Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն անդրադարձել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառմանը, ըստ որի մարտից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի հատուկ covid-բաժանմունքը դատարկ է եղել:
Ստորեւ ներկայացնում ենք փոխնախարարի պարզաբանումը.
«Ստորեւ ներկայացնեմ իրականությունը երեկվա հրապարակման հետ կապված.
Մարտի վերջին իմ ստորագրությամբ շրջանառվել է մի գրություն որով առաջարկվել է բոլոր բժշկական հաստատություններին առանձնացնել տարածքներ (մեկուսարաններ) COVID-19 պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Միեւնույն ժամանակ ֆեյսբուքյան լուսանկարներում հրապարակվում է ԵՊԲՀ-ի մի տարածք, որը ըստ հրապարակման, նախկին ճաշարանն է, վերապրոֆիլավորված մեկուսարանի` կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիների համար:
Ապրիլի առաջին օրերից սկսած` առողջապահության նախարարության բժշկական տրիաժի մասնագետները գրեթե ամենօրյա պարբերականությամբ ստացել են COVID-19 հաստատված պացիենտների տեղափոխման հայտեր ԵՊԲՀ մեկուսարանից դեպի այլ հիվանդանոցներ:
Ստացվել է, որ մեկուսարանը գործել է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված եւ նմուշառման պատասխանին սպասող անձանց համար: Այնուհետեւ, անցած շաբաթվա վերջին համալսարանի պաշտոնատար անձանց հետ խոսելու ժամանակ, ինձ համար ՆՈՐ պարզ է դարձել, որ փաստացի ԵՊԲՀ-ն ունի երկու տարածք` մեկը այն մեկուսարանը, որտեղից հոսպիտալացված COVID-19 հաստատված պացիենտները տեղափոխվել են երկու ամիս շարունակ եւ դրանից ԶԱՏ եւս մեկ տարածք, որի լուսանկարները հրապարակվել են դեռեւս մարտին:
Տվյալ տեղեկատվությունը իմանալուն պես մեր կողմից անմիջապես առաջարկվել է գործարկել երկու տարածքը հետեւյալ սկզբունքով` 10 հոգու համար նախատեսված մեկուսարանը, որտեղից երկու ամիս է տեղափոխվում են հաստատված պացիենտները` օգտագործել կորոնավիրուսի հիվանդության կասկածով պացիենտների հոսպիտալացման համար, իսկ 10 հոգու համար նախատեսված վերապրոֆիլավորված նախկին ճաշարանը համալրել համապատասխան անձնակազմով եւ իրականացնել COVID-19 հաստատված պացիենտների հոսպիտալացում եւ բուժում:
Այսպիսով լեգիտիմ հարց է առաջանում, գուցե ԵՊԲՀ-ում ծավալվում է կամ ծավալված է եւս մեկ` 3-րդ համալրված տարածք` օրինակ չօգտագործվող լսարանում:
Ինչեւէ, կոչ եմ անում տարատեսակ ֆեյսբուքյան գրառումների փոխարեն, ժամանակը ծախսել միայն մեր քաղաքացիների առողջության պահպանմանը եւ համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների վրա` կատարելով ՀՀ կառավարության եւ լիազոր մարմնի բոլոր ցուցումները:
Հ.Գ. ի դեպ, երեկ ԵՊԲՀ-ի ղեկավար անձնակազմի հետ հանդիպումը եղել է ջերմ եւ կառուցողական մթնոլորտում եւ ուղղված է եղել վերոհիշյալ միջոցառումների կատարմանը եւ իրագործմանը: Ես ընդհանրապես չէի անդրադառնա քաղաքացի Վահան Արծրունու ֆեյսբուքյան հրապարակմանը, եթե չտեսնեի ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի մարտնչող գրառումները»: