կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-27 15:45
Հասարակություն

Գյուղատնտեսության նախարարը, առաջիկա ցրտահարության հետ կապված, շտապ խորհրդակցություն է հրավիրել

Գյուղատնտեսության նախարարը, առաջիկա ցրտահարության հետ կապված, շտապ խորհրդակցություն է հրավիրել

Համաձայն ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հաղորդագրության՝ առաջիկա օրերին հանրապետությունում կդիտվի ջերմաստիճանի անկում: Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում և դրա նախալեռներում սպասվում է օդում` մինչև -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -5 աստիճան ցուրտ:

 

Բացասական ջերմաստիճաններ կարող են գրանցվել նաև հետագա օրերի գիշերային ժամերին: Նշված ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում Արարատյան հարթավայրում, Սյունիքի հովիտներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կարող են վնասվել ծիրանենին, սալորենին, դեղձենին, կեռասենին, բալենին և այլ կորիզավոր պտղատեսակներ, խաղողի վաղահաս սորտերի բացված բողբոջները, Տավուշում՝ դեղձենին, որոշ կորիզավորներ, ինչպես նաև հոնենին:

 

Պտղատու այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար գյուղնախարարության մասնագետները խորհուրդ են տալիս դիմել ավանդական միջոցներին՝ այգիների հարակից ճանապարհների վրա, քամու ուղղությամբ, պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի ու այլ այրվող նյութերի կույտեր և գիշերվա ժամերին, երբ ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ զրո աստիճանին, այրել (ծխեցնել) նշված կույտերը` ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով:

 

Սովորաբար ամենացածր ջերմաստիճանները գրանցվում են գիշերվա ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում: Եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել:

 

Ցանկալի է ոռոգել նաև բաց դաշտում սածիլված վաղահաս կաղամբի բույսերը: Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը, սածիլները, ելակի, կարտոֆիլի բույսերը և այլն նույնպես կարող են վնասվել: Ուստի խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում կատարել ջեռուցում, իսկ դրա անհնարինության դեպքում օգտագործել լրացուցիչ ծածկոցներ՝ ապահովելով դրական ջերմաստիճանային ռեժիմ:

 

Գյուղնախարարությունը հորդորում է գյուղացիական բոլոր տնտեսություններին՝ վստահաբար հետևել բազմամյա փորձով ապացուցված մեր խորհուրդներին, որոնք հնարավար կդարձնեն նվազագույնի հասցնել սպասվող վտանգն ու կանխել բերքի կորուստները: