կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-25 16:53
Քաղաքական

ՀՅԴ-ն Արցախում վերահաստատեց իր հանձնառությունը

ՀՅԴ-ն Արցախում վերահաստատեց իր հանձնառությունը

Մարտի 22-24-ը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության մարմինների խորհրդաժողովը։

 

Աշխարհի քսան երկրներից, Հայաստանի Հանրապետությունից ու Արցախից մեկտեղված դաշնակցական պատասխանատուների քննարկման հիմնական թեմաներն էին ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը, վերաբնակեցման հիմնահարցը, միջազգային ասպարեզում Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայկական լոբբինգը չեցոքացնելու, Արցախին ի նպաստ աշխատանքներին նոր թափ ու բովանդակություն հաղորդելու խնդիրները, ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում կուսակցության հզորացումը։

 

Անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումներին, Արեւմուտք-Ռուսաստան նոր դիմակայության պայմաններում Հայաստանի ու հայության անելիքներին, սիրիահայության աջակցության աշխատանքներին, մասնավորաբար քննարկվեցին Քեսաբի վերջին իրադարձությունները եւ կուսակցության անելիքները։

 

Խորհրդաժողովը ամփոփեց հիշյալ ուղղություններով մինչեւ այժմ կատարվածը եւ նախանշեց առաջիկա անելիքները։ Հատուկ ընդգծվեց Արցախի տնտեսության արդիականացման, Սփյուռքի ու Հայաստանի մտավոր ներուժով նոր տեխնոլոգիաների ներդրման, անվտանգության բարձրացման անհրաժեշտությունը։ Խորհրդաժողովը վերահաստատեց Դաշնակցության հանձնառությունը՝ հնարավոր բոլոր միջոցներով Արցախին աջակցելու, միջազգային ասպարեզում նրա շահերն ու իրավունքները պաշտպանելու հարցում։ Մտահոգությամբ արձանագրվեց, որ վերջին միջազգային զարգացումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը, Արցախն ու Սփյուռքը բարդ միջազգային մարտահրավերներ են դիմագրավում, որոնց հաղթահարումը համախմբված կամք, վճռականություն եւ ամենօրյա աշխատանք է պահանջում, այլապես կարող է վտանգվել մեր ազգային-պետական նպատակների իրականացումը։

 

Շեշտվեց, որ մենք պարտավոր ենք հենվել միմիայն հայության հավաքական ներուժի վրա եւ համախմբված գործողություններով չեզոքացնել առկա սպառնալիքները։ Դաշնակցության համար շարունակում է գերխնդիր մնալ Արցախյան հաղթանակի վերջնական ամրագրումը, Արցախի բնակչության բարեկեցությունը, խաղաղ, կայուն զարգացումն ու նրա իրավունքների պաշտպանությունը։

 

Խորհրդաժողովի ավարտին մասնակիցներին ընդունեց ԼՂ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

 

ՀՅԴ մամլո դիվան

24 մարտ 2014թ.