կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-25 17:47
Իրավական

Վարդենիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Վարդենիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վարդենիս համայնքի ղեկավարի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել. հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վարդենիս համայնքի ղեկավարը, 2018թ. դեկտեմբերի 21-ից իրականացնելով նույն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները, իսկ 2019թ. փետրվարի 25-ից հանդիսանալով համայնքի ղեկավար և պաշտոնատար անձ, ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու, օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև՝ համայնքի վարչական սահմաններում ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու և դրա հետևանքները վերացնելու լիազորություն, 2018թ. դեկտեմբերի վերջերին տեղեկացել է Վարդենիս քաղաքի «Գառնիկ Կարապետյանի» անվան զբոսայգու տարածքում առանց շինարարության թույլտվության՝ ինքնակամ կառուցած սրճարանի խոհանոցի և սրճարան կառուցելու մասին, դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել նշված զբոսայգու տարածքում առանց թույլտվության կառուցված նշված կառույցի հետևանքները վերացնելու, ինչպես նաև՝ ինքնակամ շինության կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Հավելենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում 2019 թվականի փետրվարի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով հաղթել է անկուսակցական, Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: