Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Вести дня»-ն Մաքսային միության վերաբերյալ ուշագրավ հոդվածով է հանդես եկել:
Վերլուծականում նշվում է, որ իրականում Ռուսաստանի՝ Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը շատ ավելի աննախադեպ և համարձակ է, քան պարզապես հետխորհրդային երկրների որոշ մասի տնտեսական վերամիավորման գաղափարը: Ըստ հոդվածի` ԵՏՄ-ն իսկապես կարող է դառնալ ժողովուրդների ցամաքային ընկերակցություն, և Հայաստանի օրինակն արդեն իսկ ցույց է տալիս, որ միության կազմում հնարավոր է հայտնվել նաև առանց ընդհանուր ցամաքային սահմանի:
Հոդվածի հեղինակը նշում է, որ ՄՄ-ի հետ համագործակցելու ցանկություն է հայտնել արդեն մոտ 35 երկիր: Այդ համատեքստում բանակցություններ են ընթանում Նոր Զելանդիայի, Վիետնամի, Սիրիայի հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բարձրաձայնել է նաև Ռուսաստանի՝ Թուրքիային ուղղված առաջարկի մասին:
«Սակայն ամենից ուշագրավ են Հնդկաստանի հետ բանակցությունները, ինչի մասին մամուլում նշվում էր դեռ 2011-ին: Մասնավորպես` այդ ցանկության մասին հնդկական պատվիրակությունը հայտնել է Պետեբուրգում այս տարվա հունիսին կայացած տնտեսական ֆորումի ժամանակ:
Համաշխարհային պրակտիկայում դեռ չեն եղել մաքսային միություններ առանց ցամաքային ընդհանուր սահմանի, սակայն, ինչպես նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, «դա չի լինելու մասնակի ինտեգրում, խոսքը Հնդկաստանի ու Վիետնամի` ՄՄ-ին լիարժեք միանալու մասին է»:
Հոդվածում ասվում է, որ Վիետնամի ինտեգրման գործընթացը բավականին արագ է ընթանում: Ընդհանուր նախագծերի հիմնական ուղղություններն են՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, կիբեռնետիկա, կենսաբանություն և ատոմային էներգիա: Վիետնամի առաջին՝ ատոմակայանը կկառուցի «Ռոսատոմը». շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2014-ին:
«Հնդկաստանի հետ բանակցությունները մեկ տարով հետ են մնում Վիետնամի հետ բանակցություններից. Հնդկաստանը ուշադիր հետևում է ռուս-վիետնամական բանակցությունների ընթացքին և ցանկանում է ՌԴ-ի հետ համանման պայմանագրեր ստորագրել: Ձեռք բերված համաձայնությունները Հնդկաստանին հնարավորություն են տալիս մեծացնել երկկողմանի ներդրումները:
Մյուս կողմից՝ Հնդկաստանում մեծ հեռանկարներ են բացվում ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի համար: Հնդկաստանը իր ՌՕՈՒ-ի համար մտադիր է մոտ 250 ռուսական լավագույն Т-50 կործանիչներից գնել»,- ասվում է հոդվածում: Ըստ հեղինակի՝ այդ ոլորտում նախատեսված են նաև մի շարք այլ շահավետ համատեղ ծրագրեր:
Ըստ հոդվածի հեղինակի՝ բացի տնտեսական համագործակցությունից, խոսք կարող է գնալ նաև համատեղ պաշտպանական քաղաքականության մասին, թեև այստեղ որոշ բարդություններ կան: Այդպես, օրինակ, Հնդկաստանը պաշտպանական համաձայնագիր ունի Քաթարի հետ, իսկ Ռուսաստանի հարաբերություններն այդ երկրի հետ այնքան էլ լավ չեն:
«Այսպիսով՝ խոսքը նոր համաշխարհային կայսրության ստեղծման մասին է, որը կներառի Երկրի բնակչության մոտ 20%-ը, իսկ տնտեսապես կզիջի միայն ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Չինաստանին»,- նշում է հեղինակը:
Հոդվածում ասվում է, որ արդեն մոտ ապագայում կարելի է սպասել նման գլոբալ փոփոխությունների. հետագայում հնարավոր է նաև Լատինական Ամերիկայի ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ (Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ, Պարագվայ, Վենեսուելա) միավորումը:
«Իսկ ո՞վ ասաց, որ ՄՄ-ն ստեղծվում է միայն ԽՍՀՄ նախկին երկրների համար: Այն բաց կլինի բոլոր նրանց համար, ովքեր դաշնակից և ձեռնտու գործընկեր կլինեն՝ աշխարհում համատեղ շահերն առաջ տանելու նպատակով: Դրանում է միության ուժը»,- եզրափակում է հեղինակը: