կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 11:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց բանակը վերահաստատեց տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը․ Փաշինյան

ՀՀ զինված ուժերը ոչ միայն ետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրան պատճառեցին զգալի կորուստներ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին՝ խոսելով Տավուշի մեր սահմանպահ դիրքերի ուղղությամբ հուլիսի 12-ից Ադրբեջանի հարձակման մասին։

Նա նշեց, որ ադրբեջանական կողմը կրել է էական վնասներ՝ այդ թվում սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է։

Փաշինայնի համոզմամբ, շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը։

«Սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն իրավիճակ է ստեղծվել, ինչը այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար»,-ասաց նա։

Այս ամենի ֆոնին ՀՀ վարչապետն արձանագրեց․

ա․ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա և այն դիրքերը, որոնք դարձել են վերջին երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետ, գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները իր դեմ ագրեսիայի վերաբերյալ պարզապես անհեթեթ են։

բ․ Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մեջ և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ։

գ․ Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռական կերպով ետ մղվեցին և հայկական կողմը առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանգծում։

դ․ Ադրբեջանի այն միֆը, թե իր բանակը կարող է հաղթել հայկական բանակին և, հետևաբար, Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին։

«Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք՝ չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և ուժի սպառնալիքներով և հիմա կարող ենք ասել՝ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ուժերի իրական հարաբերակցություն ասելով նա նկատի չունի միայն սպառազինությունների և զինված ուժերի քանակը, այլ, նախ և առաջ, նրանց գործողությունների որակը, կառավարման մակարդակը։

Փաշինյանը արձանագրեց, որ հիմա կարող ենք վստահ ասել՝ Հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեց բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեց։

«Մեր բանակի ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր»,-ասաց նա։

Փաշինյանը համոզված է, որ  Հայաստանի հասարակությունը ցույց տվեց միահամուռ աջակցություն իր լեգիտիմ կառավարությանը և զինված ուժերին։

«Կցանկանայի հատուկ ընդգծել Սփյուռքի մեր հայրենակիցների միասնությունը, Հայաստանին իրենց օգնելու նվիրումը, խոհեմությունը և սթափությունը։ Սփյուռքի մեր հայրենակիցները այս օրերին ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ մենք մեկ ամբողջություն ենք, մեկ ընտանիք, մեկ ոգի և մեկ ինքնություն»,-ասաց նա։

ՀՀ վարչապետի խոսքով՝ միջազգային հանրության առջև մենք հավատարիմ մնացինք կրակի դադարեցման պայմանավորվածություններին։

Ատոմակայնի հրթիռակոծման սպառնալիքը, ըստ նրա, պետք է դառնա միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում Ադրբեջանի՝ ահաբեկչական պետոթյուն լինելը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և նրանց երկրները․ «Այս տեսակետից հատկապես արդյունավետ էր Ռուսաստանի Դաշնության ներգարվումը»։

Միակ երկիրը, ըստ Փաշինյանի, որ փորձում էր առավել մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր։

«Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունը իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քաղաքականությունը, որն արտահայտվում է Հայոց ցեղասպանության արդարացմամբ, Թուրքայի այս գործելակերպը, մեծ հաշվով, անակնկալ չէր։ Բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու՝ միջազգային ֆորմատներում ներգրավվածության ծավալների իմաստով»,-ասաց ՀՀ վարչապետը։

Այս ամենից հետևությունն այն է, որ պետք է ամրապնդել Հայաստանի և Արցախի անվտանգությունը

Այս տեսանկյունից վարչապետը կարևորեց  Արցախի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության սերտ համագործակցությունը։

«Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ։

Ադրբեջանը պետք է հրապարակային հրաժարվի ուժի կիրառումից և քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը նվազեցնելու ուղղությամբ։

Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումներից»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի կիրառումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է, որ ՀՀ ԶՈՒ և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա կորպորացիաներն իրենց մասնագետներով։

Նա ընդգծեց, որ հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս։

«Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը կարձանագրի, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը․ մոնիթորինգը կարող է իրականացնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը»,-ասաց Փաշինյանը։

Նա խոսքով՝ զինվորականների միջև տեղում ուղիղ կապի ապահովումը արդյունավետ գործիք է միջադեպերը կանխելու ուղղությամբ։

ՀՀ վարչապետը արձանագրեց, որ հակամարտությունը կարգավորելու համար Հայաստանը աշխատել և աշխատելու է ԵԱՀԿ ՄԽ հետ, մերժել և մերժելու է տարածաշրջանը ապակայունացնելու՝ Թուրքիայի փորձերը։

Մանրամասն՝ տեսանյութում․