Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս շատ է քննարկվում ՀՀ-ում առկա առողջապահական ճգնաժամի պայմաններում Վրաստանի կողմից ցուցաբերվելիք կամ արդեն ցուցաբերվող օժանդակության խնդիրը: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան արդեն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությանը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու հարցին՝ նշելով, որ Վրաստանի Առողջապահության նախարարությունն արդեն հանձնարարություն է ստացել` մշակել օգնության ծրագիր, որով Վրաստանը կարող է աջակցել Հայաստանին:
Առողջապահական ոլորտում ՀՀ-Վրաստան համագործակցության մերօրյա «աստեղային ժամի» մասին հրապարակումները մեզ հիշեցրին ՀՀ առողջապահության համակարգի կայացման երախտավորներից՝ ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանի պաշտոնավարման շրջանը (2003-2007 թթ.): Իհարկե, անցյալի համընդհանուր քարկոծումների համապատկերին՝ միգուցե շատերին ձեռնտու չէ հիշել այն ամենը, ինչին քիչ հետո կանդրադառնանք, այդուհանդերձ, արդարությունը և այսօրվա մտահոգիչ իրողությունների պատճառները հասկանալու հրամայականը պահանջում են խոսել այդ մասին:
Նորայր Դավիդյանը իր պաշտոնավարման շրջանում և, անգամ դրանից հետո, հանդիսացել է Վրաստանի առողջապահական համակարգի առանցքային խորհրդատուներից, հայեցակարգերի, ծրագրերի մշակման գլխավոր դեմքերից մեկը: Նախագահ Մ. Սահակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլովսը, մշտապես բարձր է գնահատել Ն. Դավիդյանի ներդրումը Վրաստանի առողջապահական համակարգի կայացման գործում, ունեցել է մասնագիտական և մարդկային ջերմ հարաբերություններ վերջինիս հետ, ըստ այդմ՝ իրականացվել են փոխայցեր, տարբեր ձևաչափի քննարկումներ, ծրագրեր և այլն: Տվյալ փուլում Սանդրա Ռուլովսը ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանին, ի նշան երախտագիտության, հանձնել է շնորհակալագրեր և պատվոգրեր, մի առիթով՝ նաև հատուկ ցեղատեսակի շուն և այլն:
Այդպիսով, Նորայր Դավիդյանի՝ Վրաստանի առողջապահական համակարգում ունեցած ներդրումների պտուղները մեր հարևան երկրիը քաղում է մինչ օրս: Ցավոք, ծայրահեղ մեծամտության, ամբարտավանության, անցյալի գործիչների հանդեպ հարգանքի տոտալ բացակայության, արվածը չարժևորելու պատճառով՝ այսօր ունենք այն, ինչ ունենք: Առողջապահական համակարգը բացառություն չէ: Արդյունքում՝ Վրաստանն է այսօր ՀՀ-ին օժանդակում ճգնաժամի հաղթահարման գործում: Ընդ որում՝ ոչ միայն դիմակներով կամ պարագաներով, ինչը կարող էր ինչ-որ տեղ օրինաչափ համարվել, այլ նաև՝ մասնագետներով և առողջապահական ծրագրերի մշակմամբ, ինչը ժամանակին արվում էր Նորայր Դավիդյանի կողմից՝ Վրաստանի համար: Բնականաբար՝ սպասելի իրողություն:
Եվ քանի դեռ առողջապահական համակարգի՝ Նորայր Դավիդյանի նման խոշորագույն հենասյուները համարվելու են «անցյալի մնացուկներ», դրանով իսկ անտեսվելով կամ հալածվելով, իսկ Նորայր Դավիդյանի կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, «քաղաքական բացիլ» և այլն, քանի դեռ ներկայիս իշխանության ամբարտավանությունը և ինքնահավանությունը, անցյալի մեծերի նկատմամբ տածած խորը ցինիզմն ու անվստահությունը չեն ճանաչելու չափ ու սահման, մեզ ապագայում դեռ շատ երկրներ են օգնելու, ընդ որում՝ այն երկրները, որոնք ժամանակին լայնորեն օգտվել են մեր առողջապահական մտքի ներկայացուցիչների օժանդակությունից:
Վահե Սարգսյան