընտրում իր իշխանությունը» ֆրազը իրականություն դարձրեց, սակայն իր իշխանությունը շարունակում է պահել լյումպենացված հատվածի վրա խաղալով, որոնց միջոցով էլ ատելության մթնոլորտ է գեներացվում, երկրում շարունակվում  է այս հիստերիկ վիճակը, ատելությունը եռում է երկրում, և դա արվում է առաջին ղեկավարի մակարդակով։ Հանրապետության քաղաքական ղեկավարությունը և վարչապետը մանիպուլյացնում են այս խավի զգացումները և լարում են նրան ցանկացած քաղաքական պրոցեսի դեմ՝ ասելով, որ դրանք ուղղված են լինելու առաջինը ձեր դեմ։ Օրինակ՝ Փաշինյանի ամենախայտառակ սպառնալիքներից մեկին անդրադառնանք. երբ եռյակը՝ հայտնի ընդդիմադիրներից կազմված, ասաց, որ չի բացառում, որ լինեն միտինգներ, Փաշինյանն ասաց՝ բա որ մենք անենք. Այսինքն՝ նա չի խորշում քաղաքացիական պատերազմ սկսելու սպառնալիքից։ Ավելին՝ նա գնաց նաև մյուս քայլին, ասաց՝ դե փորձեք սոցիալական բունտ անել, տեսեք, թե դա ում դեմ կուղղվի»,- ասաց Եսայանը՝ շեշտելով, որ նման հռետորաբանությունը վկայում է Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի մասին։

«Ցանկացած  հիստերիկ խոսք արտահայտում է Փաշինյանի վախերը։ Նրա վախերն են պատճառը, որ փորձում է սպառնալիքների հռետոաբանությամբ այդ վախերը հաղթահարել՝ ասելով, որ ես այն տղան եմ, որ եկել եմ այստեղ ու կարող եմ նման բաներ անել. սա գավառամտության ամենածայրահեղ դրսևորում է»,- ասաց Եսայանը՝ վախերի դրսևորում համարելով նաև հավաքների անցկացման արգելքը՝ շեշտով, որ իշխանությունը կգնա զանգվածային հավաքները որոշակիորեն թույլ տալու քայլին միայն այն ժամանակ, երբ վերջնականապես կամրապնդի իր իշխանությունը։

Ըստ Բագրատ Եսայանի՝ երկրում, սակայն, օր օրի ավելացող դժգոհության ալիքն ու սոցիալական խնդիրների ավելացումը հանգեցնում է նրան, որ Փաշինյանն իր ազդեցությունն ամուր է կարողանում պահել միայն կույրերի վրա։

«Հունական ասացվածքն  ասում է, որ կույրերի թագավորությունում միաչքանին թագավոր է, Նիկոլը, լինելով միաչքանի, նախընտրում է, որ ժողովուրդը մնա կույր, որ ինքը թագավոր ընկալվի նրանց  համար, իսկ մնացած բոլորը, ովքեր կդժգոհեն, Նիկոլի կողմից բանադրվելու են՝ որպես  հակահեղափոխականներ։ Նիկոլը կա՛մ գնալու է բռնությունների, կա՛մ արտահերթ ընտրությունների»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում