կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-05 18:57
Քաղաքական

Առկա իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված առաջարկները պետք է իրենց արժանի ներգրավվածությունն ունենան. Վաղարշակ Հակոբյան

Առկա իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված առաջարկները պետք է իրենց արժանի ներգրավվածությունն ունենան. Վաղարշակ Հակոբյան

Օրերս ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ հրավիրելու մասին ՀՅԴ հայտարարությունը, որով ՀՅԴ-ն, ելնելով երկրում ստեղծված աղետալի վիճակից, պահանջում է ԱԺ հատուկ նիստ գումարել՝ կոնկրետ օրակարգով։

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժի ցանկացած պահանջ պետք է օբյեկտիվության սահմաններում լինի:

«Առաջարկի տեքստին ծանոթ չեմ, բայց ցանկացածի կարծիք կարևոր է, եթե այդ կարծիքները ընդհանուր իրավիճակը գնահատելու և օբյեկտիվ լուծումներ առաջարկելու նպատակ ունեն: Կարծում եմ, մենք պետք է բոլորիս կենսագործունեությունը կազմակերպենք այնպես, որ միտված լինի համաճարակային իրավիճակի հանգուցալուծմանը»,-նշեց Հակոբյանը:

Դիտարկմանը, որ ՀՅԴ-ն ներկայացնում է արտակարգ նիստ գումարելու 3 հիմնական պատճառ՝ քննարկել և ամբողջական գնահատական տալ առկա իրավիճակին, սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից՝ պատասխանատվության կանչել ձախվողած բոլոր պաշտոնատար անձանց, գտնել ճգնաժամից դուրս գալու լուծումներ, որոնք արագ և արդյունավետ ձևով կկասեցնեն համավարակի տարածումը և կկանգնեցնեն տնտեսության փլուզումը, պատգամավորը պատասխանեց. «Նորից պիտի նշեմ, որ ցանկացած առաջարկի դեպքում կարևոր է, որ այն լինի օբյեկտիվ: Շատ կարևոր է, որ արձանագրենք իրավիճակի դրական միտումները: Մենք բոլորս պիտի միմյանց ականջալուր լինենք և բոլոր այն առաջարկները, որոնք միտված են համաճարակի հետևանքով ստեղծված դժվար իրավիճակի հանգուցալուծմանը, պետք է իրենց արժանի ներգրավվածությունն ունենան: Չեմ ուզում կոնկրետացնել, սա ասում եմ ավելի լայն կոնտեքստում, չեմ մասնավորեցնում արտակարգ նիստի հետ կապված, բայց համոզված եմ, որ այժմ պետք է բոլոր գործողությունները միտված լինեն ընդհանուր նպատակին՝ համաճարակով պայմանավորված դժվարությունների հանգուցալուծմանը»:

Հարցին, արդյոք պատգամավորը տեսնում է արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու ճանապարհ, վերջինս պատասխանեց. «Քաղաքականության մեջ պետք է պատրաստ լինել համագործակցել ոչ միայն խորհրդարանական, այլ նաև արտախորհրդարանական ուժերի հետ, եթե նպատակը նույնն է: Պետք է հասկանալ, թե ինչ ուղով ենք առաջ շարժվում: Այն, որ համավարակով պայմանավորված դժվարություններ կան Հայաստանում, դա ակնհայտ է: Եվ այս խնդիրների հանգուցալուծումը ինչպես կազմակերված գործողությունների, այնպես էլ քաղաքացիների աչալրջության և պատասխանատու լինելու մեջ է»:

Մանրամասները՝ տեսանյութում.