Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.
«2018 հունիս-հուլիս
ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՕՐԻՆԱՉԱՓՈւԹՅՈւՆՆԵՐԸ
4-րդ մաս
Հեղափոխության հաղթանակից հետո, տարբեր արժեհամակարգեր դավանող, երկրի զարգացման տարբեր պատկերացումներ ունեցող, պետական կառավարման համակարգին անծանոթ անհատների ներգրավումը պետական համակարգ, մինչ այդ իրենց կողմից ամենասուր քննադատության ենթարկված ոլորտների համար պատասխանատվության ստանձնումը ամենամեծ փորձությունն է հեղափոխության առաջնորդների համար։ Առաջին իսկ պահից սկսած փորձ է արվում գործերով ապացուցել իրենց հեղափոխականությունը, մերժելով տարիներով ստեղծված, օբյեկտիվորեն անհրաժեշտ, հասարակության կենսագործունեությունն ապահովող ու կարգավորող օրենքներն ու կանոնակարգերը։ Դրանք հայտարարվում են անցյալի մնացուկներ, իշխանությունների կողմից իրենց հասարակությունները կեղեքելու համար ստեղծված հատուկ գործիքներ։ Առաջացած հսկայական բացը փորձ է արվում լրացնել անձնական պատկերացումներով ու նախասիրություններով, պահի անհրաժեշտությամբ թելադրված մոտեցումներով, իսկ դրանց համար որպես հիմնավորում է դիտարկվում հեղափոխությամբ ստեղծված նոր իրավիճակն ու հեղափոխական անհրաժեշտությունը։ Դրա վառ օրինակ են Ֆրանսիայում 1793-ին ստեղծված Հասարակության փրկության կոմիտեն, Սովետական Ռուսաստանում հայտարարված ռազմական կոմունիզմի ժամանակաշրջանը, Չինաստանում Մաո Ցզեդունի կողմից իրականացված «կուլտուրական հեղափոխությունը»։ Շատ դեպքերում այս որոշումները ոչ միայն չեն բերում իրավիճակի բարելավմանը և հասարակության սպասելիքների արդարացմանը, այլև ստեղծում են անորոշության, խառնաշփոթ իրավիճակի։ Հեղափոխությանն աջակցած, տապալված ռեժիմները մերժած հասարակության մեջ աստիճանաբար սկսում են ճեղքեր առաջանալ։ Հասարակությունն իր ամբողջության մեջ մնում է հեղափոխության արդյունքների աջակիցը, սակայն արդյունքների սպասող և արագ փոփոխություններ ակնկալող մարդիկ սկսում են դժգոհել կոնկրետ քայլերից, դրանց անհասկանալիությունից ու անարդյունավետությունից։
Իշխանության եկած անհատները, ունենալով տարբեր տեսլականներ ու պատկերացումներ զարգացման ուղղությունների մասին, գործնական քայլերի մեջ ընկնում են խարխափումների ու անորոշության մեջ, իսկ ամենավտանգավորը՝ իրենց կատարած քայլերի անարդյունավետությունը փորձում են բացատրել ինչ որ դավադրությամբ, սաբոտաժով։ Անհրաժեշտություն է առաջանում նոր տերմինի՝ «հակահեղափոխության»։ Հեղափոխությունների մարդասիրական կարգախոսները՝ «Արդարություն, հավասարություն, եղբայրություն», «Հաց և խաղաղություն», սկսում են աստիճանաբար մոռացվել։ Առաջնահերթություն է հայտարարվում «հակահեղափոխականների» բացահայտումն ու պատիժը։
(շարունակելի)»։
Առաջին մասն՝ այստեղ.
Երկրորդ մասն՝ այստեղ.
Երրորդ մասն՝ այստեղ.