կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-24 22:19
Սփյուռք

Անհատը և պատմությունը

Անհատը և պատմությունը

Յուրաքանչյուր ժողովրդի ազգային արժեհամակարգը մեծ հաշվով ձևավորվում է առնվազն երկու իրողության հաշվառումով՝ իր պատմական անցյալին տրված գնահատականով և ապագային միտված տեսլականով: Իհարկե, երկրորդի մասին պատկերացումները զգալի չափով պայմանավորված են առաջինով, բայց դա չի նշանակում, թե նաև կանխորոշված են առաջինով: Անցյալի և ապագայի հատման կետում օբյեկտիվ իրողություններն են և Մեծ անհատները: Բայց … իրապե՛ս Մեծ անհատները, այլ ոչ թե՝ մեծ աճպարարները: Վերջինների ակտիվությունը որքան բարձր, այնքան ավելի վատ տվյալ ժողովրդի համար: Երկրորդ կարգի օրինակները բազմաթիվ են գրեթե ցանկացած ժողովրդի պատմության մեջ, այդ թվում՝ մեր: Կարծում ենք՝ անհերքելի ճշմարտություն է այն, որ ինչպես իրական Մեծերը, այնպես էլ մեծ աճպարարները ժամանակի և իրավիճակների ծնունդ են: Մեծ խնդիրները լուծում են Մեծ անհատները, իսկ մեծ աճպարարները բարձրանում են առաջինների ստեղծած պատվանդանի վրա և ինչ-որ ժամանակ «մեծ» են խաղում: Բախտավոր է այն ժողովուրդը, որի միջից վճռորոշ պահերին վեր են բարձրանում իրապես Մեծ անհատներ:

Ոչ հազվադեպ մեծության մասին մեր պատկերացումները միակողմանի են, եթե չասենք՝ խեղաթյուրված են:

Օրինակ իրապես մեծ (ոչ միայն տաղանդավոր) քաղաքական, պետական գործիչն իր ժամանակի առաջմղիչ ուժն է, իսկ դա չի կարող լինել այլ կերպ, քան ազգի ներուժի միավորման ճանապարհով: 2018-ի մայիսյան իշխանափոխությունը, որ տեղի ունեցավ ժողովրդային շարժման ալիքի ճնշումով, ոմանց մոտ, թերևս, ազգային ներուժի համախմբման պատրանք առաջացրեց: Իրականում, սակայն, այդ իշխանափոխությունը ունակ չէր այդպիսի առաքելություն իրականացնելու, որովհետև ոչ միայն չուներ անհրաժեշտ գաղափարական և քաղաքական ներուժը, այլև այդպիսի համախմբման ցանկությունը:

«Չէր տեսել պատից կախ, տեսավ ճակտից կախ» ժողովրդական ասացվածքի հանգույն, աննախադեպ հեշտությամբ, գրեթե սկուտեղի վրա, տիրանալով իշխանությանը և, մի կողմից, առաջնորդվելով «բաժանիր, որ տիրես» սկզբունքով (հիշենք «սևեր» և «սպիտակներ» պիտակավորումը), իսկ մյուս կողմից՝ ժողովրդին (իրականում «հպարտ քաղաքացիներին») տալով ոչ իրատեսական խոստումներ (տնտեսական հեղափոխություն, պետական բյուջեից գողացված գումարները մինչև վերջին լուման վերադարձնելու ամպագոռգոռ խոստում և այլն), կարճ ժամանակ անց «հեղափոխության առաջնորդներն» իրենք սկսեցին գործել բացառապես իշխանատենչության մղումով: Պատճառները բազմաթիվ են, բայց, մեր կարծիքով, դրանցից կարևոր են հատկապես հետևյալները.

1) կառավարման փորձի իսպառ բացակայությունը,
2) որոշակի արտաքին ուժերի առջև ստանձնած պարտավորությունները, որոնք համահունչ չեն մեր ազգային օրակարգին և հանդիպում են ազգային ուժերի բնական հակազդեցությանը (օր.՝ բարձրագույն կրթական ծրագրերից հայագիտական առարկաների դուրսմղումը, Գիտությունների ազգային ակադեմիայի անվանարկումը («ակադեմիան մի տեղ է, ուր գնում են մինչև կեսօր սուրճ խմելու»), ոտնձգությունները Հայ առաքելական եկեղեցու դեմ և այլն),
3) իշխանության հնարավորությունները հօգուտ անձնական շահի չարաշահելու հակումը, որը նույնպես իրականացվում է անթաքույց կերպով (ինքնապարգևատրումների աննախադեպ պրակտիկան), չհաշված գաղտնի ապօրինությունները, որոնց մասին նույնպես սկսել են խոսել «օդում կախված լուրերի» հիման վրա (ծխախոտի գործ, ադամանդի գործ և այլն),
4) ընտրովի արդարադատության իրագործումը,
5) արատքին քաղաքական մեկուսացումը, որը օր օրի ավելի ակնհայտ է դառնում, 6) արցախյան հակամարտության գործընթացում վակուումային, ըստ էության՝ ի վնաս մեզ աշխատող, իրավիճակ և այլն: Եթե այս ամենին ավելացվում են նաև պարզ քաղաքացու կյանքում տնտեսական դրական տեղաշարժի իսպառ բացակայությունը՝ մի կողմից, և ազգաբնակչության պառակտումը հակամարտ ճամբարների՝ մյուս կողմից, որը միմիայն թուլացնում է համազգային մարտահրավերներին դիմակայելու մեր ներուժը, ապա պատկերն ընդհանուր առմամբ կարելի է ամբողջացած համարել: Այս համայնապատկերի վրա միայն զարմանալ կարելի է, որ ժողովրդի որոշակի, թեպետև՝ աստիճանաբար նվազող շերտերի մոտ դեռևս պահպանվում է հավատը «թավշյա հեղաշրջման» առաջնորդի քնարական զեղումների նկատմամբ:

2018-ի ժողովրդային շարժումը կարող էր դրական առումով շրջադարձային լինել մեր պետականության համար, եթե այն առաջնորդեին փորձառու և ազգային դիմագծով ուժեր, եթե նրա գլուխ կանգնած լինեին իրապես Մեծ անհատներ, այլ ոչ թե մեծի հովերով տառապող աճպարարներ: Չունե՞նք այդպիսի անհատներ… Այս հարցին միանշանակ պատասխանել հնարավոր չէ, քանզի Մեծի գնահատման չափանիշը միայն մեծ գործն է: Կասկածից վեր է, սակայն, որ ունենք փորձառու և ավելի կարող գործիչներ, քան նրանք, որոնց հպարտ քաղքացիների կամքով վստահվել է մեր պետական նավի ղեկը: Այսօր վտանգված է մեր անկախությունը, քանզի պետությունը թևակոխել է պառակտիչ դավադրությունների շրջափուլ և շատ է զգացվում իրապես Մեծի բացակայությունը, որը ի զորու կլինի փոխել պատմության ընթացքը:

Հայոց պատմության ընթացքը մասնակի կամ ամբողջությամբ փոխվել է բազմիցս, երբ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում հանդիպել են Մեծ անհատը և պատմական անհրաժեշտությունը:

Որպես կանոն՝ տեսանելի են այն մեծերը, որոնց առաջնորդությամբ ձևակերպվում են հաղթանակները և, ընդհակառակը, իրենց վաստակին համարժեք չեն ընկալվում և գնահատվում այն մեծերը, որոնք բեկում են պատմության ընթացքը, բայց նրանց վիճակված չէ ամբողջացնել սկսած գործը: Դա մնում է հաջորդներին: Այդպիսի մեծություն էր, օրինակ, Բագրատունյաց թագավորական հարստության հիմնադիր Աշոտ Բագրատունին (887-891), որին հաջողվեց Արշակունյաց թագավորության կործանումից շուրջ չորսուկես դար հետո, հաղթահարելով Արաբական խալիֆայության բռնաճնշումները և նրանց կամակատարը դարձած ներքին թշնամու դիմադրությունը, վերականգնել հայոց պետականությունը, բայց վաղաժամ մահվան պատճառով նրան վիճակված չէր նույնիսկ հիմնական գծերով ուղենշելու իր հիմնադրած թագավորության գաղափարական խարիսխները: Այդ կարևորագայուն գործը մնում էր հաջորդների ուսերին: Ամենից նշանավոր Բագրատունի արքան Աշոտ (Բ) Երկաթն է (914-929), որը, հիրավի, մեր մեծագործ արքաներից մեկն է, քանզի խիզախումի անօրինակ դրսևորումներ էին Բագրատունյաց թագավորությունը միավորելուն ուղղված նրա ջանքերը մեր պատմության ամենից դրամատիկ շրջաններից մեկում, սակայն դա դեռևս չի նշանակում, թե նրա դերը այդ շրջանի հայոց պատմության մեջ ավելի մեծ է, քան իր պապի՝ Աշոտ Ա Մեծի:

Մեկ օրինակ էլ մեր պատմության համեմատաբար մերձավոր շրջափուլից:

19-րդ դարի 80-ական թթ. հայ իրականության մեջ սկսում է սաղմնավորվել ազգային-ազատագրական պայքար թուրքական բռնակալության դեմ, որի ղեկավարումը աստիճանաբար իր ձեռքն է վերցնում 1990-ին հիմնադրված Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Երեսնամյա ազատամարտի տարիներին՝ իր կազմավորումից մինչև Առաջին հանրապետության անկումը (1920 թ.), Դաշնակցության դրոշի տակ գործել և անմահ փառքի են արժանացել հազարավոր նվիրյալներ: Նրանց մի մասի գործունեությունը ձեռք է բերում համազգային մասշտաբներ, և նրանք դառնում են մեր նոր պատմության մեծ դարբինները (Ավետիս Ահարոնյան, Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համո Օհանջանյան, Սիմոն Վրացյան, Նիկոլ Դուման, Արմեն Գարո (Փաստրմաճյան), Արամ Մանուկյան, Խաչատուր Կարճիկյան, Անդրանիկ, Ռուբեն, Դրո և ուրիշները), որոնցից Արամ Մանուկյանին իր ժամանակակիցները պիտի բարձրացնեին Առաջին հանրապետության հիմնադրի պատվանդանին: Նշված անունների մեջ ամենից հայտնին, թերևս, Անդրանիկը և Դրոն են: Անդրանիկի անունը, Դաշնակցության հետ հակադրելու հաշվին, ժողովրդի մեջ շարունակել է շրջանառվել նույնիսկ խորհրդային իշխանության տարիներին, երբ մյուս անունների վրա ամուր կերպով իշխում էր խորհրդային տաբուն: Դրոյի անունը հանրահռչակվեց հատկապես Երրորդ հանրապետության շրջանում, երբ նրա կյանքի ու գործի մասին գրվեցին ուսումնասիրություններ և խոսվեց հատկապես Մայիսյան հերոսամարտերի առնչությամբ՝ որպես Բաշ Ապարանի հերոսամարտի ղեկավարի: Սակայն որքան էլ որ մեծ է, հիրավի՝ պատմականորեն մեծ է նշված գործիչների, այդ թվում՝ Արամի դերը մեր ազգային ազատագրական պայքարը կազմակերպելու և առաջնորդելու գործում, որքան էլ որ անուրանալիորեն մեծ է նրանց ծառայությունը Առաջին հանրապետության կայացման ճանապարհին, միևնույնն է,- նրանցից առաջ և նրանց կողքին կային անհատներ, որոնք պատմության այդ դարակազմիկ շրջափուլի մեծ ճարտարապետներն էին ու հոգևոր հայրերը, բայց նրանց գործի մեծության գիտակցումը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ունեն շատ քչերը: Մենք նկատի ունենք առաջին հերթին ՀՅԴ հիմնադիր երրորդությանը՝ Քրիստափոր Միքայելյան, Սիմոն Զավարյան և Ռոստոմ (Ստեփան Զորյան): Հատկապես առաջինին, որի մտքի և կամքի դրոշմն է կրում Դաշնակցությունը՝ որպես Հայոց մեծ ազատամարտի դրոշակակիր: Հետևաբար, այդ դրոշմն է կրում նաև 19-րդ դարավերջի և 20-ի սկզբի հայոց պատմությունը, որովհետև հենց Դաշնակցությունն է եղել այդ պատմությանը դիմագիծ հաղորդող գաղափարական և կազմակերպական ուժը: Իսկ նշված շրջանի պատմությունը՝ իր վերելքներով ու անկումներով, հերոսական մաքառումի և անօրինակ խիզախումի պատմություն է: Քրիստափորը եղավ այն Մեծ անհատը, որի կամքով բեկվեց հայոց նոր պատմության ընթացքը, հեղաշրջվեց հայի գիտակցությունը՝ ճորտացվածից և պետականազուրկից վերածվելով հերոսականի ու պետականամետի:

