Անկախ փորձագետներն ու դատաբժշկական պաշտոնական փորձաքննությունը հաստատել են, որ օրեր առաջ Մինեապոլսում ձերբակալության ժամանակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը վրա է հասել շնչահեղձությունից, որի պատճառը եղել է տևական ճնշումը. այս մասին գրում է CNN-ը՝ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆլոյդի ընտանիքի փաստաբան Բենջամին Քրամփի խոսքերին հղումով։
Մասնավորապես, նշվում է՝ ոստիկանը ձերբակալության ժամանակ ծնկով սեղմել էր նրա պարանոցը։
Հայտնի է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Ջորջ Ֆլոյդը սպանվել է։ Եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել սրտի և շնչառության կանգից (կարդիոպուլմոնար շոկ)։
4 իրավապահներին, ովքեր մասնակից են եղել միջադեպին, հեռացրել են աշխատանքից, իսկ մեկին կալանքի տակ են վերցրել չկանխամտածված սպանության մեղադրանքով։