Արմենակի պատմությունը
1906 թ., գյուղ Խնզրի
Արմենակի պատմությունը
1906 թ., գյուղ Խնզրի
Սասունիտ Արիստակեսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել լուսանկարիչ Արմենակի պատմությունը: Նա պատմել է, թե ինչպես է մի քանի երեխայի հետ օրեր շարունակ մնացել Դեր Զորի անաատի կիզիչ արևի տակ և, հաղթահարելով անհամար դժվարություններ, ողջ մնացել:
Նկարը՝ Տրապիզոնի որբանոցի սաները, 1918-1922
«Հունաստան, 1926 թիվ։ Լուսանկարիչ Արմենակի պատմածը գրի է առել Ջիվան Արիստակեսյանը:
Արմենակը լուսանկարիչ էր և ամեն օր իր գործիքը դնում էր մեր եկեղեցու կողքին գտնվող փոքր պուրակի վերին անկյունի մոտ՝ միևնույն նստարանի կողքին: Ընդմիջմանը գնում էի նրա մոտ։ Մի անգամ, երբ ես ննջել էի նստարանին, լուսանկարել էր։ Ափսոս, հիմա այդ լուսանկարը չեմ գտնում: Մի օր ես նրան պատմեցի իմ պատմությունը։ Ինքն էլ սկսեց իրենը պատմել։
«Գիշերը,- սկսեց Արմենակը,- Դեր-Զորի ավազուտներում բորենիներն են շրջում, ցերեկը՝ կեզ զենիթ է ու ագռավ, ցին, հողմ ու ավազ: Մենք երեխաների մի խմբով թաղված էինք կիտված ավազների տակ: Առավոտ արշալույսին, իրար քաշում-հանում էինք ավազների տակից։ Ով մահացել էր, այդպես էլ մնում էր: Մենք գիտեինք, որ հայ ժողովրդին թուրքերն արմատապես բնաջնջում էին, բայց մենք արդեն արաբական անապատներում էինք: Եվ ուզում էինք ձայն տալ, գոռալ, ճանապարհ գտնել, և վախենում էինք։
– Հե՜յ, ո՞վ կա, ո՞վ կա…
Եվ կանչում ենք, և վախենում։ Բայց երևի ավելի շատ վնգստում էինք։
– Սո՜ւս, կլսեն, ասում էին ընկերներս։
– Ովքե՞ր։
– Թուրքերը։
– Բա ի՞նչ անենք, բա հայերը ո՞նց լսեն, բա մեր ժողովուրդը, մեր ծնողները… հե՜յ, ո՞վ կա, լսեք մեզ, մենք չենք մահացել, կենդանի ենք…
Մեկ էլ ձիավորների ձայն առանք։ Ո՞վ են, թո՞ւրք, արա՞բ, թե՝ քուրդ… Ուշադիր լսում էինք։ Հեռվից լսվում էին թուրքերի կանչերը. «Ոչ ոք կենդանի չի մնա, դուք գյավուրներ եք, «դինսզ էրմանի շեյթաններ»…
Մենք նորից արագ-արագ թաղվում էինք ավազների տակ։ Մութն ընկնում էր թե չէ, քուրջ–մուրջ էինք հավաքում, ավազը փոսեցնում, մեզ համար տեղ էինք սարքում: Մնացել էինք հինգ երեխա, իրար անծանոթ, իրարից մեծ ու փոքր: Սովահար թափառում էինք դիակների մեջ: Ո՞ւր գնաինք, մարդիկ որտե՞ղ էին ապրում, չգիտեինք…
Երեխեքից մեկը ձայն տվեց. «Հրե՜ն, ուղտեր են գնում… ուրեմն մարդ կա այնտեղ»։
-Չէ,- ձայն տվեց մյուսը,- մարդ չեն, թուրք են։
-Չէ, մարդ են, արաբ են։
Թաքուն հետևեցինք նրանց: Նրանք նստեցին հացի ինչ-որ խորը ջրհորի մոտ: Համ ծարավ էինք, համ էլ սոված։
– Տղաներ,- ասի,- դուք հոս թաքնվեք, ես կերթամ, կմոտենամ, ինչ կըլլա՝ թող ըլլա…
Ես գնացի։ Սոված շան նման սողում եմ դեպի անոնք: Ինձ տեսան: Մեկը վեր կացավ ու հրացանը դեպի ինձ պարզելով կրակեց։
«Գյավուր էրմենի լակոտ է, դեռ չի սատկել»։
Մյուսը թե՝ «Էֆենդի, թող մնա, ինչու սատկի, մեղք է, ես երթամ կբռնեմ բերեմ… Մեզ տղա կըլլա, կբանի մեզ համար»։
Ես ոտքերումս ինչքան ուժ ունեի զոռ տվի ու փախա, ծածկվեցի ամայի ավազուտի ալիքներում։ Վազեցի տղաների կողմը.
- Մեկ է, տղաք, ասոնց ետևից պիտի երթանք, հոս մնալով կմեռնինք։ Հասանք նրանց հաց կերած վայրը, մնացորդների փշրանքները լպստեցինք: Նոր ջուր չկարողացանք հանել, եղածից օգտվեցինք: Իրար ետևից, նրանց ճանապարհով շարժվեցինք: Պզտիկ Անուշիկը չէր կարողանում քայլել, լաց էր լինում.
– Մի երթաք, Արմենակ, մինակ ես ի՞նչ պիտի ըլլամ, ինձ էլ տարեք…
Ես վազեցի բռնեցի նրա թաթոն։ Ընկնում էր, չէր կարողանում քայլել… Սովահար էր, ծարավ, հոգնած… Վրան ոչինչ չուներ: Մենք էինք մի չիթ կապել: Անուշ, Անուշ… Ի՞նչ անեի…
– Վեր ել Անուշ ջան, վեր երթանք ուղտերի ետևեն: Հոս ավազ է, հոս մնալով կմեռնենք:
– Անուշը թող մնա հոս, մենք երթանք, բնակավայր գտնենք, ու գանք իր ետևեն։
Այս միտքն ասողի անունը մոռացել եմ: Անուշը լսեց և ուշաթափ եղավ: Մենք ուշքի բերինք, մի երկու քուրջ գցեցինք վրան, ծածկեցինք: Կիսաուշ էր, չիմացավ, որ իրեն թողինք, գնացինք: Ուղտապանները գիշերն անապատից դուրս եկան: Մենք ուրիշ քոչվորներ էլ տեսանք, բայց վախեցանք մոտենալ: Ճարեցինք նրանց կերակրի մնացորդները։ Լակափոսերի մեջ ջրանման հեղուկ էր մնացել, խմեցինք, անգամ խոնավությունն էլ լիզեցինք: Հիմա էլ սկսանք ասոնց հետևել»:
– Բա Անուշիկն ի՞նչ եղավ,- հարցրի ես անհամբերությամբ։
Նա նայեց ինձ ծանրացած հայացքով ու շարունակեց կիսատ թողած պատմությունը.
«Երկու ընկերով վազեցինք հետ։ Մյուսները չեկան։ Բայց ճամփին հողմը բռնեց։ Մենք մտանք ամրակոճղ խոտերի տակ, ծածկվեցինք ու քնեցինք: Առավոտ ման եկանք… Անո՜ւշ, Անո՜ւշ, Անուշի՜կ… Հա ձայն էինք տալիս, բայցի պատասխան միայն գայլ ու բորենին են ոռնում իրենց հագեցած երախների ժանիքները լիզելով… Ա՜խ Անո՜ւշ, Անո՜ւշ… Մինչև հիմա էլ երազումս նրան եմ կանչում… Իսկ դու կմղկտաս, թե աշխատավարձ ես կորցրել… Մտքես հանե, թող նման բաները կորչին… Անուշը հրեշտակ էր, Անուշի հոգին հանգիստ է, ինձի հանգիստ չկա։ Հետ գալիս ընկերս էլ մեռավ, մնաց Անուշիկի հետ՝ անապատում։ Ես հետ եկա, միացա մերոնց։ Ընթրում էինք քաղաքի աղբակույտերում, որ մարդիկ մեզ չնկատեն…
Հենց որ երեկոն իջնում էր, մենք սողում էինք դուրս և արշավում աղբերի վրա: Ամենից հարմարը «կլեբներն» ու ոսկորները էին։ Այստեղ էլ անտեր, թափառական շներն էին մեր բաժինները խլում։ Մեզ համար գույնզգույն շորեր ճարեցինք, կարկատեցինք հագանք: Մենք անապատային նոր տեսակի կենդանիներ էինք: Առավոտ վաղ, կուշտ կերած փախչում մտնում էինք մեր անապատային որջերի մեջ, նույնիսկ երգեր էինք մռմռում: Բորենիները մեզ չէին կարող մոտենալ, կխեղդեինք դրանց, արդեն ահ ու սարսափ չունեինք, միայն մարդուց էինք վախենում: Մի օր էլ մեզնից մեկը բռնվեց։ Ուզում էր մտնել մոտիկ տանից ջուր փախցնել: Չէ, չթակեցին…
Հարցրել էին, թե ովքեր եք։ Ասել է՝ հայ ենք։ Նրանք էլ, թե թուրք չկա, եկեք, ձեզ հավաքում են… Նա եկավ պոռաց, թե՝ «տղաք, ալ մեզ բան չեն ընելու, եկեք, թուրքը չքվել է, հայն է հոս, կենդանի հայ կա… Այդ ժամանակ մենք ուշադիր չէինք մեր խմբի սեռային կազմի հանդեպ, երբ գրանցման հասանք, նոր իմացանք, որ մեր ութ հոգուց երեքը՝ աղջիկ են եղել»:
Երբ պատմեցի Արմենակի պատմությունը, Հակոբի աչքերին թացության հետք կար։ Նայեց ինձ ու ասաց. «Քուկդ էլ, օր մը կպատմես»։ Խոստացա, բայց ոչ ես հասցրի պատմել, ոչ ինքը…»