Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ավելի քան հարյուր տարի առաջ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային սրընթաց փոփոխվող պայմաններում վերականգնվեց հայկական անկախ պետականությունը: Մեր հայրենիքի մի մասում ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Հիրավի շրջադարձային և դարեր շարունակ մեր ազգի քաղաքական միտքն ու ռազմական ոգին ձևավորող, ամրապնդող ու պայքարի մղող այդ տեսլականը կյանքի կոչվեց ամենից առաջ հայության մայիսյան փառահեղ հաղթանակների շնորհիվ: Որ դա իրականացավ հայոց բանակի, նրան սնող, աջակցող և կռվելու կամք ու ոգի տվող ժողովրդի, հայ հասարակության բոլոր շերտերի, ազգային քաղաքական ու ռազմական ուժերի և նրանց նշանավոր գործիչների համատեղ ջանքերով, հայ հանրությունն այն օրերին և այժմ գրեթե միակարծիք է: Բայց, չգիտես ինչու, ոմանք շարունակում են հին կարծրատիպային կաղապարներով գնահատել 1918 թ. գարնանը Հայաստանում և մեր տարածաշրջանում տեղի ունեցած վճռորոշ իրադարձությունները. մի կողմից գովերգում են մայիսյան հաղթանակներն ու Առաջին հանրապետության ծնունդը, մյուս կողմից` արհեստական հակադրություն ստեղծում, ողբերգական կամ խարազանման մթնոլորտ ձևավորում Բաթումի պայմանագրի շուրջ:
Մեր կարծիքով` սխալ է նման հակադրություն ստեղծել պատմական ընթացքի և դրա արդյունքների գնահատման մեջ, նաև սլաքները տանել-հասցնել Ալեքսանդրապոլի պայմանագիր ու դրանով նսեմացնել Առաջին հանրապետության արժեքը: Երբ դա արվում էր խորհրդային ժամանակներում, հասկանալի էր, բայց մեր օրերում նման մտայնությունն ու գործելակերպը պետք է վերացնել հայության միջավայրից: Կողմնակալ, միակողմանի, միտումնավոր, առարկայականությունից և համակողմանիությունից հեռու գնահատականներով ոմանք փորձում են նվազեցնել կամ անտեսել ժամանակի հայ ազգային քաղաքական և ռազմական ուժերի, նրանց ղեկավարների մեծագույն ներդրումը մեծ հաղթանակների և անկախության վերականգնման գործում:
Քաղաքական և գաղափարական պայքարի կեղտոտ մեթոդներ ու հնարներ չարժե կիրառել մեր պատմության հանդեպ: Դա առավել ևս աններելի է հայության հերոսական և փառահեղ էջերը ներկայացնելիս: Այդ մոտեցումն ու մտավարժանքներն այլևս արխայիկ են, ուժերի անիմաստ և անտեղի վատնում:
Որ նման երևույթներ դեռ տեղ են գտնում մեր հասարակության մեջ, մեր եթերում, մամուլում և համացանցում, մերժելի է, և դրանում մեր մեղքի բաժինը նույնպես կա: Ժամանակին չենք լուսաբանում, հակադարձում, չենք սովորեցնում մեր իրական պատմությունը, վեր չենք հանում և ներկայացնում Դաշնակցության ներդրումը, վաստակը Հայաստանի և հայ ազգի պատմության մեջ: Իսկ որ հենց 1918 թ. գարնանը Դաշնակցությունը մեծ դեր է խաղացել մեր պատմական ընթացքը բեկելու, Հայաստանի վերածնունդը կերտելու, Անկախ և Միացյալ Հայաստանի երկարատև ճանապարհի սկիզբը հիմնավոր դնելու գործում, վկայում են նրա քաղաքական ղեկավարությամբ հայոց բանակի ստեղծումը` ի դեմս Առանձին հայկական կորպուսի, Առաջին հանրապետության հիմնադիր հայրեր Արամի և Դրոյի ղեկավարությամբ տարած մայիսյան հաղթանակները, հանրապետության ծնունդն ու կայացումը: Ցավոք, այսօր հավուր պատշաճի չենք լուսաբանում նաև Արցախյան ազատամարտում Դաշնակցության դերն ու ներդրումը:
Չվրիպելու համար Բաթումի պայմանագիրը պետք է գնահատել ոչ թե ժամանակի իրադարձություններից առանձնացված, այլ ընդհանուր շղթայի մեջ: Ով փորձում է ոչ համակողմանիորեն վերլուծել դեպքերը, նա անշուշտ հանգելու է ոչ լիարժեք, կեղծ եզրահանգման, իհարկե եթե նպատակը դա չէ: Բնականաբար, այս հոդվածում հնարավոր չէ պատմագիտական և արխիվային ամբողջ հենքը շարադրել, որպեսզի ցույց տանք Բաթումի պայմանագրի իրական արժեքը, ազդեցությունը մեր պատմության մեջ, բայց այն բոլոր փաստերը, որ օգտագործվել են մեր կողմից, հավաստի են, համակողմանիորեն ստուգված: Հարկ եղած դեպքում կարող ենք վավերագրերը ներկայացնել…
Եվ այսպես, ինչո՞ւ մեր պատմական ընթացքը, և ոչ միայն մեր, այլև վրացիների ու Անդրկովկասի արևելքի թաթարների (այժմ կոչվում են ադրբեջանցիներ), հանգեցրեց Բաթումի պայմանագրի ստորագրմանը, և ի՞նչ տվեց այն կողմերին:
Այդ ընթացքը սկզբնավորվել էր դեռ 1917 թ. բոլշևիկյան հեղաշրջումով: Ռուսաստանի երկրամաս Անդրկովկասի երեք հիմնական ժողովուրդների ղեկավար քաղաքական ուժերը չընդունեցին այդ իշխանափոխությունը և ստեղծեցին երկրամասի տեղական իշխանություն: Նրանք համոզված էին, որ բոլշևիկների իշխանությունը շատ շուտով տապալվելու է: Բայց միայն տարիներ անց ակնհայտ դարձավ, որ կանխատեսումը սխալ էր։ Առաջին աշխարհամարտում պատերազմող Ռուսաստանում սկսվել էր հասարակարգային նոր գործընթաց, որը քաղաքակրթական նոր բաղադրիչ մտցրեց համաշխարհային պատմության մեջ:
Բոլշևիկյան կառավարությունը սեպարատ, անարդար, պարտվողական հաշտություն կնքեց Ռուսաստանի թշնամի Քառյակ միության պետությունների հետ 1918 թ. մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում՝ հսկայական տարածքներ զիջելով Գերմանիային ու Օսմանյան կայսրությանը: Հրաժարվելով Անտանտի իր դաշնակիցներից՝ բոլշևիկյան Ռուսաստանը միակողմանիորեն դուրս եկավ համաշխարհային կռվից:
Հայության տեսլականը՝ ստեղծել անկախ Հայաստան թուրքերից հետ վերցված մեր հայրենիքի տարածքում, որի իրագործումն այնքան մոտ էր, այդ ժամանակ ձախողվեց: Բրեստի հաշտությամբ թուրքերին էր վերադարձվում Արևմտյան Հայաստանը, որի ազատագրման համար երեք տարի կռվել էին ռուսական բանակը և հայ կամավորները: Թուրքերին էին նվիրաբերվում նաև Կարսի և Բաթումի մարզերը: Վրացիները ևս չընդունեցին այդ պայմանագիրը, որովհետև կորցնելու էին Բաթումը: Անդրկովկասի մուսուլմանների ղեկավար ուժերը, որ նույն քաղաքական իշխանության մեջ էին վրացիների և հայերի հետ երկրամասում, արտաքուստ դեմ էին Բրեստին:
Այս ընթացքում ռուսական հաղթական բանակը, որ ջախջախել էր թուրքերին, ինքնակամ և անկանոն լքեց Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատը: Թուրքերն օգտվեցին առիթից և մինչև Բրեստի պայմանագրի ստորագրումը, խախտելով Երզնկայի զինադադարը, վերսկսեցին պատերազմական գործողությունները Կովկասյան ճակատում:
Անդրկովկասի քաղաքական կենտրոն Թիֆլիսում երկրամասի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներից կազմվեցին իշխանության նոր մարմիններ՝ օրենսդիր Սեյմը և նորակազմ կառավարությունը: Երկուսի նախագահներն էլ վրացի մենշևիկներ էին: Նշենք, որ վրացիների ղեկավար ուժը սոցիալ-դեմոկրատ մենշևիկներն էին, հայության ղեկավար ուժը՝ Դաշնակցությունը, թաթարներինը՝ մուսավաթական կուսակցությունը: Իսկ երկրամասի արդյունաբերական, նավթային կենտրոն Բաքվում Ս. Շահումյանի գլխավորությամբ ստեղծվեց խորհրդային իշխանություն:
Երկրամասում եռում էր ներքաղաքական պայքարը իշխանության համար, թափ էին հավաքում նաև ազգամիջյան բախումները, թուրք և գերմանացի գործակալների ուղղորդմամբ՝ մուսուլմանների խռովությունները:
Դաշնակցությունը և նրա գլխավորած հայկական ազգային կառույցները (Հայոց ազգային բյուրո, ապա՝ Հայոց ազգային խորհուրդ, Արևմտահայ ազգային խորհուրդ, Հայաստանի ապահովության խորհուրդ, Հայ զինվորական խորհուրդ) դեռ նախորդ տարիներից ձեռնարկել էին հայկական կանոնավոր զորքի կազմավորման գործը:
1918 թ. մարտի սկզբին հայոց զորքը Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում փոխարինել էր ռուսական զորքին և պատկառելի ուժ էր ներկայացնում. միայն մարտական ուժը կազմում էր 40-42 հազար զինվոր: Մինչ այդ ստեղծված արևելահայ և արևմտահայ զորամիավորումների միացումով ձևավորվեց Առանձին հայկական կորպուսը, որը հաստիքային լրիվ համալրման շարունակվող գործընթացի արդյունքում ունենալու էր 64 հազար զինվոր:
Աստիճանաբար ամրապնդվող հայոց բանակի նպատակն էր ապահովել Արևմտյան Հայաստանի տարածքում ստեղծվելիք անկախ Հայաստան պետության անվտանգությունը: Սակայն համաշխարհային կռիվը դեռ ավարտված չէր, և Հայաստանի ապագայի հարցը լուծելու էր պատերազմի արդյունքներն ամփոփելու համար հրավիրվելիք վեհաժողովը: Դա պարզ էր բոլորին, նույնիսկ մեր թշնամիներին: Ահա թե ինչու մեզ պետք էր սեփական բանակ ունենալ, պետք էր համախմբել համահայկական կարողականությունը, որպեսզի չկրկնվեր Խրիմյան Հայրիկի տխուր պատմությունը:
Նորից ենք ուզում շեշտել, որ մեր համազգային տեսլականը համաշխարհային կռվի թոհուբոհում միայն մեր ուժերով հնարավոր չէր իրականություն դարձնել. տերությունների վեհաժողովը պետք է վճիռ տար: Սակայն անկախության ձեռքբերման և պահպանման համար հարկավոր էր հիմնավորապես նախապատրաստվել, մի գործ, որը կազմակերպված և հետևողականորեն անում էին օրվա ղեկավար ազգային ուժերն ու կառույցները: Այդ ժամանակաշրջանում մեր քաղաքական և դիվանագիտական մտածելակերպն ու գործելակերպը անցում կատարեցին խնդրագիր-աղերսանքների, հեռագրա-նամակային սին մակարդակից սեփական զորքին և միասնական ռազմաքաղաքական կամքին ապավինելու մակարդակ: Այս մակարդակի ուժականացումն ու ամրապնդումը առաջնային խնդիր է նաև հիմա՝ մեր ազգային, պետական և պատմական իրավունքներն ու շահերը պաշտպանելու, առաջ տանելու համար:
Հայոց նորակազմ բանակին 1918 թ. գարնանը չհաջողվեց միայնակ, առանց վրացիների և թաթարների ռազմական աջակցության պահել Կովկասյան ճակատի հայկական հատվածի բնագծերը: Կովկասյան ճակատի թուրքական զորքը, որ ուժեղացվել էր Միջագետքի ճակատից բերված դիվիզիաներով, բայց և այնպես քիչ էր գերազանցում հայոց զորքին, հասավ 1914 թ. ռուս-թուրքական պետական սահմանին և ամենևին մտադիր չէր կանգ առնել:
Թուրքական կողմի առաջարկով Տրապիզոնում տեղի ունեցած բանակցությունները ձախողվեցին, որովհետև Անդրկովկասի կառավարությունը չհամաձայնեց Բրեստի պայմաններին: Թուրքերի ախորժակն էլ օր օրի բացվում էր. հստակ ուրվագծվել էր համաթուրքական ծրագրի իրականացման հնարավորություն: Ո՞վ էր տուժելու դրանից. իհարկե առաջին հերթին հայերս, որ որպես սեպ խրվել էինք նրանց կոկորդը, տուժելու էին նաև վրացիները, իսկ շահելու էին թուրքերի կրտսեր եղբայր Անդրկովկասի թուրք-թաթարները:
Տրապիզոնում Բրեստի պայմաններից պատվաբեր հաշտություն կնքել չհաջողվեց, և պետք է գովել Անդրկովկասյան սեյմին: Նա քաջություն ունեցավ պատերազմ հայտարարելու թուրքերին, որովհետև վերջիններս անցել էին 1914 թ. պետական սահմանը: Վրացիների առաջնահերթ մտահոգությունը Բաթումը պահելն էր: Նրանք այդ ուղղությամբ ունեին 10 հազար զորք, բայց առանց դիմադրության 1918 թ. ապրիլի 1-ին թուրքերը գրավեցին իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք-նավահանգիստը:
Հենց այս պահից պատերազմը թուրք-անդրկովկասյանից իրականում դարձավ հայ-թուրքական, չնայած իրավական առումով Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում մինչև հունիսի 4-ը՝ մինչև այս ռազմաբեմի պաշտոնապես փակվելը, պատերազմը թուրք-անդրկովկասյան էր:
Օսմանյան կառավարությունն ի սկզբանե պահանջում էր և հասավ իր նպատակին։ Անդրկովկասը ապրիլի 9-ին անկախ հռչակվեց Ռուսաստանից, և երկրամասում ստեղծվեց նոր պետություն՝ Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը: Թուրքերի պահանջը, կարելի է ասել, տեղին էր: Հաշտություն կնքելու համար պետք էր Անդրկովկասը պետություն հռչակել, այլապես Օսմանյան կայսրությունը հո պայմանագիր չէր ստորագրելու Ռուսաստանի ինչ-որ չինքնորոշված երկրամասի հետ: Այդ պահանջի կատարմամբ Թուրքիան կարողանում էր նաև հակադարձել բոլշևիկների առարկություններին:
Նոր ռազմաքաղաքական իրավիճակում մուսավաթականները սկսեցին գաղտնի և բացահայտ աջակցել թուրքերին և պահանջում էին արագ հաշտություն կնքել: Դաշնակցությունը համաձայնեց երկրամասի անկախացմանը, որովհետև հայությունը միայնակ էր մնալու թուրքերի դեմ պատերազմում: Իսկ վրացի մենշևիկներն սկսեցին հովանավոր փնտրել ու միաժամանակ հայերի հաշվին զիջումներ անել թուրքերին: Նման գործելակերպի գլխավոր դերակատարը Չխենկելին էր, ով դարձավ նորակազմ պետության վարչապետ: Նրա պահանջով և ինքնագլուխ որոշմամբ հայոց զորքը հարկադրվեց Կարսը՝ հայոց հինավուրց մայրաքաղաքներից մեկը, առանց կռվի հանձնել թշնամուն: Ապա պատերազմող կողմերի միջև համաձայնություն կայացվեց վերսկսելու հաշտության բանակցությունները, այս անգամ՝ Բաթումում:
Նոր բանակցություններն ընթացան մայիսի 11-ից մինչև հունիսի 4-ը: Թուրքական կողմը մերժեց Բրեստի պայմաններով հաշտություն կնքել Անդրդաշնության հետ, քանի որ Տրապիզոնից հետո պատերազմը շարունակվել էր երկու կողմերի միջև, իրենք էլ տիրացել էին Բրեստով իրենց հասանելիք տարածքից ավելի մեծ տարածքի: Օսմանյան տերության պատվիրակությունը մայիսի 14-ին ներկայացրեց նոր, զավթողական պայմաններ: Մասնավորապես թշնամին պահանջում էր Ախալցխայի, Ախալքալաքի և Սուրմալուի գավառները, Ալեքսանդրապոլ – Ջուլֆա երկաթուղին, և հայոց զորքն ու բնակչությունը հետ քաշել երկաթուղուց մի քանի կմ հեռու, թույլ տալ Ղարաքիլիսա – Դիլիջան ճանապարհով զորք անցկացնել դեպի Գանձակ: Չսպասելով պատասխանի՝ թուրքական զորքն անցավ հարձակման, գրավեց Ալեքսանդրապոլը և սկսեց առաջանալ Երևանի նահանգի և Ղարաքիլիսա – Ղազախ ուղղությամբ:
Ահա այս օրհասական պահին տեղի ունեցավ հայ ժողովրդի և նրա բանակի ոգեղենացումն ու հզոր հարվածը՝ ուղղված մեզ ոչնչացնել ցանկացող թշնամուն: Ոչ միայն թշնամու, այլև մեր դրացիների ու նաև Թիֆլիսում գտնվող և այնտեղից ազգային հարցերը կարգավորող մեր քաղաքական կառույցների համար անհավատալի էր, որ հայոց զորքը կանոնավոր պատերազմի դաշտում կարող է հաղթել թուրքական բանակին:
Անդրդաշնության պատվիրակության համար թուրքական կողմի այդ պահանջներն անընդունելի էին, և ընթանում էր կուլիսային ու անդրկուլիսյան բանակցությունների և պայքարի ծանր շրջան: Երկրամասի պետական և ռազմաքաղաքական ուժերի՝ հաղթանակի հանդեպ հավատի պակասն էր, որ խանգարեց բեկում մտցնել բանակցությունների ընթացքի մեջ: Նույնիսկ Անդրդաշնության պատվիրակության հայ անդամները ուշացումով, որոշ դեպքերում էլ հենց թուրք պատվիրակներից էին իմանում մեր բանակի հաջողությունների մասին: Ոչ միայն հավատ ու միակամություն չստեղծվեց հայերի, վրացիների ու թաթարների միջև, այլև այնքան սրվեցին նրանց միջև հակասությունները, որ համագործակցելու և դաշնային նույն պետության մեջ մնալու հնար այլևս չկար:
Վրացիների կողմից ի դեմս Գերմանիայի հզոր հովանավոր ձեռք բերելուց հետո մենշևիկների նախաձեռնությամբ և թաթարների աջակցությամբ մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասի դաշնային պետությունը: Այն տրոհվեց երեք՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունների: Հարկ է նշել, որ անդրկուլիսյան բանակցություններում նույնիսկ նախատեսվել էր, որ եթե Օսմանյան կայսրության կառավարիչներ՝ հայերի ցեղասպան Թալեաթը, Էնվերն ու Ջեմալը չհամաձայնեն հայկական անկախ պետության ստեղծմանը, ապա թաթարները և վրացիները հայերին ինքնավարություն կտան հայկական մի երկու գավառում: Ինչպիսի՜ մեծահոգություն մեր հանդեպ…
Անդրդաշնության լուծարման նույն օրը՝ երեկոյան, Բաթումում թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց անդրկովկասյան պատվիրակությանը և տվեց 3 օր՝ պատասխանի համար:
Անդրդաշնության պատվիրակության հայ անդամներ Ալեքսանդր Խատիսյանը և Հովհաննես Քաջազնունին վերադառնում են Թիֆլիս, զեկուցում Հայոց ազգային խորհրդին բանակցությունների ընթացքի մասին և սպասում որոշման՝ թուրքերի վերջնագրին պատասխանելու համար: Բուռն քննարկումներ տեղի ունեցան: Նախ ընդունվեցին Անդրդաշնության լուծարումը, Վրաստանի և Ադրբեջանի անկախության հռչակումը՝ որպես կատարված փաստ, և որոշվեց տեր կանգնել Անդրկովկասի հայկական գավառներին: Մայիսի 28-ին որոշվեց նաև որպես Հայաստանի պատվիրակներ Բաթում ուղարկել Խատիսյանին, Քաջազնունուն և Միքայել Պապաջանյանին: Հայաստանի անկախության հռչակման մասին բանաձևը հրապարակվեց ավելի ուշ: Սակայն Հայաստանի առաջին հանրապետության ծննդյան օր է ընդունվել Մայիսի 28-ը և ամրագրվել մեր ազգային տոնացույցում: Համայն հայությունը ամեն տարի մեծ շուքով նշում է այն:
Հայերի պատվիրակները մայիսի 29-ին վերադարձան Բաթում և տեղեկացրին թուրքերին, որ ընդունում են վերջնագիրը, սակայն որոշ առաջարկներ ունեն քննարկելու: Որպես արդյունք՝ հայ-թուրքական սահմանի նախնական տարբերակում որոշ փոփոխություն արվեց մեր օգտին՝ 1300 քառ. կմ տարածք: Վրացի պատվիրակներն էլ կարողացան թուրք-վրացական սահմանը մի փոքր շտկել իրենց օգտին:
Շատ հետաքրքիր տեղեկություններ կան Բաթումի բանակցությունների ընթացքի մասին, որոնք այստեղ մանրամասն ներկայացնելու հարկ չկա։ Կան մասնակիցների բազմաթիվ հուշեր, արխիվային նյութեր և այլն: Կցանկանայինք երկու դրվագի վրա ուշադրություն հրավիրել, որոնց մասին պատմում է հայկական պատվիրակության ղեկավար Ա. Խատիսյանը: Վրաստանի անկախության հռչակման նախօրեին Բաթում էր եկել Նոյ Ժորդանիան՝ Վրաց ազգային խորհրդի և մենշևիկների կուսակցության նախագահը, որպեսզի վրաց պատվիրակների հետ գաղտնի քննարկի իրենց անկախության հարցը: Խատիսյանը հանդիպում է նրան և նրանից իմանում, որ հայոց զորքը շարունակում է պատերազմել, իսկ թուրքերն առաջանում են: Ժորդանիան ասում է, որ իրենց այլ բան չի մնում, քան հայտարարել Վրաստանի անկախությունը: Խատիսյանի հարցին, թե ինչպես կարող են իրենց լքել, երբ իրենք ընդհանուր պատերազմի մեջ են, Ժորդանիան պատասխանում է. «Մենք չենք կարող խեղդվել ձեզ հետ: Մեր ժողովուրդը ուզում է փրկել այն, ինչ որ կարող է»:
Մյուս դրվագը. բանակցությունների ավարտական փուլում, երբ Խատիսյանը՝ որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակ, թուրքական պատվիրակության անդամ, Կովկասյան ճակատի օսմանյան զորքի հրամանատար, Վեհիբ փաշայի հետ քննարկում էր սահմանների հարցը և պնդում էր ընդարձակել հայոց պետության սահմանները, վերջինս մերժելով ասում է նաև հետևյալը. «Գալով տարածքի փոքրության պատճառով թշնամության զգացումներին՝ պետք է ասեմ, որ բոլոր պետություններն էլ քչով են սկսել և աստիճանաբար աճել են»։ Մտածելու և հետևություններ անելու հարկ կա ասվածի շուրջ:
Ինչևէ, պատերազմի ավարտը Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում հաստատվեց Բաթումում 1918 թ. հունիսի 4-ին ստորագրված պայմանագրով: Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունները այս նույն հերթականությամբ և ժամերի տարբերությամբ ընդունեցին թուրքերի ներկայացրած պահանջները: Հայաստանի համար տարածքային կորուստները մեծ էին, վրացիները նույնպես կարևոր տարածքներ կորցրին: Շահողն օսմանյան թուրքերն էին և նրանց կրտսեր եղբայր թուրք-թաթարները, որոնք էլ համատեղ ջանքերով ստեղծեցին Ադրբեջան կոչվող պետությունը մեր հարևանությամբ:
Անդրկովկասի պատվիրակությունը Բաթումի համաժողովին
Հիմա վերադառնանք Բաթումի պայմանագիրը գնահատելու մեր հարցադրմանը: Շատ է շահարկվում, որ իբր Հայաստանի Հանրապետության տարածքը, ըստ պայմանագրի, 10 հազար քառ. կմ էր, ինչն ամոթալի էր, նույնիսկ ստրկացուցիչ և այլն:
Այո՛, որպես Կովկասյան ճակատում պարտված կողմի՝ հայերին և վրացիներին պարտադրված պայմանները ծանր էին, հայերինը՝ առավել քան: Սակայն Բաթումի պայմանագրում ամրագրված են եղել հայ-թուրքական և թուրք-վրացական սահմանները, իսկ հայ-վրաց-թաթարական եռակողմ սահմանները պետք է որոշեին երեք նորահռչակ պետությունները փոխադարձ համաձայնագրերով: Հայ-ադրբեջանական սահմանի մասին համաձայնագիրը, ըստ Բաթումի պայմանագրի, պետք է փոխանցվեր օսմանյան կայսերական կառավարությանը:
Առաջ անցնելով ասենք, որ նման համաձայնագիր այդպես էլ չկնքվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև, ավելին՝ հայ-ադրբեջանական սահմանների արդարացի ուղղումները մեր օրերում էլ դեռ շարունակվում են: Իսկ հայ-վրացական սահմաններն էլ հաստատվեցին դժվարին ջանքերով, նույնիսկ երկու բարեկամ ազգերի միջև պատերազմ եղավ:
Այսպիսով՝ ՀՀ սկզբնական տարածքի մասին գործածվող թվերը պաշտոնական և ստույգ չեն: Մեր համոզմամբ՝ իրականում նորահռչակ մեր պետության սկզբնական տարածքն ավելի մեծ էր: Ինչո՞ւ ենք դա ասում. որովհետև հայ-վրացական և հայ-ադրբեջանական սահմաններն այդ պահին ֆիքսված չէին: Դրանք կարելի է որոշել միայն 1918 թ. ամռան սկզբի դրությամբ Առանձին հայկական կորպուսի զբաղեցրած, նրա կողմից պաշտպանվող և Երևանի նահանգի դիկտատոր Արամի իշխանության ներքո եղած տարածքներով: Հայոց կորպուսի որոշ զորամասեր մինչ այդ ստեղծվել էին և կային նաև Շուշիում, Նախիջևանում, Գանձակում, Ղազախում, նույնիսկ Բաքվում: Իսկ Արամ Մանուկյանի կողմից ղեկավարվող Երևանի նահանգի վարչությունը կորպուսի համալրման նպատակով հայերի զորահավաք էր անցկացնում նաև Ելիզավետպոլի նահանգի կազմում գտնվող Զանգեզուրում: Այսինքն՝ Առաջին հանրապետության «դե ֆակտո» տարածքը հունիսի սկզբին մոտ երկու անգամ, եթե ոչ ավելի, մեծ էր: Հայ-թուրքական սահմանի տարանջատումը, զորքերի փոխադարձ հետքաշումը սահմանագծից շարունակվեց մինչև հուլիսի կեսերը, որի ընթացքում եղան նաև զինված ընդհարումներ: Իսկ Առանձին հայկական կորպուսի վերածվելը մեկ դիվիզիայի (այդքան զորք կարող էր պահել Հայաստանը՝ ըստ Բաթումի պայմանագրի), այսինքն՝ հայոց բանակի վերակազմավորումն ու կրճատումը տեղի ունեցավ միայն 1918 թ. օգոստոսին:
Կողմերն այդպես էլ չվավերացրին Բաթումի պայմանագիրը, չնայած նախատեսված էր մեկ ամսվա ընթացքում այն վավերացնել Կ. Պոլսում: Սակայն Հայաստանի և Վրաստանի ջանքերով Թուրքիայի դաշնակիցները՝ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Բուլղարիան, համաձայնեցին վերանայել Բաթումի պայմանագիրը, որովհետև նրանք էլ էին դժգոհ Կովկասում Թուրքիայի դիրքերի չափից ավելի ուժեղացումից: Կ. Պոլսում նախատեսված խորհրդաժողովը այդպես էլ չկայացավ, իսկ Քառյակ միությունը շուտով անձնատուր եղավ Անտանտին, և աշխարհամարտն ավարտվեց Թուրքիայի ու նրա դաշնակիցների լիակատար պարտությամբ: Կարծում եմ՝ ամեն ինչ ակնհայտ է:
Ինչ վերաբերում է Բաթումի պայմանագրի բարոյական ազդեցությանը, ապա դեպքերն այնպես դասավորվեցին, որ առաջինը Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչվեց Թուրքիայի կողմից: Այդպես եղավ նաև Վրաստանի պարագայում, նման բան կարող ենք ասել նաև բոլշևիկյան Ռուսաստանի մասին: Քառյակ միության կազմում Թուրքիան ևս ստորագրել է Բրեստի պայմանագիրը: Ի՞նչ է, այդ փաստից Վրաստանն ու Ռուսաստանը կործանվե՞լ են, թե՞ մենք ենք անհետացել:
Իսկապես, պատվաբեր չէր «Բաթումը», մեծ ջանքերի դեպքում միգուցե հնարավոր էր ավելի շահեկան պայմանների հասնել: Այստեղ բազում գործոններ կան՝ վրացիների, հայերի և թաթարների անմիաբանությունը, հայ պատվիրակների ուշ տեղեկացվածությունը մեր հաղթանակաների մասին, նրանց անվստահությունը և հեռու լինելը պատերազմական թոհուբոհից, նրանց կողքին հաղթանակ կերտող ռազմաքաղաքական ղեկավարների բացակայությունը, որոնք կարող էին վստահություն ու հավատ ներշնչել ռազմական առումով և ուժի դրսևորում հանդես բերել և այլն:
Առաջարկում ենք Բաթումի պայմանագիրը նաև այլ տեսանկյունից գնահատել: Հետո ինչ, որ մեր առաջին միջազգային պայմանագիրը կնքել ենք Թուրքիայի հետ: Միգուցե դրա մեջ ինչ-որ ուղենշային խորհուրդ կա… և Թուրքիան առաջինը կստորագրի ու կճանաչի Ազատ և Միացյալ Հայատանի միջազգային առաջին փաստաթուղթը: Չէ՞ որ Բաթումի պայմանագիրն է հավաստել, որ Հայաստանը Առաջին աշխարհամարտի մասնակից սուբյեկտ է, որովհետև կռվել էր Թուրքիայի դեմ: Հետևաբար նա Անտանտի դաշնակից էր և դրա շնորհիվ լիարժեք իրավունքով մասնակցեց Փարիզի խաղաղության վեհաժողովին ու Սևրի դաշնագրով ամրագրեց իր անժամանցելի իրավունքը՝ վերատիրանալու իր հայրենիքին:
Մեզ տարիներ շարունակ օտարների կամ օտար գաղափարախոսությունների տեղական մոլեռանդ ջատագովների կողմից ներշնչվել, հիմնավորվել և պարտադրվել է թերարժեքության բարդույթ, որը վերաբերում է մեր պատմության բոլոր փուլերին, առավել ևս նորագույն շրջանին: Իսկ այդ բարդույթը փշրելու, սեփական ինքնությունն ու ինքնավստահությունը վերականգնելու և ամրապնդելու առաջին լուրջ քայլը մենք արել ենք 1918 թ. մայիսին: Հաջորդ էական քայլերը կատարվեցին 1988-1994 թթ., հատկապես Արցախյան ազատամարտի ընթացքում: Շարունակությունը եղավ 2016 թ. ապրիլին, դա շարունակվելու է հաստատ ու վստահաբար, և մենք հասնելու ենք մեր համազգային նվիրական ՆՊԱՏԱԿԻ իրագործմանը: Կարևորը՝ մեծ գործի սկիզբը դրված է, և այն դրվել է ամուր հիմքի վրա 1918 թ. մայիսին:
«Դրօշակ», թիվ 6 (1640), հունիս, 2020 թ.
Արամ Նազարյան