կարևոր
925 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-28 17:24
Հասարակություն

Սամվել Կարապետյանի հետ կատարվածը ես դիտարկում եմ նաև ՀԷՑ֊ը Թուրքիային փոխանցելու համատեքստում. քաղաքագետ

Սամվել Կարապետյանի հետ կատարվածը ես դիտարկում  եմ նաև ՀԷՑ֊ը Թուրքիային փոխանցելու համատեքստում. քաղաքագետ

«Սամվել Կարապետյանի հետ կատարվածը ես միանշանակ դիտարկում եմ թուրքական համատեքստում»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից ՀԷՑ-ի իբր ազգայնացման մասին հայտարարություններին, և դրա համատեքստում  ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի՝ Թուրքիա այցելությանը և թուրք պաշտոնակցի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ քննարկումներին։

«2022 թվականի նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, հայտարարել էր, որ հայկական համայնքը և սփյուռքը՝ աշխարհի տարբեր երկրներում, խոչընդոտում են այդ գործընթացը։ Նա շեշտել էր, որ անհրաժեշտ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա չեզոքացնել սփյուռքի ազդեցությունը և վերահսկողություն սահմանի դրա նկատմամբ՝ թույլ չտալով, որ այն խանգարի հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը։ Այս համատեքստում, երբ դիտարկում ենք Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործընթացները, ակնհայտ է դառնում, որ փորձ է արվում չեզոքացնել Կարապետյանին՝ դրանով փաստացի իրականացնելով Էրդողանի առաջադրած նախապայմաններից մեկը»,- նշեց Մաթևոսյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող հանրային և քաղաքական ճնշումները կապելով ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացման կամ բաժնետոմսերի վաճառքի մասին հայտարարություններ հետ։

Քաղաքագետի համոզմամբ՝ Սամվել Կարապետյանը Հայաստանում տիրապետում է մի շարք ռազմավարական և տնտեսական նշանակության կառույցների, որոնցից կարևորագույնը Հայաստանի էլեկտրական ցանցերն են։

«Եթե մենք հիշենք Թուրքիայի երկարամյա պահանջը կապված ատոմակայանի փակման հետ, կարող ենք արձանագարել հետևյալը, որ թուրքերը կարող են այս իրավիճակից օգտվելով փորձեն Հայաստանի էներգետիկ համակարգը ողջ փաթեթով իրենց վերահսկողության տակ վերցնեն, որովհետև, եթե չլինի ատոմակայանը, ՀՀ-ն հրաժարվի ռուսական առաջարկից և ատոմակայանի գործունեությունը դադարեցվի, փորձեն վերահսկողություն սահմանել Հայաստանի էլեկտրական ցանցերի նկատմամբ, ապա իհարկե մենք կհայտնվենք մի իրավիճակում, որտեղ նաև էներգետիկ կախվածության մեջ կլինենք Թուրքիայից՝ Նիկոլ Փաշինյանի գործունեության և ջանքերի շնորհիվ»,- ասաց Մաթևոսյանը։

Նա նաև նշեց, որ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումը Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ՝ Ստամբուլում կայացած տրանսպորտային ֆորումի շրջանակում, կարող է դիտարկվել այս ողջ գործընթացի համատեքստում․

«Այդ հանդիպումն ակնհայտորեն կարող է շաղկապված լինել ՀԷՑ-ի բաժնետոմսերի հնարավոր վաճառքի հետ, եթե հաշվի առնենք հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների ընդհանուր տրամաբանությունը»,- եզրափակեց քաղաքագետը։