Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չնայած Նիկոլ Փաշինյանը ժողովրդին մեղադրեց համավարակի տարածման համար, ամեն օր էլ շարքային քաղաքացիների լուսանկարներ է տեղադրում իր ֆեյսբուքյան էջում, պարզվում է, ինչպես մամուլն է տեղեկացնում, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն անգամ Փաշինյանի հորդորները բանի տեղ չեն դնում, հարսանիք են անում։ Այս տեմպերով ու՞ր ենք գնում ու ի՞նչ անել. այս և այլ հարցերի շուրջ «Իրատես»-ը զրուցել է ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանի հետ։
-Հայաստանում համավարակը շարունակում է իր հաղթարշավը, ինչու՞ այս իշխանությանը երկիրը տարավ, ինչպես Փաշինյանն է ասում, դեպի դժոխք։
-Այս իշխանությունն իր կարճատև կենսագրության առաջին օրերից ապացուցեց, որ մերժում է ցանկացած երկխոսություն։ Նրանք քաղաքակրթական, բանակցային, երկխոսական մշակույթի կրող չեն։ Այսպիսին է նրանց ամբարտավան մեծամտության, քաղաքական տհասության և մենիշխանական մթնոլորտ ձևավորելու վարքագիծը։ Վկայություններն են խորհրդարանում ծեծկռտուքը, հայհոյախառը բանավեճերը, ատելության շիկացած մթնոլորտը, առաջին իսկ օրից որդեգրված՝ «սևերի» ու «սպիտակների» պատերազմը։ Այս ընթացքում ՀՅԴ-ն իշխանությանը հայեցակարգային մի շարք փաստաթղթեր է ներկայացրել՝ զրո անդրադարձ: Իսկ մեր հանրային կյանքի ոչ մի ոլորտում երկիր կառուցելու հայեցակարգեր, ծրագրեր, ռազմավարություններ նրանք այդպես էլ չունեցան: Երկխոսության բացարձակ մերժումի մթնոլորտ է։ Մինչդեռ վարչապետն օրերս հայտարարեց, որ հատել ենք դժոխքի գիծը։ Երկրի գերագույն հրամանատարն է այս մասին հայտարարում ու շարունակում է մնալ այդ նավի ղեկին։ Սարսափելի է այս ամենն ընդունելը։ Ազգովին կանգնել ենք մի իրականության առջև, երբ իշխանության է եկել մի ուժ, որը զրո կառավարչական ունակություններ ունի, միանձնյա, անհավասարակշիռ, անշրջահայաց, անծրագիր, հիստերիկ կառավարում է իրականացնում։ Ֆեյսբուքյան «լայվերով կառավարվող» իրականության մեջ ենք։ Օր առաջ պիտի կանգնեցնել այս վայրէջքը։ Լինելության հարց է դրված... խոսում են արդեն 100-հազարավոր վարակվածների մասին։ Տոտալ տապալեցին համավարակի կառավարումը, էլ չեմ խոսում անվտանգային այլ հարցերի շուրջ, աշխարհաքաղաքական լարված միջավայրի։ Ինչպես ներքին ճակատներում, այնպես էլ արտաքին հարաբերություններում աներևակայելի վերտուոզությամբ տապալեցին, զրոյացրին ամեն ինչ։
Արդեն հատել ենք անդառնալիության կետը և ազգային համախոհությամբ վիճակից դուրս գալու ելքեր պիտի փնտրենք: Բոլոր քաղաքական ուժերից համառորեն, ավելի թանձրացող լսում ենք գուժող զանգը՝ անկումը պետք է կասեցնել։ Եթե հայտարարում են, թե պատերազմ է, ինչին ես էլ եմ համամիտ, դա հաղթահարում են ներքին համախոհությամբ, չի կարող պատերազմ հաղթահարել մի երկիր, որտեղ ներքին թշնամիների անդադար որս է։
-Հայտնի իմքայլականներն ընդդիմադիրների քննադատությանն ի պատասխան, հայտարարեցին, թե կան ընդդիմադիրներ, որոնք «ոտքի տակ» են ընկնում ու ստիպված են նրանց ճանապարհից հեռացնելով առաջ գնալ։ Սա է իշխանության պատասխանն այն բոլոր ընդդիմադիրներին, որոնք այսօր իրավիճակի շուրջ անհանգստություններ են հայտնում։
-Իրենց տրամաբանությունը, չգիտես՝ ինչու, միշտ ոտքի շուրջ է։ Թեև հասկանալի է՝ իրենք բառիս բուն իմաստով ոտքով եկան իշխանության ու նաև մտքով՝ բոբիկ։ Նրանցից քաղաքական միտք, պետական մտածողություն չեմ էլ ակնկալում։ Երբ հասարակությունը նրանց երկու տարի ժամանակ էր տվել երկիր կառուցելու, բացի պետականությունը քանդելուց ոչինչ չարեցին։ Թեև անկեղծ էին, հայտարարել էին, չէ՞, որ եկել են մերժելու, փաստորեն քանդելու էներգիայով հասանք այս փուլին։ Քանդելը, իհարկե, հեշտ է, բայց ի՞նչ կառուցեցին. սասանված, արժեզրկված պետական ինստիտուտներ, ատելություն և ոչ մի ստեղծարար օրակարգ։ Մարդկայնորեն ինձ համար շատ ցավալի է տեսնել, թե ինչպես կարողացան նոր որակի պետություն կառուցելու այդ բացառիկ հնարավորությունը մսխել։ Ունակ չեղան նոր կառավարում, ծրագրեր բերելու, որակյալ, բովանդակային խնդիրներ լուծելու։ Օրակարգ բացարձակ չունեն, թեև հաջողեցին մի քանի ամսում 100 և ավելի միլիոն դոլարի պարգևավճարներ ստանալ։
-Եթե իմքայլականների քաղաքական փորձառությունն ու մտավոր ունակությունները կարող ենք կասկածի տակ դնել, նույնը չենք կարող ասել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, որը նախօրեին հայտարարեց, թե «ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին»։ ՈՒրեմն ինչպե՞ս հասկանալ նրա այս դիտարկումը։
-Տեր-Պետրոսյանի սիլլոգիզմը կիսաճշմարտության վրա է կառուցված։ Իսկ կիսաճշմարտություններն ամենավտանգավորն են, որովհետև դրանք սոփեստության և մանիպուլացիաների ժանրից են։ Առաջին հաստատման հետ համաձայն եմ, որ վիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, բայց պատերազմը հաղթահարում են միասնական ուժերով։ Ես հասկանում եմ Տեր-Պետրոսյանի ցայտնոտը, նա ցավով է արձանագրում, թե ինչպես է գահավիժում իր հոգեզավակը և նրա հետ իր բոլոր փայփայած քաղաքական արժեքները։ Նրա ճարտարապետությունը չդիմացավ ոչ մի փորձության։ Լևոն Տեր-Պետրոսյանին շատ ավելի կհարգեի, եթե հայրապետական բարձունքից իր փայփայած քաղաքական գործչին խորհուրդ տար, որ պետականությունը չի հանդուրժում ներքին թշնամիներ, բարիկադներ, բաժանարար գծեր։ Եթե ժամանակին դիտողություններ աներ և ասեր, որ դուք թալանում եք բյուջեն՝ միլիոնավոր պարգևավճարներ, ընդ որում անօրինական, ստանալով անպտուղ անարդյունավետ գործերի դիմաց։ Եթե ասեր՝ ներսում թշնամիների որսով ես զբաղված, դրսում ևս թշամիներ ես վաստակում, եթե հորդորեր կասեցնել պետական ինստիտուտների կազմաքանդումը, եթե բարձրաձայներ, որ արտաքին քաղաքականության մեջ չեն հանդուրժվում անկանխատեսելիությունն ու ամբարտավանությունը, եթե ասեր՝ զսպիր ոչնչատեսիլ թիմիդ ցինիկությունը, եթե…
Հիմա, արդեն կործանվող նավին հրահանգներ տալն ու դրսում մեղավորներ փնտրելն իմաստ չունի։ «Դավաճանությունը» շատ լուրջ բառ է ու դեռ հարց է, թե որն է դավաճանությունը։ Լռելն ու պետության ձախողումները չտեսնելու տա՞լը, թե՞ վայէջքը կասեցնելը:
-ՀՅԴ-ն վերջերս հայտարարություն արեց՝ խորհրդարանին հորդորելով իրավիճակի շուրջ քննարկում անել։ Այս պահին չե՞ք կարծում, որ արդեն անիմաստ է դարձել այդ քննարկումը, առավել ևս, որ իշխանությունն ընդդիմության ոչ մի խոսքին ականջալուր չէ։
-Երբ համավարակը սկսվեց, իշխանությունները երանավետ անտեղյակությամբ բուկլետներ էին բաժանում Երևանի փողոցներում, Սյունիքում։ Դեռ այդ ժամանակ հայտարարեցինք, թե մի կողմ թողնենք քաղաքական տարակարծությունները, համախմբվենք ու պայքարենք վերահաս վտանգի դեմ։ Եվ ի՞նչ։ Դրան հետևեց նաև մեր հակահամաճարակային ծրագիրը։ Զրո արձագանք։ Այնուամենայնիվ քննարկում պետք է: Առաջնային մանդատ ունեցող խորհրդարարանական երկրում պիտի քննարկվի, արժևորվի և գնահատական տրվի կացությանը, պատասխանատուներին:
-Ինչու՞ է իշխանությունն ընդդիմադիր դաշտից եկող առաջարկների, ծրագրերի հանդեպ ևս անհանդուրժող, ունակություն չունի լսելու։
-Երկու պատճառ կա։ Նախ փողոցից եկած, առանց քաղաքական կենսագրության մարդը չի կարող ունենալ քաղաքական խոհմություն, փորձառություն: Չեն հասկանում, թե ինչ է պետությունը։ Եթե հասկանային, առողջապահության նախարարը հերիք չէ տապալել է իր աշխատանքը, մի բան էլ պետական սկանդալի մեջ չէր գցի Հայաստանը։ Բավական չէ փորձառություն չունեն, նաև ամբարտավան մեծամտությամբ ու աննախադեպությամբ են տառապում։ Կարող եմ նաև մի ցավալի եզրահանգման գալ՝ գուցե նրանք հենց այս օրակարգով են եկել, այն է՝ թուլացնել պետականությունը։ Այլ կերպ ինչպես բացատրել այն տոտալ հարձակումը թե պետական, թե ազգային ինստիտուտների նկատմամբ: Լինել այդքան համառ, արդյունք չարձանագրել, շարունակ քանդել, խորացնել ճգնաժամը։ Ափսոս չէ՞ այս երկիրը։ Այդքան հրեշ դարձրած անցյալում բավական լուրջ ձեռքբերումներ կային, բայց իրենք որդեգրեցին ինստիտուցիոնալ ջարդի ճանապարհը։ Հարցադրում է առաջանում՝ ո՞վ էր այս օրակարգի շահառուն։
-Այսօր արտախորհրդարանական ուժերին միացել է խորհրդարանական ընդդիմությունը և պահանջում է կառավարության փոփոխություն։ Իշխանափոխության շուրջ կստացվի՞ համախմբում, և ի՞նչ ճանապարհով Փաշինյանի իշխանությունը կհեռանա։
-Ընդդիմադիր, գաղափարական տարբեր հենք ունեցող ուժերը նույն գնահատականն են տալիս։ Իրավիճակն աղետալի է, և բնական է, որ բոլորի գնահատականները պիտի համընկնեին։ Անգամ իշխանությունն է խոստովանում, որ մենք դժոխքում ենք։ Կառավարչական, բովանդակային, վարքականոնային այս որակներով ղեկավարվող երկիրը հեռանկար չունի: Այսօր թիվ մեկ օրակարգը Հայաստանի անվտանգության սպառնալիքները և պետականության վայրէջքը կասեցնելն է։ Մեր մոտեցումն այն է, որ նոր իշխանությունը չպետք է կրկին փողոցում ձևավորվի. այդպիսի իշխանության պտուղներն այսօր վայելում ենք։ Կհամագործակցենք այն քաղաքական ուժերի հետ, որոնք նոր որակի պետություն կառուցելու խնդիր են դնում, ունեն տեսլական և լուծման բանալիներ։ Այն ուժերը, որոնք այս օրակարգը կիսում են, նրանց հետ միավորման հնարավորություն տեսնում եմ։
-Ինչպե՞ս է հնարավոր Ձեր նշած իշխանափոխության տարբերակը։
-Այսօր դեռ քննարկումների շրջանում ենք, սա կոնսուլտացիաների դուռ է բացում։ Համախմբումը պետք է լինի կոնկրետ ազգային պետական ուղեգծի շուրջ, արժեքային հենք պիտի ունենա՝ հանուն պետականության նոր մոդելի։ Մենք անձի փոփոխություն չենք դնում, իշխանության բովանդակությունը պիտի փոխվի։ Դեռ քաղաքական ուժերի հետ քննարկումների փուլ պիտի անցնել, և շատ կարևոր է, որ հասարակությունն այս ամենը հասկանա։
-Իշխանափոխության համար հասարակությունը հասունացե՞լ է։
-Մեր հասարակությունը շատ արագ հուսահատության շրջափուլի մեջ մտավ։ Ես ինքս էլ ինձ համարում եմ այս փոփոխության խաբված շահառու։ Ոգևորված էի բովանդակային փոփոխության հեռանկարով, բայց երկու ամիս էր հարկավոր, տեսնելու, թե առանց «իզմերի» ինչ խմբակ է եկել իշխանության։ Ինչպե՞ս կարող է լինել իշխանություն առանց «իզմերի», նույնն է, թե առանց արժեքների: Բոլորս ենք արձանագրում Փաշինյանի վարկանիշի գահավիժումը, որի սնուցողը հենց ինքն է։ Ինքն իրեն դատապարտել է ազատ անկման։ Ընդդիմադիր գործիչն այլ բան է, պետական այրը՝ բոլորովին այլ։ Հասարակության մի մասն արթնացել է։ Քաղաքական ուժերի խնդիրն է նաև հասարակությանն արթնացնելը և բացատրելը, համոզիչ դառնալը: Բայց այս ամենի համար խորքային բովանդակային օրակարգեր են անհրաժեշտ:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