կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-21 17:24
Աշխարհ

Իսրայելցի ֆերմերները դատական հայց են ներկայացրել «Երկաթե գմբեթ»-ի դեմ

Իսրայելցի ֆերմերները դատական հայց են ներկայացրել «Երկաթե գմբեթ»-ի դեմ

Իսրայելի հարավում գտնվող բնակավայրերից մեկի ֆերմերները ենթարկվել են Iron Dome («Երկաթե գմբեթ») հակահրիթային պաշտպանության  համակարգի ուժեղ ճառագայթմանը: Այդ մասին այսօր` հուլիսի 21-ին, հայտնի է դարձել դատական հայցից, որը իսրայելցի ֆերմերները ներկայացրել են Իսրայելի պաշտպանության նախարարության դեմ: Նրանք պահանջում են 4,5 մլն շեկելի (1,3 դոլարի) փոխհատուցում. ըստ Yerkir.am-ի` հայտնում է իսրայելական Ynet կայքը:

Ֆերմերները պնդում են, որ 2012 թվականին իրենց պատկանող հողատարածքներում տեղադրվել են «Երկաթե գմբեթ»-ի մարտկոցներ, որոնք երկրի հարավի բնակավայրերը պաշտպանում են պաղեստինյան Գազայի հատվածից արձակվող հրթիռներից: Նրանց արգելվել է մշակել այդ հողատարածքները, նաև` մերձակա տարածքը:

«Բանակային բազայի տեղակայման համար առանձնացվել է մեկ հեկտար տարածք: Իսրայելի պաշտպանության բանակը ինժեներական աշխատանքներ է իրականացրել տեղանքում և ապամոնտաժել ոռոգման համակարգերը: Չնայած փոխհատուցում հատկացնելու խոստումներին` վնասի որևէ փոխհատուցում չի եղել»,- ասվում է դատական հայցում:

Ֆերմերները շարունակել են աշխատանքը ռազմական օբյեկտին մոտ գտնվող դաշտերում, և միայն 2017-ի սեպտեմբերին` մարտկոցների տեղադրումից համարյա վեց տարի անց, Իսրայելի ՊՆ-ն զգուշացրել է տեղի իշխանություններին մարդկանց առողջության վրա այդ ռազմական օբյեկտի վնասակարության մասին: Դատական հայցում նշվում է, որ ֆերմերներին ասվել է, որ արգելվում է մոտենալ պաշտպանական համալիրի բաղադրամասերին, քանի որ դրանք հզոր ճառագայթում են:

Երկրի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել դատական հայցում նշված բողոքներին, ընդամենը նշել է, որ դատական հայցի ներկայացումից հետո դատարան կուղարկի համապատասխան բացատրությունը: