Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անցյալ շաբաթ տեղեկություն տարածվեց, որ Covid-19 կորոնավիրուսով է վարակվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այսպիսով` վիրուսը ներթափանցել է Կրեմլը, իսկ մինչ այդ` Դաունինգ սթրիթ 10, Պլանալտու պալատ և Սպիտակ տուն: Ու թեև Վլադիմիր Պուտինը, Բորիս Ջոնսոնը, Ժաիր Բոլսոնարուն և Դոնալդ Թրամփը միմյանցից շատ տարբերվող քաղաքական գործիչներ են, կորոնավիրուսի նկատմամբ նրանց վերաբերմունքում ընդհանուր բան կա` վստահությունը կամ ենթադրությունը, համենայն դեպս` նախնական շրջանում, որ անհատական պաշտպանության միջոցները հարիր չեն, հակասում են իրենց ստեղծած` առաջնորդ-մաչոների քաղաքական բրենդին. ըստ Yerkir.am-ի` գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
Թրամփը հրաժարվել էր դիմակ կրել, նույնիսկ երբ այցելել էր դրանք արտադրող ֆաբրիկա: Բոլսոնարուն կասկածի տակ էր դրել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը, և լուսանկարներն արձանագրել էին, թե ինչպես է նա սեղմում երկրպագուների ձեռքը և գրկախառնվում նրանց հետ: Ջոնսոնը օդիոզ հայտարարություն արեց` երբ այցելել է հիվանդանոց` կորոնավիրուսով վարակվածներին, սեղմել է բոլորի ձեռքը, բայց հետագայում ինքն էլ վարակվեց ու ընկավ հիվանդանոց: Պուտինին էլ, կարծես, պարզ չէր, թե ինչպես է տարածվում վիրուսը, նա հագավ քիմիական պաշտպանության դեղին կոստյումը, երբ մարտին այցելեց կորոնավիրուսային հիվանդանոց, սեղմեց գլխավոր բժշկի ձեռքը, որի մոտ հետո կորոնավիրուս հայտնաբերվեց:
Չորս առաջնորդներից միայն Ջոնսոնն է, որ անձամբ վարակվել է կորոնավիրուսով, և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նրա հռետորաբանությունը փոխվել է: Պուտինն էլ, ի վերջո, կոշտ կարանտին հայտարարեց, սակայն ավելի ուշ, քան եվրոպական երկրների մեծ մասում էր սահմանվել:
«Եթե թվա, որ նրանք զգույշ են գործում, դա կհակասի տղամարդկության հիմնական սկզբունքին` թուլություն ցույց չտալ»,- կարծիք է հայտնել, այսպես կոչված, «մրցակցության տղամարդկային մշակույթ» երևույթն ուսումնասիրող գիտնական Պիտեր Գլիկը:
Ըստ նրա` վերը նշված առաջնորդները ստեղծել են յուրօրինակ որոշումներ կայացնող ուժեղ մարդկանց բրենդներ և ցանկանում են, որ իրենց ընկալեն որպես հիվանդությունը հաղթահարող վերականգնիչ ղեկավարներ:
Որպես դրա վառ օրինակ` բրիտանական թերթը նշում է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որին բնորոշում է որպես աշխարհում հավանորեն միակ կովիդ-դիսիդենտ: «Ավելի լավ է կանգնած մեռնել, քան ապրել ծնկաչոք»,- ասել էր նա` պարզաբանելով, թե ինչու չի ցանկանում սահմանափակումներ մտցնել` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Օգտվել պաշտպանիչ պարզագույն միջոցներից հրաժարվում են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Մայք Փենսը: Անգամ երբ Սպիտակ տանը կորոնավիրուս հայտնաբերվեց, Թրամփն ասաց. «Կարծում եմ` դիմակ հագնել, երբ ողջունում եմ նախագահների, վարչապետերի, բռնապետերի, թագավորների, թագուհիների… Չգիտեմ, այսպես, թե այնպես, դա իմը չեմ համարում: Պարզապես չգիտեմ: Գուցե մտքափոխվեմ»:
Ըստ թերթի` այս իրավիճակը պարադոքսային է. Պուտինը և Թրամփը` աշխարհի ամենապաշտպանված առաջնորդները, որոնք շրջապատված են թիկնազորով, որպեսզի նվազագույնի հասցվեն անվտանգության ռիսկերը մարդկանց հետ հանդիպումների, տարբեր վայրեր այցելությունների, սննդի ընդունման ժամանակ, այնուամենայնիվ, հրաժարվում են անվտանգության պարզագույն միջոցներից, որոնք կարող են պաշտպանել մահաբեր վիրուսից:
«Բոլսոնարուն և որոշ չափով Թրամփը առաջնորդվում են գիտության նկատմամբ պոպուլիստական անվստահությամբ, մինչդեռ մյուս առաջնորդները կարող են կաշկանդված լինել քաղաքական բրենդներով, որոնք իրենք էլ ստեղծել են: Այստեղ կարող է գործել նաև ավելի բնական մարդկային իմպուլսը` երբ հասկանում ես ռիսկերը, բայց, միևնույն է, թվում է, թե դրանցից վեր ես»,- գրում է բրիտանական թերթը և մեջբերում ռուսական «Կոմերսանտ»-ին Դմիտրի Պեսկովի` հիվանդասենյակում տված հարցազրույցից հատված. «Մարդն այդպես է ստեղծված` ուղեղով հասկանում ես, որ պետք է դրան ներքուստ պատրաստ լինել, այնուհանդերձ, քեզ թվում է, որ հենց քեզ կհաջողվի խուսափել»: