Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր քննարկում էր կազմակերպվել հեռուստատեսության և թվային հարթակների միջոցով գովազդի տարածման ոլորտում իրականացվող ուսումնասիրության վերաբերյալ, որը վարել է ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը: Քննարկմանը մասնակցել են մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:
Հիշեցնենք, որ հեռուստատեսության և թվային հարթակների միջոցով գովազդի տարածման ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակում հանձնաժողովը հարցումներ էր ուղարկել լրատվամիջոցներին, կայքերին և գովազդային գործակալություններին: Այդ առնչությամբ հանձնաժողովը հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ էր հանդես եկել: ԶԼՄ-ների ներկայացուցիչները պատրաստակամություն էին հայտնել մասնակցել հանդիպմանը գրավոր հարցում ուղարկելու և հանձնաժողովի կողմից պատասխան ստանալու պարագայում, ինչը նույնպես ապահովվել է:
ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրել է ուսումնասիրության հիմնական նպատակը: Նա պարզաբանել է, որ ուսումնասիրությունը լրատվամիջոցների դեմ ուղղորդված չէ, նրանց գործունեությանը կամ ֆինանսական աղբյուրների բացահայտմանը չի վերաբերում, և այս ուղղությամբ բոլոր շահարկումներն անտեղի են:
«Հանձնաժողովի միակ նպատակն է բացահայտել գովազդի շուկայի կառուցվածքը, կենտրոնացվածության աստիճանը, հնարավոր իրավական խնդիրները, մուտքի խոչընդոտները, գերիշխող դիրք ունեցող ընկերությունների առկայությունը կամ բացակայությունը»,- պարզաբանել է Հայկ Կարապետյանը:
Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովն ամեն տարի առնվազն 5 ապրանքային շուկաներում ուսումնասիրություն է իրականացնում, իսկ գովազդի շուկայի ընտրության համար հիմք են հանդիսացել տարբեր տարիներին հնարավոր հակամրցակցային գործողությունների վերաբերյալ հանձնաժողով ներկայացված բողոքները:
Ուսումնասիրության շրջանակում հարցումներ են ուղարկվել Երևանում և հանրապետական սփռում ունեցող բոլոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին, ինչպես նաև www.similarweb.com և www.alexa.com հարթակների հրապարակային ինֆորմացիայի համադրության արդյունքում ընտրված 2020 թվականի մարտ ամսվա դրությամբ առավել բարձր վարկանիշ ունեցող (ըստ այցելությունների) և կայքէջերում գովազդ տեղադրող առաջին 10 ընկերությունների համեմատության և համադրության արդյունքում առանձնացված 13 տնտեսվարող սուբյեկտների: Հայկ Կարապետյանի խոսքով՝ կայքերին դիմելու միջոցով հանձնաժողովը բացահայտել է գովազդային գործակալներին, որոնց երկրորդ փուլով հարցումներ են ուղարկվել: Այդ տեղեկատվության ամփոփման արդյունքում հանձնաժողովը կընդլայնի էլեկտրոնային հարթակների ցանկը` ընդգրկելով առավել մեծ իրացման ծավալներ ունեցող տնտեսվարողներին: Հանձնաժողովի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ երրորդ փուլով դիմելու են գովազդ պատվիրող ընկերություններին՝ շուկայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով:
Հայկ Կարապետյանը նշել է նաև, որ պատրաստակամ են լսել բոլոր մտահոգությունները և շուկային վերաբերող այլ խնդիրների առկայության դեպքում դրանք նույնպես քննարկման առարկա դարձնել ուսումնասիրության շրջանակում:
ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրացրել են մի շարք հարցադրումներ և մտահոգություններ, որոնց շրջանակում մանրակրկիտ քննարկում է ծավալվել: