Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցին՝ առանձնացնելով 10 կետ։
«Ադրբեջանում նախընտրական փուլ է, ուստի թշնամի երկրի նախագահ Ալիևը սովորականից ավելի բաց է խոսում իր ներկա և ապագա պլաններից։ Երեկ նա շուրջ երեք ժամ հարցազրույց է տվել ադրբեջանական մեդիաների լրագրողներին։ Շատ լավ կազմակերպված այդ հարցազրույցը, ըստ էության, Ալիևի նախընտրական քարոզարշավի առաջին մեծ միջոցառումն էր։ Ես մանրամասն ծանոթացա հարցազրույցի բովանդակությանը և ահա, թե ինչն եմ առանձնացրել ձեզ համար՝ «Ալիևի բառերով»։ Միանգամից ասեմ, որ սրանք փաստացի այն տրամաբանությունն ու կետերն են, որոնք ընկած են այսպես կոչված «հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների» հիմքում։
1. «Խաղաղության պայմանագիր» կոչվող թղթում, եթե այն ստորագրվի, որևէ կերպ չի նշվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը և հստակ տարածքը, հետևաբար՝ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խախտել այն՝ պնդելով, որ «սահման չկա, չկա նաև սահմանի խախտում»։ Թուղթ ոչմի բանի մասին, բայց որը լիարժեք մաքրում է Ադրբեջանին Արցախի հարցում կատարած հանցաքներից ու իրավական առումով այն փակում։ «Կադաստրի թուղթ» կոչված տգիտությունը ևս փչվեց։
2. Ադրբեջանը չի ազատելու 2020 թ. նոյեմբերից հետո գրաված Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը (առնվազն՝ 300 քառակուսի կմ)։ «Զորքերի հայելային հետքաշում» գաղափարի փուչ լինելը հերթական անգամ ապացուցվեց։
3. Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ թուղթը ստորագրվի առանց միջնորդ, որպեսզի կարողանա ցանկացած պահի առանց ավելորդ գլխացավանքի խախտել այն։ Այս կետը դուր չի գա «միջազգային երաշխիքներ կլինեն» և «աշխարհը չի թողնի, որ մեր վրա հարձակվեն» թեզերի սիրահարներին։
4. Ադրբեջանը չի բացելու Հայաստանի հետ սահման և շարունակելու է Հայաստանի լիակատար շրջափակումը։ Հետևաբար, նույնը անելու է նաև Թուրքիան։ Ավելին՝ այս պահին խնդիր է դրված Հայաստանին կտրել իր երկու հիմնական արտաքին ճանապարհներից՝ դեպի Վրաստան և Իրան։ Դա անելու համար օգտագործում են այսպես կոչված անկլավների թեման (տե՛ս հաջորդ կետը)։ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարի փուչ լինելը հերթական անգամ ապացուցվեց։
5. Ադրբեջանը ելնում է այն դրույթից, որ Հայաստանը այս պահին օկուպացրել է Ադրբեջանի 8 գյուղեր, որոնցից 4-ը բուն սահմանին, մյուս 4-ը՝ սահմանից ներս («անկլավի» տեսքով»)։ Ադրբեջանը «չի կարող հանդուժել այս իրավիճակը» և «ամեն ինչ անելու է, որ դրանք ազատագրի»։ Ավելին, Ադրբեջանը պնդում է, որ դեպի անկլավներ տանող ճանապարհներ պետք է տրվեն, որոնք «պետք է բնակեցվեն ադրբեջանցիներով»։ Սրանք մինի-միջանցքներ են։ Իմիջիայլոց, Ալիևն ասաց, որ այս թեման այժմ քննարկվում է սահմանազատման հանձնաժողովում։ Չի բանացկվում, այլ Ադրբեջանի պայմանի տեխնիկական իրականացման հարցերն են քննարկվում։
6. Ադրբեջանը պահանջում է միջանցք Սյունիքի տարածքով։ Այո՛, հենց միջանցք, ուրիշ ոչ մի բան՝ «անխոչընդոտ անցում» անվան տակ։ Ընդ որում՝ շատ կոնկրետ տեղով՝ Մեղրիով, քանի որ այն «ամենակարճ և ամենահարմար ճանապարհն է» դեպի Նախիջևան։ Միաժամանակ Ալիևը ակնարկեց, որ ցանկացած պահի կարող է զենքով վերցնել այդ ճանապարհը։
7. Ադրբեջանը խոստովանում է, որ Հայաստանի Հանրապետության հանդեպ իր հավականությունները հնարավոր են դարձել Արցախում տարած հաղթանակի շնորհիվ։ Ալիևը բառացի ասում է, որ Շուշիին գրավելը թույլ տվեց բացել Զանգեզուրի հարցը։ Սրանից ավելի լավ ապացույց, որ Արցախը Սյունիքի ու Հայաստանի մնացյալ մասերի պաշտպանության գլխավոր միջոցն էր, դժվար է գտնել։ Ընդ որում՝ թշնամու բերանով է ասված։
8. Ադրբեջանն ամեն ինչ անելու է նախագահներ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին ևս գերեվարելու համար։ Այդ մասին ուղիղ նշեց Ալիևը։
9. Ամբողջ հարցազրույցի ընթացքում Ալիևը Հայաստանի բոլոր տարածքների համար օգտագործում էր թյուրքական տեղանուններ՝ «Իրևան» (Երևան), «Արևմտյան Զանգեզուր» (Սյունիք), «Իստիսու» (Ջերմուկ) և այլն։ Նաև նշում, որ եթե սահմանազատում լինի քարտեզով, ապա պետք է քննարկել Երևանի պատկանելիության հարցը։ Սա Ադրբեջանի ծավալապաշտության կարևորագույն դրսևորումներից է, որով այժմ դաստիարակվում է ադրբեջանական հասարակությունը։
10. Ադրբեջանը Եվրամիության գլխավոր գործընկերներից է գազի մատակարարման հարցով։ Հետևաբար Ադրբեջանը ոչ մի դեպքում չի վախենում Արևմտյան ճնշումից, որովհետև այն չի լինելու։ Ադրբեջանին մնում է խելացի խաղալ Ռուսաստանի հետ, ինչը և արվում է (նույնիսկ հարցազրույցի մակարդակում ճիշտ ուղերձներ հղելով Մոսկվային)։
Հարցազրույցում այլ հետաքրքիր կետեր ևս կային, բայց այս 10 կետը այն հիմնականներն էին, որոնք, փաստացի, կազմում են այս պահին այսպես կոչված «հայ-ադրբեջանական» բանակցությունների փաթեթը։ Հետևություն. Ադրբեջանը որևէ նպատակ չունի Հայաստանի հետ խաղաղ գոյակցության։ «Խաղաղության պայմանագիրը» ընդամենը պարզ մանիպուլիացիա է՝ Հայաստանում ժողովրդի դիմադրությունը կոտրելու համար։
Այս կետերից որևէ մեկով զիջումը բերելու է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր պահանջների, ինչպես Արցախի հարցում զիջումը բերեց Սյունիքի ու Ջերմուկի վտանգների»։