Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
Անցնող շաբաթւայ միջազգային քաղաքական իրադարձութիւնները, ինչպէսեւ ակնկալելի էր՝ յատկանշւեցին «օրինաչափ» հերթական այլանդակութիւններով…
1. ՍԻՈՆԻԶՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՅՐԱԳՈՒԹԻՒՆԸ
Իբր ի պատասխան Իրանի հուժկու հրթիռակոծումների, սիոնիստական ցեղասպան վարչախումբը անցնող շաբաթավերջին ինքն իրեն «իրաւունք» էր վերապահել, որպէսզի միջազգային օրէնքների հերթական խախտմամբ՝ վայրագ ոտնձգութիւն անի Իրանի օդային սահմաններ՝ մի քանի ռազմակայաններ ռմբակոծելու համար։
Ըստ ամենայնի՝ սադրիչ ու քարոզչական նպատակներ հետապնդող ոտնձգութիւնը, իրանական հակաօդային պաշտպանական համակարգի դիպուկ պատասխանի արդիւնքում, ձախողւեց։ Աւելին՝ Իրանի քաջակորով զինուժը ինչպէս երբեւէ՝ թանկագին զոհերի գնով լաւագոյնս կատարեց իր առջեւ դրւած խնդիրը, որով էլ փախուստի մատնեց հեռահար ու կոյր հարւածներով ոգեշնչւող թշնամուն։
Ինչեւէ, Իսլ. Իրանի հոգեւոր առաջնորդի գնահատմամբ իսկ՝ սիոնիստական վարչախումբը թոյլ է տւել հաշւարկային կոպիտ սխալներ։ Իսկ պատասխան-գործողութիւնների առումով, այաթօլլահ Խամենէին յայտարարեց, որ պատկան պատասխանատուներին վերապահւած է անելու այն, ինչ նպատակայարմար է նկատւելու երկրի արժանապատւութեան ու անվտանգութեան համար։ Գրեթէ նոյն կերպ արձագանգեց նախագահ Փեզեշքիանը, ասելով, որ Իրանը երբեւիցէ պատերազմատենչ չի եղել, սակայն, սեփական իրաւունքները արժանապատւօրէն պաշտպանելու համար, բոլոր հնարաւոր միջոցները ի գործ է դնելու։
2. ՀԱՐՐԻՍՆ ՈՒ ԹՐԱՄՓԸ ԱՐՑԱԽ ԵՆ ՅԻՇԵ՜Լ
Անցնող շաբաթւայ քարոզարշաւի ընթացքում ԱՄՆ նախագահի թեկնածուները մեծահոգաբա՜ր յիշել են Արցախը. դեմոկրատ Բայդենի օգնական Հարրիսը խօսել է արցախցիների վերադարձի իրաւունքի մասին, իսկ հանրապետական Թրամփը Արցախը յիշել է՝ Հարրիսին քննադատելով նրանում, որ արցախցիների բռնագաղթի օրերին դեմոկրատները ոչինչ էլ չարեցին…։ Տւեալ դէպքում իրաւացի է պրն. Թրամփը, բայց թող յիշի նաեւ, որ իր նախագահութեան օրօք ԱՄՆ-ն մեծ սպառազինութիւններով է օժտել հայատեաց ու Արցախ օկուպացրած Ադրբեջանին։
Դէ՜ արդէն մանաւանդ ամերիկահայ քւէարկողները ընտելացել են բնակւող երկրի քառամեակը մէկ նախագահական ընտրութիւնների քարոզչական ա՜յն հնարքներին, որոնք կիրառւում են երկու ճամբարների թեկնածուների կողմից հաւասարապէս։
Ամերիկահայ ընտրազանգւածների պատկառելի եւ յաճախ որոշիչ քւէները, ինչպէս Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի պատասխանատուներն են բնութագրում, պէտք է ուղղորդւեն այն թեկնածուի օգտին, որի հայանպաստ խոստումների իրականացման երաշխիքներն աւելի առարկայական են ու լոկ քարոզչական նպատակներով պայմանաւորւած չեն եղել։
3. «ԽԱՂԱՂԱՍԷ ՜Ր» ԷՐԴՈՂԱՆԸ
Թուրք նէոսուլթանը անցնող շաբաթւայ ընթացքում մինչ ԲՐԻՔՍ-ի կազանեան համաժողովին դիտորդական կարգավիճակով մասնակցելը, յոխորտալի յայտարարութիւն էր բաց թողել, առաջարկելով, որ Միջին ասիական երկրների աշխարհագրական անւանումը վերափոխւի ոչ աւել-ոչ պակաս քան՝ Թուրքիստանի…։
Դէ՜ պարզ է՝ ԲՐԻՔՍ-ը գլխաւորող Ռուսաստանի, Չինաստանի եւ յատկապէս Հնդկաստանի նման երկրները տւեալ դէպքում լարախաղաց ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային նոյն կառոյցում լիիրաւ անդամ դառնալու հայցը Թուրքիստանի առաջարկի հետ համատեղ՝ կը մերժեն անտարակոյս։
Ինչեւէ, նոյն ԲՐԻՔՍ-ի շրջանակներում, երեւի ի տես Ալիեւ-Փաշինեան հերթական հանդիպման, Էրդողանը մեծ գոհունակութեամբ ի լուր աշխարհի յայտարարել է «Հարաւային Կովկասում խաղաղութեան քամիների՜» մասին ու աւելացրել, որ այդ ճամբին համակարգւած կերպով օժանդակելու է եղբայրակա՜ն Ադրբեջանին…
… Ինչ-ինչ, բայց այլեւս ոչ ի զարմանս շատերի՝ Սուլթանի խաղաղասիրական այդ յայտարարութեանը անմիջապէս հետեւել է Երեւանում ԵԿՄ( Երկրապահ կամաւորականների միութիւն) նախագահ Սասուն Միքայէլեանի երիցս «խաղաղասիրական» արձագանգը, ըստ որի՝ «մենք մեր հարցերը Ադրբեջանի հետ լուծելու ռազմական հնարաւորութիւն չունենք, քանի որ նրանց կարողութիւնները աւելի շատ են մեզանից…»։
Ահաւասիկ. այստեղ է, որ երեւի դասականը կասէր՝ ողբամ զքեզ հայոց աշխարհ, որ «ԵՐԿՐԱՊԱՀ»-դ լամուկ է…։
Այդպէս է նաեւ թուրքահպատակ իշխանութեան քաղաքական վերնախաւը, երբ ՆՓ-ի Սահմանադրական Դատարանը, ԱԺ-ն ու Հանր. նախագահն ընդամէնը օրերի ընթացքում, ձայնակցեցին թուրք-ադրբեջանական խաղաղութեան պատգամներին ու հապճէպ վաւերացրին ու ստորագրեցին սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգը, որպէս ոչ միայն ադրբեջանա-հայկական «խաղաղութեան», այլ իրենց իսկ հայրենադաւ իշխանութիւնը պահելու «երաշխիք»…։
Ո՞ւր մնաց հայի թմբրած մտքի ու հոգու յառնումն ու առկայծումը, գիտակցելու՝ դարերի խորքից եկած ու հազար անգամ փաստւած՝ թուրքական ոսոխների հայահալած ու հայաջինջ նկարագրի անփոփոխելիութիւնը։
***
Ցաւօք, ինչպէս յարափոփոխ իրադարձութիւններն են վկայում,դեռ տեւական ժամանակ ականատեսն ենք լինելու միջազգային քաղաքական խառնիճաղանջ հարթակներում նմանատիպ այլանդակութիւնների, դրանցից բխող անկանխատեսելի հետեւանքներով։
Դերենիկ Մելիքեան
Պատմական գիտութիւնների թեկնածու