Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մասնագիտությամբ լեզվաբան Աննա Ավագյանին հաջողվել է տեսնել ժամանակի ներսում եղածը: Ավելին` Աննան իր փորձը կիսել է մեզ հետ' ստեղծելով հետաքրքիր կոլաժներ: Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում բացվել էր ցուցահանդես' «Ժամանակը հիմա է...» խորագրով: Ներկայացված կոլաժները պատրաստված են Աննայի ժամագործ պապիկից ժառանգություն մնացած ժամացույցների մասնիկներից:
Պապիկից մնացած ժառանգությունը
11-12 տարեկան էի, պապիկս, որը մասնագիտությամբ չափագետ էր, բայց նաև ժամագործությամբ էր զբաղվում, ինձ նույնպես սովորեցնում էր ժամագործության գաղտնիքները: Պետք է խոստովանեմ, որ ես մի փոքր հմտացել էի այդ գործում, անգամ` կարողանում էի վերանորոգել դրանք: Շատ էի սիրում ժամացույցի փոքր մասնիկները, ինձ միշտ գրավում էր ոչ թե ժամացույցի արտաքին տեսքը, այլ այն, թե ինչ կա ներսում: Վերջերս միտք առաջացավ, ի հիշատակ մանկության, պատկերել 1-2 կոլաժ: Իմ մեջ շատ պատկերներ էի տեսնում, և 1-2-ից կոլաժները հանկարծ վերածվեցին 30-ի:
Երաժշտությունն ինքն է խաղում ժամանակի հետ
Մասնագիտությամբ լեզվաբան եմ' իսպաներեն-անգլերեն լեզվի մասնագետ, դասավանդում եմ Սլավոնական համալսարանում: Չեմ կարող ասել' սա առաջին փորձն էր արվեստում. նկարչությամբ մանկուց եմ զբաղվել, բատիկա եմ սովորել, վոկալի դասերի եմ գնացել, նաև լուսանկարչությամբ եմ զբաղվել: Արվեստն իմ կյանքի մի մասն է: Ես նաև երգում եմ: Իսկական երաժշտությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ, այն գալիս է ի վերուստ, երաժշտությունն ինքն է խաղում ժամանակի հետ:
Խաղ ժամանակի հետ
Ժամացույցները, որոնցով սարքել էի կոլաժները, մնացել էին պապիկիցս, բայց դեռ էլի ունենք: Դրանց մեջ կան այնպիսինները, որոնք շատ հին են: Ես դրանք վերանորոգելու մտադրություն չեմ ունեցել, որովհետև հիմա այնքան էլ չեն գնահատում դրանք` որպես հին արժեք: Իսկ կոլաժները առանձնահատուկ են ոչ միայն նրանով, որ ժամացույցի մասերից են ստեղծված, այլ նաև, որ դրանց խորագրերը կրում են «ժամանակ» բառը: Կոլաժների խորագրերը փիլիսոփայական բնույթ են կրում' «Ժամանակի դիմակը», «Փախուստ ժամանակից»: Լինում է' մասնիկներն են թելադրում' ինչ դառնալ, երբեմն ես եմ տեսնում պատկեներ: Ի դեպ, երեխաներս էլ են մասնակցում ստեղծագործական աշխատանքին:
Նարեկացին' ժամանակից դուրս
Կոլաժներից մեկում պատկերել եմ Նարեկացուն: Երբ մեկ ամիս առաջ Հռոմի պապը, ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, պատարագ մատուցեց, որի ժամանակ էլ Նարեկացուն հռչակեց Տիեզերական սուրբ, միանգամից ինձ մոտ Նարեկացու պատկերն եկավ` ժամացույցի մասնիկների միջոցով: Վազեցի սեղանի մոտ, մոտավորապես ինչ-ինչ բան պատկերեցի ու օրեր անց ստեղծեցի այն, ինչ տեսնում էի: Ամենաանհանգիստը Նարեկացուն պատկերելիս էի, ես կասեի' ամենազգույշը: Հնարավոր չէր ճշգրիտ ձևով պատկերել, բայց ուրախալի է այն հանգամանքը, որ ցուցահանդեսին կային մարդիկ, որ ասում էի' եթե նույնիսկ գրված չլիներ, որ Նարեկացին է, կհասկանայինք: Ուզում էի Նարեկացու' անժամանակ լինելը ցույց տալ' անժամանակ սրբությունը:
Ժամանակը ժամանակ չի խլում ինձնից
Չէի ասի' այդ ամենն ինձնից ժամանակ է խլում, ընդհակառակը` այն մի նոր ժամանակի դաշտ տեղափոխեց ինձ, նոր ժամանակ տվեց: Կորուստը ժամանակը պարապ անցկացնելն է ու այդ ժամանակը չգնահատելը, ներկայում չապրելը: Ուզում էի մանկություն գնալ, մանկությանս հիշողությունների ժամանակն է, շատ կարևոր էր հիշել' ինչ էի սիրում մանկությանս ժամանակ ու այն ներկա վերադարձնել: Բոլորի համար էլ մանկության հիշողությունները շատ կարևոր են, բայց առավել կարևոր է դրականը հիշել-գտնելն ու այն ներկա բերելը:
Ժամանակ գոյություն չունի
Թեև ժամանակն անընդհատ առաջ է գնում, կարողացա ժամացույցի սլաքները հետ պտտել: Եթե վախով ապրենք, չենք ապրի, չենք գնահատի այն րոպեները, որոնք անցնում են: Ժամանակ գոյություն չունի' ոչ անցյալ կա, ոչ' ապագա, այս պահն էլ անցյալի համար ապագա է, ապագան էլ ինչ-որ ժամանակ անցյալ է դառնալու: Դրա համար էլ կարծում եմ, որ երևի ժամանակ գոյություն չունի, չնայած ապացուցված չէ: Ես ամբողջ կյանքում ժամացույց չեմ կրել, ինձ հաճախ են ժամացույց նվիրում, բայց, մեկ է, չեմ կրում... Չգիտեմ` ինչու, հավանաբար, շատ մոտիկից եմ ծանոթ նրան:
Կարինե Հարությունյան
Հ.Գ. Ի դեպ, Աննայի կոլաժները կարող եք դիտել «Նարեկացի» արվեստի միությունում. ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 24-ը: