Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արմավիրի Եղեգնուտ գյուղի մոտ 200 բնակիչ բահերով դուրս են եկել փողոց և բողոքում են նախկին համայնքապետի՝ պաշտոնին վերադարձի դեմ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Եղեգնուտի ավագանու անդամ Հովհաննես Հակոբյանը տեղեկացրեց, որ գյուղում վիճակը լարված է, քանի որ վերաքննիչ դատարանի որոշումով համայնքի ղեկավարի պաշտոնում պետք է վերականգնվի նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը, իսկ այսօրվա ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը պետք է հեռանա: Բնակիչների մեծ մասը, նրա խոսքով, չի ցանկանում նախկինի վերադարձը և մոտ 600 ստորագրություն են հավաքել նախկին համայնքապետի վերադարձի դեմ։
«Մեր համայնքը մարզի ամենամեծ բյուջե ունեցող համայնքներից է և պարզ է, թե 30 տարի մեր բյուջեն ոնց է փոշիացվել: Ես ընդամենը 8 ամիս է, որ ավագանու անդամ եմ, համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էլ ընդամենը 1 տարի 8 ամիս է այդ պաշտոնում և կարող եմ ներկայացնել, թե ինչ ծրագրեր ենք իրականացրել գյուղում: 193 մլն դրամով մասնակցել ենք սուբվենցիոն ծրագրի գյուղի ասֆալտապատման համար: Եվս 23,5 մլն դրամ ներկայացրել ենք համայնքի լուսավորման համար: Երկու ծրագիրն էլ հավանության է արժանացել կառավարությունում»,-ասաց Հովհաննես Հակոբյանը։
Ավագանու անդամը նաև նշեց, որ նախորդ տարի փոխվել են խմելու ջրի խողովակները, 10 մլն դրամ որոշել են հատկացնել գյուղում մի փողոցի գազաֆիկացմանը․ «Սա ընդամենը 8 ամսվա մեր կատարած աշխատանքն է: Դե պատկերացրեք, թե մինչ այդ որտեղ են փոշիացվել այդ գումարները»:
Հիշեցնենք, որ Եղեգնուտի նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը 2018թ․ իշխանափոխությունից հետո վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները գյուղացիների ճնշման տակ, այնուհետեւ, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար էր նշանակել Ռազմիկ Մկրտչյանը: Ռազմիկ Մարգարյանը դիմել է նախ վարչական, ապա վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի որոշումն ու իրեն վերադարձնել գյուղապետի լիազորությունները։ Դատարանը մոտ 1,5 տարի տևած դատաքննությունից հետո անվավեր ճանաչեց Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը:
Մանրամասն՝ տեսանյութում․