Փոխարժեքներ
01 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.35 |
EUR | ⚊ | € 412.25 |
RUB | ⚊ | ₽ 4.0389 |
GBP | ⚊ | £ 493.31 |
GEL | ⚊ | ₾ 139.06 |
2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում առաջին եւ մի քանի ժամ հետո նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էլ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրեց, որ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:
ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածը նախատեսում է. «1. Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: 2. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը»:
Նախ և առաջ՝ զարմանալի էր, որ նախագահն օրենքների ընդունումից անմիջապես հետո հայտնեց այն չստորագրելու իր մտադրության մասին։ Նախագահի աշխատակազմն այդ ե՞րբ հասցրեց ուսումնասիրել օրենքները, ե՞րբ տվեց կարծիք՝ հրապարակման ենթակա չլինելու մասին։ Ակնհայտ է, որ նախագահն իր մտադրության մասին հայտարարելով՝ խախտել է ընթացակարգը։
Ավելին, ելնելով Սահմանադրության պահանջից՝ նախագահը կա՛մ ստորագրում է օրենքները, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան։ Այնինչ՝ նախագահը, չստորագրելով օրենքները, միաժամանակ՝ չի հայտարարել ՍԴ դիմելու մասին և ուղղակի ասել է, որ հենց այնպես չի ստորագրելու կամ, ժողովրդական լեզվով ասած, հավես չունի ստորագրելու։
Փաստենք, որ Սահմանադրության նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթը, այն է՝ «Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը», գործում է այն դեպքում, երբ նախագահը 21-օրյա ժամկետում չի ստորագրում օրենքը, և դրա համար կան հստակ պատճառներ, անհաղթահարելի իրողություններ կամ այլ դեպքեր։ Օրինակ, եթե ԱԺ-ն ընդունել է շատ կարևոր մի օրենք, և նախագահը օտարերկրյա այցելության ժամանակ գերեվարվել է ահաբեկչական ուժերի կողմից, կամ, նախագահի մոտ այդ օրերին ախտորոշվում է այնպիսի հիվանդություն, որի դեպքում անհնար է դառնում նրա կողմից որևէ գործողություն կատարելը, ապա նման դեպքերում գործի է դրվում ԱԺ նախագահի կողմից ստորագրելու իրավունքը։ Նման դեպքերի համար կարելի է ցիտել Սահմանադրության 143-րդ հոդվածը («Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինությունը»), որտեղ ասվում է. «Հանրապետության նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Սահմանադրական դատարանը Կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին», ինչպես նաև 144-րդ հոդվածը. «Հանրապետության նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարումը. Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը»:
Եթե ՀՀ նախագահը ողջ և առողջ է, գտնվում է երկրում, գնում է աշխատանքի և հայտարարում է, որ պարզապես մտադրություն չունի ստորագրելու, և այդ չստորագրելու հիմքում բացակայում են ՍԴ դիմելու պատճառաբանությունը կամ վերոհիշյալ անհաղթահարելի խոչընդոտները, ապա դա խոսում է այն մասին, որ նախագահն ուղղակի չի կատարում Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները կամ ոտնահարում է Մայր օրենքը՝ կամայականորեն չկատարելով Մայր օրենքի նշված հոդվածով սահմանված պահանջները:
Նախագահը պարտավոր է ենթարկվել Սահմանադրության պահանջներին, հետևաբար՝ կա՛մ պարտավոր է ստորագրել օրենքները, կա՛մ պարտավոր է դիմել ՍԴ, որից հետո հայտարարել ՍԴ-ի բացասական եզրակացությամբ պայմանավորված իր չստորագրելու մասին, կա՛մ պետք է նախագահի աշխատակազմը ներկայացնի Սահմանադրությամբ ամրագրված այն անհաղթահարելի խոչընդոտները, որոնցից ելնելով՝ նախագահն ի վիճակի չէ ստորագրելու օրենքները։ Ավելին, ՍԴ-ի դրական եզրակացության դեպքում ևս գործելու է նույն սկզբունքը. նախագահը Սահմանադրության պահանջին համապատասխան կա՛մ պարտավոր է ստորագրել օրենքները, կա՛մ աշխատակազմը ներկայացնում է այն նույն անհաղթահարելի խոչընդոտների մասին, ինչի մասին խոսեցինք վերևում:
Եթե բացակայում են վերոհիշյալ իրավական ընթացակարգերը, ապա գործ ունենք նախադեպը չունեցող իրողության հետ, երբ բարձրաստիճան պաշտոնյան, տվյալ պարագայում՝ ՀՀ նախագահը, առաջնորդվում է ոչ թե Սահմանադրության պահանջներով, այլ՝ քմահաճույքով կամ «հավեսի բերումով»։
Վ. Սարգսյան