Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ լավ մթնոլորտ է Արցախում հաստատված, մեր խնդիրը այս մթնոլորտը այս մակարդակի վրա պահելն է և ավելի զարգացնելը՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Ստեփանակերտում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում։
«Պարոն Վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել երդմնակալության արարողությանը Ձեր մասնակցության և այն խոսքերի, մտքերի համար, որոնք Դուք արտահայտեցիք: Դրանք երկրի առաջնորդի անկեղծ խոսքեր էին, այդ ամենը ես մտահոգության և խորհուրդների տիրույթում եմ դիտարկում և ուզում եմ այսօր ևս հայտարարել, որ պատրաստակամ եմ կիսելու այն բեռը, խնդիրները, որոնք այսօր ծառացած են հայ ժողովրդի, Հայաստան աշխարհի վրա»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
«Շնորհակալ եմ մեծարգո պարոն նախագահ: Նախ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու և պաշտոնամուտի առիթով: Երեկ իսկապես պաշտոնամուտի տպավորիչ միջոցառումներ տեղի ունեցան և տպավորիչ առաջին հերթին բովանդակության առումով: Մինչ քայլում էինք այստեղ, ես ասացի, որ Արցախում հաստատված է շատ լավ մթնոլորտ և կարծում եմ, որ մեր խնդիրն այս մթնոլորտն այս մակարդակի վրա պահելն է և ավելի զարգացնելը: Եվ իհարկե շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև արդյունավետ համագործակցություն տեղի ունենա, դրա համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Համոզված եմ` այդպես էլ կլինի»,- ասաց վարչապետ Փաշինյանը:
«Միանշանակ համակարծիք եմ պարոն վարչապետ: Մեր հասարակությանը ես դիտարկում եմ որպես մեկ ամբողջություն, չկա Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ, կա հայ ժողովուրդ և մենք այդ սկզբունքից ելնելով պետք է պահենք մթնոլորտը, զարգացնենք: Այն նախադրյալները, որոնք այսօր ստեղծված են Արցախում ոչ միայն բարոյահոգեբանական, այլև տնտեսության զարգացման, սոցիալական ծրագրերի, հայրենադարձության առումով, ամեն ինչ հնարավոր է իրականացնել համատեղ աշխատանքի շնորհիվ»,- հավելեց Արցախի նորընտիր նախագահը:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հանդիպումը շարունակել են Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ` Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի մասնակցությամբ:
Մանրամասն՝ տեսանյութում․