Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Բաղրամյան համայնքի ղեկավարի կողմից առերեւույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեի լրատվության ծառայությունից Yerkir.am-ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը, 2016թ. աշնանից զբաղեցնելով նշված պաշտոնը, իր պաշտոնավարման ընթացքում առերեւույթ թույլ է տվել չարաշահումներ. իր քրոջ ամուսնու` Մյասնիկյան համայնքի նախկին ղեկավարի օժանդակությամբ, շահադիտական եւ խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, էական վնաս է պատճառել Բաղրամյան համայնքի, Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնող ՍՊ ընկերության իրավունքներին եւ օրինական շահերին: Արդյունքում՝ օտարերկրյա ներդրումների համար Հայաստանի Հանրապետությունում ստեղծված բարենպաստ միջավայրի վրա բացասական ազդեցություն թողնելով՝ էական վնաս է պատճառել նաեւ պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Քննության տվյալներով՝ համայնքի ղեկավարը, ի պաշտոնե հստակ տեղեկացված լինելով, որ նշված ՍՊ ընկերությունը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը Բաղրամյան եւ հարակից համայնքներում եւ ձեռք բերել հողատարածքներ, ընկերության տնօրենին եւ ներկայացուցիչներին տրամադրել է խեղաթյուրված տեղեկատվություն՝ համայնքում գտնվող հողատարածքների նկատմամբ գրանցված իրավունքի տեսակի, պատկանելության վերաբերյալ՝ նպատակ ունենալով համայնքի հաշվեկշռում գտնվող հողատարածքները միջնորդավորված եղանակով, հետեւաբար նաեւ՝ ավելի բարձր արժեքով վերավաճառել ընկերությանը։
Մասնավորապես` 2018 թվականի օգոստոսի վերջին, համայնքի ղեկավարը, քաջատեղյակ լինելով որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ՍՊ ընկերության փոխտնօրենին հայտնել է, որ համայնքի սեփականություն հանդիսացող, վաճառքի ենթակա հողատարածք առկա չէ՝ նպատակ ունենալով թույլ չտալ, որպեսզի հիշյալ ընկերությունը մասնակցի համայնքին պատկանող հողերի աճուրդով վաճառքի գործընթացին։
Օրեր անց, սակայն, համայնքի ղեկավարը հիշյալ ՍՊ ընկերության փոխտնօրենին տեղեկացրել է, որ համայնքի բնակիչներից մեկը վաճառում է իրեն սեփականության իրավունքով պատկանող հողը՝ նրան ուղղորդելով կապ հաստատել գնման առարկա հանդիսացող հողատարածքի հետ փաստական եւ իրավական որեւէ առնչություն չունեցող իր քրոջ ամուսնու հետ, որը ներկայացել է իբրեւ նշված հողատարածքի սեփականատիրոջ կողմից լիազորված անձ: Վերջինս հողատարածքի ձեռքբերման հարցով պայմանավորվել է ընկերության փոխտնօրենի հետ, բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել՝ 1 հեկտարը 1.100 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ, որպես կանխավճար պահանջել եւ բանկային փոխանցման եղանակով ՍՊ ընկերության կողմից ստացել 4.845.000 ՀՀ դրամ գումար՝ վստահ լինելով, որ հողատարածքի աճուրդը լինելու է ձեւական եւ հաղթող է ճանաչվելու ինքը: 2018թ. Նոյեմբերին ՍՊ ընկերության եւ լիազորված անձ ներկայացած՝ համայնքի ղեկավարի քրոջ ամուսնու միջեւ կնքվել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքի՝71.489.000 ՀՀ դրամով առուվաճառքի նախնական պայմանագիր, որից հետո բանկային փոխանցման եղանակով վերջինս ստացել է պայմանավորված գումարի մի մասը՝ 20.000.000 ՀՀ դրամը:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, միջնորդավորված եղանակով հողատարածքները վաճառելու իր մտադրությունն ի կատար ածելու նպատակով, իր իրավասության սահմաններում, 2018թ սեպտեմբերին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու նիստի ընթացքում առաջարկել եւ ստացել է համայնքի ավագանու համաձայնությունը` համայնքի սեփականություն հանդիսացող վերոհիշյալ 132հա հողն աճուրդով օտարելու վերաբերյալ եւ նույն օրը, համայնքի ղեկավարի որոշմամբ, նշված հողատարածքների վերաբերյալ հայտարարվել է աճուրդ-վաճառք` մեկ հեկտարի մեկնարկային վաճառքի գին սահմանելով 67.500 ՀՀ դրամ:
2018թ. նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում կազմակերպված ձեւական աճուրդում վաճառքի հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի քրոջ ամուսինը, որից օրեր անց նշված հողատարածքը 9.360.352 ՀՀ դրամով վաճառվել է վերջինիս, որը աճուրդով գնված հիշյալ հողատարածքը առքուվաճառքի պայմանագրով, նոտարական վավերացմամբ, վերավաճառել է հիշյալ ՍՊ ընկերությանը` նույն օրը ստանալով նաեւ վաճառքի մնացած 39.508.940 ՀՀ դրամ գումարը՝ այդկերպ համայնքին պատճառելով ընդհանուր64.353.940 ՀՀ դրամի նյութական վնաս:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Բաղրամյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի կողմից մերժվել է:
Նախաքննությունը շարունակվում է: