Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զարմանալի բան: Ամեն անգամ, երբ աշխարհում ինչ-որ ցնցում է տեղի ունենում, որն այսպես, թե այնպես առնչվում է Մերձավոր Արևելքին, Թուրքիայում, և ոչ միայն այնտեղ, Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարի հետ կապված միստիկան ջրի երես է դուրս գալիս. ըստ yerkir.am-ի` Regnum-ում հրապարակած հոդվածում գրում է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
Նա հիշում է Բոսֆորի ափին գտնվող սրճարաններից մեկում թուրք պատմաբանի հետ իր զրույցը, որի ընթացքում նրա զրուցակիցը, մատնացույց անելով քրիստոնեական աշխարհի մեծագույն մարգարիտը, հանելուկային հայտարարություն է արել, թե «Սբ Սոֆիայի տաճարի նոր պատմությունը, որը սկսվել է 1453-ին Մեհմեդ II Ֆաթիհ սուլթանի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո, երբ տաճարը համարյա 500 տարի պալատական մզկիթ էր, չի ավարտվել»: Թուրք պատմաբանի խոսքով`Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսաֆա Քեմալին քաջ հայտնի են եղել բազմաթիվ մարգարեությունները, որ «քրիստոնյաները կվերադարձնեն Կոստանդնուպոլիսը, և դա տեղի կունենա այն բանից հետ, երբ Սբ Սոֆիան կրկին մզկիթ կդառնա»:
Տարասովը նշում է, որ բոլոր այդ գուշակությունները հայտնի էին նաև ռուս ցարերին, և ամեն անգամ, երբ Ռուսաստանն ու Թուրքիան պատերազմում էին, այդ լեգենդները հիշվում էին: Առավել ևս, որ Իվան III-ի կինը` Սոֆյա Պալեոլոգը, բյուզանդական վերջին կայսեր` Կոնստանդին IX-ի զարմուհին էր, և դա խթանում էր ռուս ցարերին` նվաճել բյուզանդական ժառանգությունը:
Տարասովի թուրք զրուցակիցը պատմել է, որ տաճարը թանգարան դարձնելու գաղափարն Աթաթուրքին տվել է Ջոն Ռոքֆելերը, ինչից հետո Քեմալը 9 մարդուց կազմված հանձնաժողով է ստեղծել: Նրանցից ութը կողմ են եղել մզկիթում կրոնական ծիսակատարությունները դադարեցնելուն: 1934 թվականի նոյեմբերի 24-ին Թուրքիայի Նախարարի խորհուրդն Այա Սոֆիան թանգարանի վերածելու մասին որոշում է կայացրել, որը 1935 թվականի փետրվարի 1-ին բացել է իր դռներն այցելուների առջև: Ի դեպ, այդ ժամանակ մաքրվել է խճանկար-որմնանկարների վրայի սվաղը, որով դրանք պատել էին Կոստանդնուպոլսի գրավումից հետո: Բազմաթիվ հավատացյալներ այն ժամանակ համարել են, որ դա հատուկ էարվել, որպեսզի «արդարացվի» մուսուլմանների աղոթքի արգելքը տարածքում, որտեղ մարդկանց պատկերներ կան: Տաճարը թանգարանի վերածելու ամբողջ ընթացքում այն շրջապատված է եղել ոստիկաններով: Բայց նույնիսկ այդ ժամանակ լուրեր են շրջանառվել, թե Սբ Սոֆիան մզկիթից թանգարանի վերածելու կառավարական որոշման տակ Աթաթուրքի ստորագրությունը կեղծ է, իսկ հրամանը չի գրանցված պաշտոնական տեղեկատվության մատյանում:
Երկար տարիների ընթացքում թուրքական իշխանությունների վերաբերմունքը տաճարի կարգավիճակի նկատմամբ տատանվել է ճոճանակի նման: Տաճարը թանգարանի վերածելը բացատրվում էր Աթաթուրքի` այսպես կոչված «Բալկանյան պակտ»-ում ամրանալու ցանկությամբ: Այն կնքվել էր 1934 թվականի փետրվարի 9-ին Աթենքում Հունաստանի, Ռումինիայի, Հարավսլավիայի ու Թուրքիայի միջև և նպատակ էր հետապնդում Բալկաններում պահպանելու ուժերի` Վերսալի համաձայնագրով հարաբերակցությունը:
1950-ականներին առաջին անգամ բարձրացվեց Այա Սոֆիային մզկիթի կարգավիճակը վերադարձնելու հարցը: Կոչն անում էին հասարակական և ազգայնական մի շարք կազմակերպություններ: Սակայն Անկարան չէր ցանկանում սրել հարաբերությունները Աթենքի` ՆԱՏՕ-ի գործընկերոջ հետ:
2000-ականների սկզբին, երբ իշխանության եկավ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, դարձյալ Այա Սոֆիան մզկիթի վերածելու կոչեր հնչեցին, սակայն ամեն անգամ դրանք արվում էին որոշակի քաղաքական կամ աշխարհաքաղաքաական համատեքստում, այդ թվում`երբ հանկարծ ի հայտ էին գալիս Կոստանդնուպոլիս մայրաքաղաքով քրիստոնեական կայսրություն վերականգնելու մասին խոսակցություններ:
Այդ կապակցությամբ հիշում էին նաև Աֆոնի սուրբ ճգնավոր Պաիսի Սվյատոգորեցին: «Այսօր, հանուն թուրքերի, եվրոպացիներն անկախ պետություններ են ստեղծում` մուսուլման բնակչությամբ (Բոսնիա-Հերցեգովինա),- ասում էր նա:- Սակայն ես տեսնում եմ, որ նրանք ապագայում նրբորեն կբաժանեն նաև Թուրքիան. կապստամբեն քրդերն ու հայերը, և եվրոպացիները կպահանջեն ճանաչել այդ ժողովուրդների անկախությունն ու ինքնորոշվելու իրավունքը»:
Եվ ահա վերջերս Էրդողանը հրապարակավ հայտարարում է, որ «մենք թույլ չենք տա Ստամբուլը վերածել Կոստանդնուպոլսի», դրանով ցույց տալով, որ ծանոթ է մարգարեություններին և ամեն ինչ անում է, որ դրանք իրականություն չդառնան: Միաժամանակ հայտարարում է, որ հարկավոր է փոխել Սբ Սոֆիայի կարգավիճակը, որ ինքը մտադիր չէ ինչ-որ մեկից այդ գործողությունների թույլտվությունը ստանալ: Հուլիսի 2-ին այդ հարցը քննելու է Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարանը): Ինչո՞ւ: Թուրքիայի նախագահը ենթադրում է, որ, տաճարը մզկիթ դարձնելով, սիմետրիկ պատասխան կտա ԱՄՆ-ին, որը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների վրա: Բայց ԱՄՆ-ն ի՞նչ կապ ունի: Թուրքական Hürriyet թերթը նշում է, որ Անկարան իբր «սկսել է նվագել միայն երկու պետությունների` իր և Հունաստանի պատմական հիշողության հիվանդագին լարերի վրա», թեև ավելի լավ կլիներ գոնե կեսով լցներ տաճարի կողքին կառուցված Երկնագույն մզկիթը` «աշխարհաքաղաքական սագերին չարացնելու» փոխարեն:
Ամերիկյան The American Conservative-ն էլ համարում է, որ Սբ Սոֆիայի` աշխարհիկ իշխանությունների տված պաշտպանիչ կարգավիճակի կորուստը և մզկիթի վերածվելը տաճարը դարձնում է Մերձավոր Արևելքում հետապնդումների ենթարկվող քրիստոնեության խորհրդանիշ, «վերականգնում է Կոստանդնուպոլիս կենտրոնով Բյուզանդական կայսրություն ստեղծելու աշխարհաքաղաքական նախագիծը»:
Դրա մասին է նախազգուշացնում նաև Թուրքիայի նախկին վարչապետ, վերջերս ստեղծված ընդդիմադիր «Ապագայի կուսակցության» առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն: Նա ոչ միայն քննադատում է կառավարությանը Սբ Սոֆիան մզկիթի վերածելու հին բանավեճերը թարմացնելու մեջ, նաև ասում է, որ այդպիսով եվրոպացիների պատկերացումներում ամրապնդվում է թուրքի` որպես «նվաճողի» կերպարը, իսկ Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը ներկայիս արտաքին քաղաքական պայմաններում կընկալվի որպես ամբողջ աշխարհի քրիստոնյաների կրոնական զգացմունքներին հասցված վիրավորանք:
Իրադարձությունների այդպիսի ընթացքը թուրք պատմաբան Իլբեր Օրթայլին համարում է «շատ վտանգավոր երկրի ճակատագրի համար»:
Մեկ այլ թուրք փորձագետի կարծիքով` «այսօր Սբ Սոֆիայի կարգավիճակի մասին մարգարեությունները կարդալը, նույնն է, ինչ թերթ կարդաս: Այնքան պարզ են գրված, և ինչ պարզ է իրեն պահում Անկարան»:
Տարասովը հոդվածն ավարտում է Սբ Սոֆիայի տաճար այցից իր տպավորությամբ. «Դա միաժամանակ ընդգրկունության, վեհության և հիացմունքի զգացողության ծնունդ էր, ընկալում, որ գտնվում ես Արևմուտքի և Արևելքի աշխարհների խաչմերուկում: Այա Սոֆիայից դուրս ես գալիս նրա վեհության ու պատմության անավարտության գիտակցումով: Ի՞նչն է ստիպում Թուրքիայի իշխանություններին ավելի ակնառու կերպով տագնապի ազդանշաններ տալ, թե գնում են անկանխատեսելի ուղղությամբ, ո՞վ կամ ի՞նչն է գայթակղում Էրդողանին: Հարկավոր է վերընթերցել մարգարեությունները»: