կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-04 19:09
Հասարակություն

Իրադրությունը ՀՀ-ում Մայիսյան հերոսամարտերից հետո․ Արամ Մանուկյանը վարիչների մարմնի նախագահ

Իրադրությունը ՀՀ-ում Մայիսյան հերոսամարտերից հետո․ Արամ Մանուկյանը վարիչների մարմնի նախագահ

1918 թ. մայիսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում հայությունը սեփական ուժերով դիմադրեց իրեն ռազմապես գերազանցող թուրքական բանակին և հաղթանակ տարավ: «Սարդարապատի, Բաշ-Աբարանի եւ Ղարաքիլիսայի յաղթանակներու դարբնողները,- գրել է «Ազատ խօսք» օրաթերթը,- կը մնան Վասպուրականի ԱՐԱՄԸ՝ իւր պողպատեայ կամքով, ԴՐՕՆ՝ իւր շեշտակի խոյանքով ու սպարապետ ՆԱԶԱՐԲԵԿԵԱՆ եւ զօր. ՍԻԼԻԿԵԱՆ՝ ռազմավարի հանճարով»:

Մայիսյան հերոսամարտերը, որոնց կազմակերպմանն Արամ Մանուկյանն ունեցավ առաջնակարգ մասնակցություն, բացառիկ նշանակություն ունեցան հայության համար: Դրանք ոչ միայն վերջինիս փրկեցին բնաջնջումից, այլև հնարավոր դարձրին Հայաստանի անկախության վերականգնումը՝ ծնունդ տալով Հայաստանի առաջին հանրապետությանը:

Մայիսի 28-ին ձևավորվեց և թուրքերի հետ առանձին բանակցություններ վարելու համար Բաթում ուղարկվեց Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը:

Անկախության մասին հայտարարությունը Ն. Աղբալյանի մշակմամբ հրապարակվեց մայիսի 30-ին:

1918 թ. հունիսի 4-ին Հայաստանի համար չափազանց ծանր պայմաններովկնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը, ինչը դժգոհությունների տեղիք տվեց: Զորքն ու ժողովուրդը պահանջում էին չեղյալ հայտարարել այն, զորքի հրամանատարությունը հանձնել գեներալ Մ. Սիլիկյանին և շարունակել պատերազմը:

Փոթորկահույզ այդ օրերին ժողովրդական զանգվածները դարձյալ հայացքներնուղղեցին դեպի Արամը: Իսկ նա, որ ամենից քաջատեղյակն էր իրական վիճակին, «որոշ ժամանակ լռություն պահպանելուց, ըստ երևույթին իրադրությունը համակողմանի վերլուծելուց հետո կողմ արտահայտվեց հաշտությանը»: Արամը խոսեց սահմանների, պարենավորման ու մարտունակության իրական պատկերիմասին և նշեց, «որ առկաիրավիճակում Թիֆլիսի Ազգային խորհուրդն այլ ելք չուներ և ստիպված էր հաշտություն կնքել թշնամու հետ»:

Օգտագործելով այս փաստը՝ ոմանք Արամին մեղադրել և այսօր էլ երբեմն մեղադրում են, որ դեմ չգնաց Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին և ընդունեց Բաթումի պայմանագիրը: Բայց մեկդարյա հեռավորությունից այսօր կարող ենք միանշանակ արձանագրել, որ թե՛ Արամը, թե՛ Բաթումում և Թիֆլիսում գտնվող հայ գործիչները, պարտադրված հաշտությունից զատ, այլ ելք չունեին: Հետագայում այլ առիթով Խալիլ փաշային Արամի արած մի խոստովանությունից պետք է պարզ դառնար, որ պատերազմը շարունակելու համար երևանյան զորախմբի տրամադրության տակ չնչին քանակությամբ փամփուշտ էր մնացել, և թուրքական ևս մեկ հարձակման դեպքում հայկական կողմի համար իրադարձություններն անկանխատեսելի ընթացք կարող էին ունենալ: Ժողովուրդն այդ մասին չգիտեր: Առանց այն էլ ծանր վիճակում գտնվող ժողովրդի շրջանում խուճապ չառաջացնելու համար Արամը գերադասեց լռել և սպասել լավ օրերի:

Ըստ էության,Արամը շրջահայաց գտնվեց՝ արտահայտվելով Բաթումի պայմանագրի օգտին։ Նա քաջ գիտակցում էր,որ շատ առումներով անցանկալի և չափազանց ծանր այդ պայմանագիրը տվյալ ժամանակաշրջանում այն առավելագույնն էր,որին կարելի էր հասնել, հատկապես որ ամենակարևոր խնդիրը՝ հայ ժողովրդի նվազագույն անվտանգությունը և հայոց պետականության ստեղծումը, այլևս կատարված փաստ էր:

Արամի այդ դիրքորոշումն ավելի ընկալելի է դառնում, եթե հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, որ այդ օրերին Հայաստանը գտնվում էր գերծանր կացության մեջ՝ զուրկ արտաքին դաշնակիցներից, լցված գաղթականներով ու սովահար որբերով, դարձած թուրքական հարձակումների մշտական թիրախ:

Ի հավելումն վերը շարադրվածի՝ նաև արձանագրենք, որ փաստացի 1918 թ. հունվարից մինչև հունիսը Կովկասյան ռազմաճակատում թուրքերին դիմադրում էր միայն մեկ ռազմական ուժ՝ հայկականը: Հարևան թաթարները Թուրքիայի դաշնակիցն էին, իսկ վրացիները ստացել էին Գերմանիայի հովանավորությունը: Միայն հայ ժողովուրդն էր, որ առանց արտաքին դաշնակցի ու դրսից ստացված որևէ օգնության կանգնել էր թշնամու գերակշիռ ուժերի դեմ:

Բաթումի պայմանագիրը ստորագրելուպատասխանատվությունը ստանձնածհայ գործիչներին մեղադրելուց առաջ չպետք է մոռանալ այն փաստը, որ եթե «Չլիներ մերժողովրդի միակամ պոռթկումն ընդդեմ թշնամու, չլինեին մայիսյան ճակատամարտերը, չէր լինի նույնիսկ այդ ծանր պայմանագիրը և նրանով ճանաչվող անկախ Հայաստանը:

Մինչ մայիսյան հերոսամարտերը թուրքերը դեմ էին ինքնուրույն Հայաստանի ստեղծման ցանկացած գաղափարի»:
Բաթումի պայմանագրից դժգոհ էր մնացել նաև զորավար Անդրանիկը: Վերջինս որոշել էր հեռանալ նորանկախ Հայաստանի տարածքից և հունիսի 25-ին իր հայկական առանձին հարվածային զորամասով արդեն հասել էր Խոյ, թեև թշնամու գերակշիռ ուժերի ճնշման ներքո ստիպված էր նահանջել և մինչև 1919 թ. գարուն հանգրվանել Զանգեզուրում: Հատկապես խորհրդային շրջանում այս փաստն օգտագործվել է Արամին և ՀՀ մյուս ղեկավարներին վարկաբեկելու համար:

ՀՀ տարածքից Անդրանիկի հեռանալը փորձել են կապել նրա դեմ հայ-թուրքական ենթադրյալ համագործակցության հետ: Այդ նպատակով 1965 թ. շրջանառության մեջ է դրվել Թուրքիայի ռազմական նախարար Էնվերին ուղղված և 1918 թ. հունիսի 17-ով թվագրված մի կեղծ հեռագիր, որում ՀՀ ղեկավար գործիչները իբր գրել են, որ Անդրանիկը «մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն և հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար»: Այդ հեռագիրը ստորագրել էին՝ «կառավարության նախագահ՝ Հ. Քաջազնունի», «զինվորական մինիստր՝ Արամ փաշա Մանուկյան» և «կառավարության խորհրդի նախագահ՝ Սահակյան»:

Այն, որ այս «հեռագիրը» ամբողջությամբ կեղծ է, երևում է թե՛ ամսաթվից, թե՛ ստորագրություններից: Ինչպես իրավացիորեն նկատել է Ա. Ասրյանը, 1918 թ. հունիսի 17-ին Արամը, Հ. Քաջազնունին և Ա. Սահակյանը միաժամանակ չեն գտնվել ո՛չ Երևանում, որտեղից իբր թե ուղարկվել է հեռագիրը, և ո՛չ էլ մեկ այլ վայրում: Քաջազնունու կառավարությունը, ինչպես կտեսնենք, Երևան է ժամանել միայն հուլիսի 19-ին: Ակնհայտ կեղծիքի մասին է խոսում նաև այն փաստը, որ Արամի անվան դիմաց գրված է «զինվորական մինիստր»: Մինչդեռ, ինչպես գիտենք, Արամը եղել է ներքին գործերի նախարար, իսկ Ա. Սահակյանն էլ ոչ թե կառավարության խորհրդի, այլ Հայաստանի առաջիկա օրերին բացվելիք խորհրդի նախագահն էր:

Վերը շարադրվածին մնում է հավելել, որ ինքը՝ Անդրանիկը, Հայաստանից իր հեռանալու պատճառների թվում երբեք չի նշել իր դեմ կազմակերպված հայ-թուրքական գործակցությունը: Մասնավորապես այդ մասին որևէ ակնարկ անգամ չկա 1921 թ. հրատարակված «Զօր. Անդրանիկ կը խօսի» գրքույկում, որում նա տարատեսակ մեղադրանքներ է ներկայացրել հանրապետության կառավարությանը և ՀՅԴ-ին: Նման պատճառ չի մատնանշվում նաև Անդրանիկի մերձավորների, կենսագիրների և հուշագիրների կողմից: Ի դեպ, այդպիսի վավերագիր չի պահպանվել նաև ՀՀ արխիվներում (ներառյալ Անդրանիկի ֆոնդը):

Եվս մեկ նկատառում: Ժամանակակիցների վկայությամբ՝ Արամը տանել չէր կարողանում, երբ իրեն «փաշա» էին կոչում: Ուստի քիչ հավանական է, որ նա որևէ փաստաթղթի տակ դներ «Արամ փաշա» ստորագրությունը: Բացի այդ՝ ՀՀ կառավարության գլխավոր հոգսը հայկական տարածքները թուրքական ներխուժումից զերծ պահելն էր: Հետևաբար, ըստ տրամաբանության, նրա համար թեկուզև իր գոյությունը չճանաչող Անդրանիկի ներկայությունը հայկական որևէ տարածքում, լինի դա Զանգեզուրում, Արցախում կամ Նախիջևանում, ավելի օգտակար կլիներ: Չմոռանանք, որ Անդրանիկը Արամից կամ Քաջազնունուց պակաս հեղինակություն չէր վայելում: Ուստի բնական հարց է ծագում. Հայաստանի կառավարությունը ակնհայտ առճակատման կգնա՞ր արդյոք ժողովրդական հերոսի հետ՝ առանց այդ էլ մահվան ճիրաններում գալարվող երկիրը տանելով եղբայրասպան պատերազմի:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք վերը բերված «հեռագրում» առկա աչքի զարնող սխալներից, այդ փաստաթուղթը կեղծ էր և ընդհանուր ոչինչ չուներ իրականության հետ: Այն ստեղծվել և շրջանառության մեջ է դրվել ակնհայտ նպատակով՝ վարկաբեկել Առաջին հանրապետության ղեկավարներին և ՀՅԴ-ին:

Արամի կառավարությունը երկրում ներքին կայունություն, հանրային համերաշխություն ապահովելու և ցնցումներից զերծ մնալու համար հունիսի վերջերին որոշակի վերահսկողություն սահմանեց հրապարակային ելույթների վրա, ինչը դժգոհություն առաջ բերեց: Որոշ շրջանակներ Արամին մեղադրում էին խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ: Մասնավորապես սոցիալ-դեմոկրատ մենշևիկ (հետագայում բոլշևիկ) Հայկ Ազատյանը Երևանի և Թիֆլիսի Ազգային խորհուրդներին բողոքում էր, որ ինքը ցանկացել է դասախոսություն կարդալ, բայց տպարանները մերժել են առանց միլիցիայի պետի թույլտվության տպագրել դրա վերաբերյալ ազդագրերը: Հայկ Ազատյանի կարծիքով՝ «դա խօսքի ազատութեան բռնադատումն է, որը պէտք է այսօր և եթ վերացւի»: Հարցի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև Արամը՝ շեշտելով, որ «.իւրաքանչիւր դասախօս պարտաւոր է յայտնել միլիցիապետին թէ որտեղ, որ ժամին և ինչի մասին պիտի խօսի»: Կարծում ենք՝1918 թ. բախտորոշ օրերին նման հարցադրումը միանգամայն տրամաբանական և օրինական էր:

Հայկական պատվիրակության՝ Բաթումից Թիֆլիս վերադառնալուն պես ձևավորվեց ՀՀ առաջին կառավարությունը՝ Հ. Քաջազնունու վարչապետությամբ: Բայց, ինչպես վկայում է Ա. Աստվածատրյանը, «Մինչեւ Քաջազնունու Թիֆլիսում կազմած կառավարութեան Երեւան գալը, Երեւանում գործում էր Արամի նախագահութեամբ ու գլխավորութեամբ կազմուած կառավարութիւնը՝ Վարիչների մարմինը, որ ուժեղացրած կազմով փոխարինել էր Յատուկ Կոմիտէին»:

Ստանձնելով Վարիչների մարմնի նախագահի պաշտոնը՝ Արամը, նկատի ունենալով իր մեծ ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև հատկապես սպայական վերնախավի շրջանում դժգոհություններ չառաջացնելու նպատակով հրաժարվում է զինվորական վարիչի պաշտոնից: Նրա այդ առաջարկը սկզբնապես չի ընդունվում, քանի որ ընտրություն կատարողները քաջ գիտակցում էին, «.որ այն պայմաններում ոչ ոք կարող էր փոխարինել նրան և կատարել նրա գործը»:

Այնուհանդերձ, կարճ ժամանակ անց Արամը «Հ.Յ.Դ. Երեւանի Կ. Կոմիտէում նորից բարձրացրեց զինուորական վարիչի պաշտօնը զինուորականի յանձնելու հարցը…»: Այդ պաշտոնում Արամի կողմից դիտարկվում էր գեներալ Մ. Սիլիկյանի թեկնածությունը: Վերջինս, իր հերթին շնորհակալաբար հրաժարվելով առաջարկված պաշտոնից և տեղեկանալով Արամի հրաժարվելու պատճառների մասին, ասաց. «Դժգոհողները չեն ճանաչում Արամին: Երբ ճանաչեն, կը համոզուեն, որ ներկայումս նա միակ կարող մարդն է այդ պաշտօնի համար: Ես ինչո՞ւ եմ հրաժարւում. որովհետեւ մէկ է՝ ես ինքս առանց Արամի ոչինչ չեմ անելու: Ես այժմ էլ առանց Արամի հետ խորհրդակցելու՝ ոչ մի կարեւոր քայլ չեմ առնում, իսկ վարիչի պաշտօնը յանձն առնելու պարագային, գրասենեակս տեղափոխելու եմ նրա մօտ: Ո՛չ մի զինուորական վերարկու ոչ ոքի չի տայ այն, ինչ որ ունի Արամը: Նրանից յարմար վարիչ մեզ համար չէք գտնի: Ես ինքս անձամբ կը խնդրեմ, որ նա չթողնի այդ պաշտօնը»:

Հանձն առնելով զինվորական վարիչի պաշտոնը՝ Արամը, Ռուբենի վկայությամբ, «.վարում էր զինուորական գործերը իր յատուկ ձեւով, առանց կապուելու ընդհանրապէս ընդունուած զինուորական օրէնքներով եւ կանոններով»: Առհասարակ գործի հաջողության համար Արամը կառչած չէր մնում ընդունված ձևականություններից և երբեմն կարող էր շրջանցել դրանք: Նրա «.կիրառած ժողովրդական-զինուորական ձեւերի շնորհիւ, առանց նիւթական եւ դրամական միջոցների, մի պատկառելի զինուորական ոյժ էր կազմակերպուած թուրքերի դիմաց, որից կ’ակնածէին նոքա»:

Այսպիսով, մինչ կառավարության՝ Երևան ժամանելը փաստացի իշխանությունը գտնվում էր Վարիչների մարմնի ձեռքում: Անցումային այդ ժամանակահատվածը և այդ օրերին Արամի դերակատարությունն ահա թե ինչպես է բնութագրում Ռիչարդ Հովհաննիսյանը. «Մինչ այդ Հայաստանն անկախ էր՝ համենայն դեպս անվանապես, մեկ ամբողջ ամիս, սակայն վարչության միակ նմանությունը Երևանի շրջակայքում մնում էր ժողովրդական դիկտատուրան: Այն գլխավորում էին Արամ Մանուկյանը՝ Վանի 1915 թ. ինքնապաշտպանության և Երևանի նահանգի 1918 թ. մայիսի դիմադրության առաջնորդը, և Դրոն (Դրաստամատ Կանայան)՝ փառաբանված պարտիզանական հրամանատարը: Երկու ղեկավարները, որոնք շատ ժամանակակիցների գնահատմամբ դիտվում էին որպես Հանրապետության իսկական հիմնադիրներ, չազատվեցին իրենց պարտականություններից անգամ Ազգային խորհրդի կողմից Քաջազնունու կառավարության հաստատումից հետո, որովհետև պաշտոնական կառավարությունը դեռևս մնում էր Թիֆլիսում»:

Թե՛ Վարիչների մարմնի և թե՛ անձամբ Արամի գերխնդիրը երկիրը թշնամու ոտնձգություններից պաշտպանելն էր: Ճիշտ է, «Երևանում ձգտում էին հաշտության, բայց կապիտուլյացվելու մտադրություն չունեին»:Մինչդեռ թուրքական ներխուժման վտանգը, գոնե մինչև 1918 թ. նոյեմբերը, դամոկլյան սրի պես կախված էր նորանկախ Հայաստանի գլխին: Այդ պատճառով, ռազմական պատրաստություններին զուգընթաց, Արամը նաև բանակցում էր թուրքերի հետ՝ փորձելով հասնել այն բանին, որ թուրքերը կատարեն Բաթումի պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Երբ հունիսի 17-ին Վեհիբ փաշան առաջարկեց մինչև հայ-վրացական սահմանի որոշումը թուրքական զորքեր թողնել Ալեքսանդրապոլ-Սադախլու երկաթգծի ուղղությամբ, Արամը դեմ արտահայտվեց դրան: Նա գտնում էր, որ հարկավոր է թուրքական ուժերը հեռացնել Ղարաքիլիսայի գծից և Վրաստանի հետ սահմանը պահպանել սեփական ուժերով:

Երկիրը ծանր կացության մեջ էր. հարյուր հազարավոր փախստականներ, փլուզված տնտեսություն, սննդամթերքի և նյութական այլ միջոցների բացակայություն: Նման պայմաններում Վարիչների մարմնի առջև ծառացած մյուս դժվարին խնդիրը պարենայինճգնաժամի մեղմումն էր: Այդ նպատակով Ազգային խորհուրդը 1918 թ. հուլիսի 9-ին սահմանեց հացի պետական մենաշնորհ և հսկողության տակ վերցրեց հացահատիկի բերքը:

Նյութական խնդիրներիցբացի՝ Վարիչների մարմնի կարևոր խնդիրներից էր նաև երկրում կարգ ու կանոնի հաստատումը: Ա. Աստվածատրյանի վկայությամբ՝ ««Երեւանի կառավարութեան» ի վերջո յաջողուեց մաքրել ռազմական նշանակութիւն ունեցող գլխաւոր ճանապարհները, խռովութիւնների բոյն ծառայող թրքաբնակ վայրերը… եւ որոշ կարգ ու կանոն հաստատել իրեն ենթակայ շրջաններում»: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, գործադրված գերմարդկային ջանքերով և կատարված տիտանական աշխատանքի գնով «.Արամի գլխավորությամբ գործող Վարիչների մարմինը, մինչև Հ. Քաջազնունու կառավարության գործի անցնելը, կարողացավ ապահովել երկրի տարբեր ոլորտների կենսագործունեությունը և համեմատական կայունությունը՝ որոշ չափով դյուրացնելով վերջինիս գործը»:

Անդրադառնալով 1918 թ. ամռանը Արամի ծավալած գործունեությանը՝ Վահան Նավասարդյանը հիշում է, որ այդ օրերին արտաքին աշխարհից մեկուսացված, իր անվերջանալի խնդիրներով «Արարատեան փոքրիկ Հայաստանը, Արամի հզօր ու արթուն հսկողութեան տակ, ապրում էր իր անստոյգ ճակատագրի մռայլ օրերը:

Մի բացառիկ երկիր էր այդ, օղակաձեւ շղթայով շրջապատուած իր չորս կողմերից, զուրկ արտաքին աշխարհի հետ կապուելու, նրան լուր տալու եւ այնտեղից լուր առնելու գրեթէ բոլոր հնարավորութիւններից»: Այդ մռայլ երկրում ժողովրդի հայացքն ուղղված էր դեպի այն տունը, «ուր օր ու գիշեր տքնում էր Արամը, փրկութեան ելք փնտռելով հայկական ահաւոր դժոխքից»:

Այսպիսով, 1917 թ. դեկտեմբերի վերջերից Արամ Մանուկյանը, ապա 1918 թ. հունվարից նրան միացած Դրոն ու Մ. Սիլիկյանը մի քանի ամսվա ընթացքում կարողացան նախապատրաստել և նվաճել հայ ժողովրդի նորագույն պատմության առաջին հաղթանակները: «Նրանք միասնաբար ստեղծեցին անկախ պետականության շենքը, լռեցրին երկրի ներքին թշնամուն, բարոյալքված զանգվածներից կերտեցին մարտունակ, ազգային ազատագրության գաղափարներով տոգորված ժողովուրդ և մայիսի վերջին պատմության անդունդից դուրս բերեցին ու Արարատի շուքի տակ շունչ հաղորդեցին հայոց պետականությանը»:

Ամփոփելով կարող ենք ասել, որ 1917 թ. դեկտեմբերից, երբ Ազգային խորհրդի կողմից Արամն ուղարկվեց Երևանի նահանգ, մինչև 1918 թ. հուլիսը, ինչպես վկայում է Սարգիս Արարատյանը, «Երևանի շրջանում… ամբողջ իշխանությունը հաստատուն կերպով գտնվում էր Արամի ձեռքում, որ լիակատար համերաշխությամբ գործում էր գեներալ Սիլիկյանի և զորքին ու ժողովրդին ոգևորող Դրոյի հետ: Երևանի շրջանի ռազմական հզորության, տնտեսական և մնացյալ կարգի կազմակերպման Արամի փայլուն ընդունակությունը հայերին հնարավորություն տվեց զենքը ձեռքներին պահպանել փոքրիկ հողակտորը՝ միակ քաղաք Երևանը և Սուրբ Էջմիածնի եկեղեցին: Եվ եթե հայերիս հետ հաշվի էին նստում այն ժամանակ, և հաշվի են նստում այժմ, ապա դա կարող է վերագրվել բացառապես երեք անձանց՝ Արամին, գեներալ Սիլիկովին և Դրոյին»:

Հ. Քաջազնունու կառավարությունը 1918 թ. հուլիսի 17-ին Թիֆլիսից գնացքով ուղևորվեց և հուլիսի 19-ի ուշ երեկոյան հասավ Երևան: Բայց անգամ կառավարության ժամանումից հետո Արամի դերը երկրում չնվազեց: Քաջազնունու կառավարությունում ստանձնելով ներքին գործերի նախարարի պաշտոնը՝ Արամ Մանուկյանը մնաց պետության առանցքային դեմքը՝ շարունակելով իր պետականաստեղծ գործունեությունը:

Օգտագործված աղբյուրների եւգրականության ցանկ

1․Արամը. մահուան յիսնամեակին առթիւ, Եր., 1991, 549 էջ:

2․Ասրյան Ա., Արամ Մանուկյան. կյանքը և գործը, Եր., 2008, 267 էջ:

3․Արամ Մանուկյան. ազգային և պետական գործիչը (Հոդվածների ժողովածու), Եր., 2010, 119 էջ:

4․Հովհաննիսյան Ռ. Գ., Հայաստանի Հանրապետություն, հ. I, Եր., 2005, 570 էջ:

5․Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հ. 7, Թեհրան, 1982, 363 էջ:

Մամուլ

1.«Ազատ խօսք» օրաթերթ, Սոֆիա, մայիս 1936, N 24, յունիս 1936 (բացառիկհրատարակութիւն):

2. Վէմ համահայկական հանդես թիվ 4., Եր., 2018

Համացանցային նյութեր

1. https://old.arfd.am/?p=21143

Անի Մելքոնյան

«Դրօշակ», թիվ 6 (1640), հունիս, 2020 թ.