Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Անի համայնքի ղեկավարի և աշխատակիցների կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և փաստաթղթեր կեղծելու դեպքի մի շարք հանգամանքներ: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Yerkir.am-ին հայտնեցին, որ նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անի համայնքի ղեկավարը, իրավասու լինելով իր լիազորություններն իրականացնել աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, ընդունել որոշումներ, արձակել կարգադրություններ, կազմել արձանագրություններ, լիազորված լինելով տնօրինել համայնքի բյուջեի միջոցները` ապահովելով դրանց նպատակային օգտագործումը, ստորագրել ֆինանսական փաստաթղթեր, պաշտոնեական դիրքն օգտագործելով, աշխատակազմի քարտուղարի և ծառայողական մեքենայի վարորդի օժանդակությամբ, հափշտակել է իրեն վստահված համայնքի խոշոր չափերի գույքը, կատարել պաշտոնեական կեղծիք:
Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ Մարալիկ քաղաքի՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող բնակիչն աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես կարգադրիչ, նրան աշխատանքի է ընդունել` որպես ծառայողական ավտոմեքենայի վարորդ:
Այնուհետև, տեղյակ լինելով, որ որպես վարորդ ձևակերպված անձը Դատական դեպարտամենտում աշխատած օրերին համայնքապետարանում աշխատանքի չի հաճախել, համայնքի ղեկավարը կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ ստորագրությամբ և համայնքապետարանի կնիքով հաստատել է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի կողմից կազմված և վարորդի կողմից բոլոր աշխատանքային օրերին աշխատանքի հաճախած լինելու մասին կեղծ տվյալներ պարունակող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը:
Արդյունքում՝ վատնելու եղանակով հափշտակվել է չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձ ավել հաշվարկված և փաստացի վճարված խոշոր չափերի` ընդհանուր 648.724 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, աշխատակազմի քարտուղարին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարորդին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: