Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.
«2018 Հունիս-Հուլիս
ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՕՐԻՆԱՉԱՓՈւԹՅՈւՆՆԵՐԸ
5-րդ մաս
Հեղափոխության առաջին թշնամիները բնականաբար հռչակվում են նախկին ռեժիմն անձնավորող, հասարակության մեջ ամենաբացասական երևույթների մարմնավորումը հանդիսացող, կամ այդպիսին ներկայացվող գործիչները։ Նրանք նոր իշխանության կողմից առաջինն են թիրախավորվում, վերցվում վերահսկողության տակ (Կառլ2-րդ թագավորն Անգլիայում, Լյուդովիկոս 16-րդը Ֆրանսիայում, Նիկոլայ 2-րդը Ռուսաստանում, Աբյուլ Համիդ 2-րդը Օսմանյան կայսրությունում)։ Նրանք դիտարկվում են որպես անմիջական վտանգ հեղափոխության անիվը ետ պտտելու հարցում։ Ռեժիմի հեռացումն իշխանությունից առաջացնում է նրանց դաշնակից պետությունների հակազդեցությունը, որը երբեմն դրսևորվում է արտաքին միջամտության փորձերով։ Զինված հակահեղափոխական պայքարի սանձազերծման դեպքում հեղափոխության հաղթանակին ուղեկցող հայրենասիրական վերելքը, ժողովուրդների համախմբումը դառնում է պայքար հեղափոխության նվաճումների, իսկ այն դեպքերում երբ առկա է նաև ատաքին միջամտությունը՝ նաև Հայրենիքի պաշտպանության համար։ Արտաքին միջամտության հետևանքով ժողովրդային աննախադեպ միասնության օրինակները բազմաթիվ են՝ սկսած Ֆրանսիական մեծ հեղափոխությունից, Ռուսաստանում արտաքին ինտերվենցիայով ուղեկցվող քաղաքացիական պատերազմից մինչև Թուրքիայի 1920-24 թթ. քեմալական շարժումը։
Իրական հակահեղափոխության դեմ պայքարի առաջին փուլն ավարտվում է առաջին «արյամբ»՝ հակահեղափոխության խորհրդանիշը չեզոքացվում է (սպանվում է, բանտարկվում է, վտարվում է երկրից)։ Սա արվում է նաև հասարակության՝ նախկին կեղեքիչներին պատժելու հասարակական պահանջը բավարարելու համար, ապացուցելու համար, որ փոփոխություններն անդառնալի են, իրենք էլ վճռական են։ Շոուն ավելի լիակատար դարձնելու, նախորդների հետ տարբերություններն ավելի ցայտուն դարձնելու համար վերացվում են նախկին արտոնությունները, փոխվում է դիմելաձևը, նոր ղեկավարությունը ձգտում է հնարավորինս «ժողովրդական» դարձնել իր վարքագիծը, կենցաղը, նույնիսկ հագուստը։ Ֆրանսիայում իրար են սկսում դիմել «քաղաքացի», Ռուսաստանում՝ «Ընկեր», Մի տեղ արգելվում են կեղծամները, մի ուրիշ տեղ մինչ այժմ շարունակում են հեղափոխական ղեկավարները ֆրենչներ կրել։
Սակայն առաջին փուլի ավարտը սովորաբար չի բերում իրական փոփոխությունների ժողովուրդների կյանքում, որի պատճառները բազմաթիվ են՝ ռեֆորմների միասնական հայեցակարգի բացակայությունը, գաղափարական տարաբնույթ հոսանքների առկայությունն իշխանության մեջ, պետական կառավարման փորձի բացակայությունը և այլն։ Իրենց անհաջողություններն արդարացնելու համար հեղափոխական իշխանությունները սկսում են փնտրել ներքին հակառակորդներ, ներքին «հակահեղափոխականներ»։ Երկրորդ փուլում որպես այդպիսին սկսում են ներկայացվել նախորդ ռեժիմների ժամանակ իշխանության համակարգում եղած, նրանց հետ համագործակցած անձիք։ Սկսվում է նրանց «մերկացումը», «հակահեղափոխական գործունեության բացահայտումը», «հանցավոր ռեժիմի հետ համագործակցությունը»։ Այս մեղադրանքներն ուղեկցվում են «հեղափոխական» զանգվածների մասսայական աջակցության հրապարակային դրսևորումներով։
(Շարունակելի)»։