Իսկ քանի՞սն են այսօր ճանաչում մեր նոր պատմության այդ հսկային: Շատ քչերը, որովհետև դաշնակցական միջավայրից դուրս Քրիստափորը և իր գաղափարակից ընկերները առ այսօր հայտնի են միայն որպես կուսակցական հիմնադիրներ ու գործիչներ, այլ ոչ թե՝ ազգային-ազատագրական պայքարի ռահվիրաներ, ինչպիսին որ նրանք էին իրականում:
Կուսակցությունը, իրենց իսկ ստեղծած կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, նրանք դիտել են որպես կազմակերպական ձև և միջոց, որը պիտի ծառայեր (և ծառայել է) «հայության ազատագրության դատին»: Նրանք կուսակցական գործիչներ չէին այդ բառի այժմյան ըմբռնումով, այն է՝ հանուն իշխանության պայքար մղող խմբավորում (այդ իշխանությունը չկար էլ), այլ ազգային գործիչներ՝ բառիս լայն ու լիարժեք նշանակությամբ: Առանց վարանելու կարելի է ասել, որ Քրիստափորը ոչ միայն հայոց պատմության մեծ երևելիներից է, այլև մեր նոր պատմության Մեծագույն հայը, որի գործի նշանակությունը համեմատելի է այն մեծ թագակիրների գործի հետ, որոնք նոր դարագլուխ են բացել հայոց բազմադարյան պատմության չընդհատվող ճանապարհին, բեկում են մտցրել հայության պատմական ճակատագրի մեջ՝ նրան վերադարձնելով իր արժանապատվությունը և հավատը իր կարողականության ու ապագայի նկատմամբ:

Քրիստափորը հայոց նոր պատմության մեծագույն ջահակիրն էր, մտքի և ոգու ջահակիրը, որի արձակած լույսը մինչև օրս առաջնորդ է ազգային արժեհամակարգի կրող յուրաքանչյուր հայի համար:

Նմանատիպ օրինակներ կարելի է հիշել նաև այլ ժողովուրդների պատմությունից: Այսպես. զարգացման ի՞նչ ընթացք կունենար Ռուսաստանը և արդյո՞ք կդառնար տարածաշրջանային, ապա նաև համաշխարահային գերտերություն, եթե 18-րդ դարի սկզբին նրա ղեկը հայտնվեր ոչ թե Պետրոս Մեծի, այլ Սոֆիայի ձեռքերում: Իսկ Սոֆիան գահին ձգտում էր ամեն գնով: Ով շատ թե քիչ ծանոթ է Ռուսաստանի այդ շրջանի պատմությանը, միանշանակ կասի. Ռուսաստանը չէր լինի այն, ինչ կա: Նույնը կարելի է ասել նաև ներկա Ռուսաստանի մասին: Արդյո՞ք Ռուսաստանը կպահպաներ գերտերության կարգավիճակը և ի զորու կլիներ դիմակայել Արևմուտքի քաղաքական ու հատկապես տնտեսական ճնշումներին, եթե նրա ղեկավարը լիներ ոչ թե Վ. Պուտինը, այլ, օրինակ, Վ. Ժիրինովսկին: Այս հարցի պատասխանը մեզ համար միանշանակ է: Եթե կան այլ կերպ մտածողներ, իրենց իրավունքն է: Մի առիթով ասել ենք և ավելորդ չենք համարում կրկնել, որ Բ. Ելցինի ամենից մեծ գործը, որ հեռանալուց առաջ նա արեց Ռուսաստանի համար, իր հետնորդի որոշակիացումն էր ի դեմս Վ. Պուտինի:

Հետևաբար, որքան էլ ոմանք փորձեն ժխտել անհատի դերը պատմական իրադարձությունների զարգացումն ուղղորդելու գործում, ամենազոր պատմությունը տալիս է հակառակի բազմաթիվ օրինակներ:

Այսօր հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենից դժվարին օրերից մեկը, սակայն, ցավոք, ամեն ինչ այնքան է խճողված, որ առայժմ քչերն ունեն այդ տագնապի լիարժեք գիտակցումը: «Ոչ բռնի, թավշյա» գործընթացների մի որոշակի տոկոս դեռևս մնացել է 2018-ի մայիսի բարիկադների վրա: Իսկ այդ տոկոսը հայ ժողովրդի մասն է: Մեկ անգամ ևս պիտի կրկնենք. Մեծ անհատների ժամանակն է, որոնք կարող են ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու կամք դրսևորել, ի զորու կլինեն ոչ միայն տարբերել ազգային-պետական առաջնահերթությունները, այլև դրա գիտակցումը հասցնել հանրության լայն շրջանակներին, քանզի հայտնի ճշմարտություն է. ով չի ցանկանում փրկվել, նրան հնարավոր չէ փրկել:

Մենք մի վիճակում ենք, երբ անհատների փրկվելու ցանկությունից կախված է ընդհանուրի փրկության հնարավորությունը:

Վարդան Պետրոսյան

arfd.am