կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-13 22:00
Քաղաքական

«Անտիսաշիկ»-ից «Սաշիկ-2» օպերացիա կամ իրական «երիտսաշիկների» արկածները «նոր» Հայաստանում

«Անտիսաշիկ»-ից «Սաշիկ-2» օպերացիա կամ իրական «երիտսաշիկների» արկածները «նոր» Հայաստանում

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալու իր երազանքը իրանանացնելու հիմնական թեզերից էր դարձրել տեսախցիկների միջոցով քաղաքացիներին տուգանքներից ազատելու առաքելությունը։ Սեփական ամբիցիաները բավարարելու համար նա արտասանում էր ոտանավորներ, կպչուն ժապավենով ծածկում տեսախցիկները, իսկ ժողովրդին թալանելու մեղավոր էր նշանակում նախագահի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին` Սաշիկին։ Նույնիսկ թվեր էին հնչում հիսուն տոկոս փայաբաժնի մասին։

«Ժողովուրդը ձեզ համար տուգանվելու մատերիալ չի». շպրտում էր իշխանության դեմքին Նիկոլը եւ դրանք վերացնելը հայտարարում որպես իր կուսակցության ծրագրային նպատակներից մեկը։ Սակայն պարզվեց, որ սույն ներկայացումը միայն մինչեւ վարչապետի պաշտոնը ստանձնելն էր։ Դրանից հետո ոչ միայն տեսախցիկները չվերացան, այլ մի բան էլ ավելացավ դրանց թիվը։

Սակայն ավելի ուշագրավ է «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի հայտարարությունն այն մասին, որ այդ տեսախցիկների հետ Սաշիկը որեւէ կապ չունի։

Հետագայում նույնպես Ալեքսանդր Սարգսյանի եւ տուգանքների միջեւ կապը այդպես էլ իշխանության կողմից չհաստատվեց։

«Ինչեւէ... գաղափարը վատը չի»` մտածեցին նոր պաշտոնյաները եւ որոշեցին այդ ծրագիրը կյանքի կոչել։

Նախ օրենսդրական փոփոխության միջոցով թույլատրվեց քաղաքացիների ահազանգերի հիման վրա ծրագրային ապահովման միջոցով քաղաքացիներին տուգանելը («գործ տալու մասին» հայտնի օրենքը), իսկ այժմ մտնում ենք դրա գործնական փուլ։

Այս անգամ ոչ թե «անտիսաշիկ», այլ «Սաշիկ-2» օպերացիան իրականացնելու համար մշակվել է «Պետական սեփականու­թյուն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնի­կական բնութագիրը (նկա­րագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախատեսվում է 40 միլիոն դրամ նման ծրագրային ապահովման մշակման համար, իսկ դրանից գանձվող տուգանքների 30 տոկոսը գնալու է հենց այդ կազմակերպությանը։

Բնականաբար՝ այս ամենի արդյունքում ունենալու ենք իրական «երիտսաշիկներ» եւ տուգանքի մատերիալ հազարավոր քաղաքացիներ։

Ասենք ավելին, համոզված ենք, որ արդեն հայտնի են այդ գործառույթը իրականացնող մարդիկ։ Մենք սիրով կցանկանայինք լսել ոստիկանության կամ իշխանության այլ ներկայացուցիչների բացատրությունը մեր հարցադրման վերաբերյալ եւ պատրաստ ենք այն ներկայացնել մեր կայքում։ Սակայն ունենք մեկ կարեւոր պայման. խնդրում ենք անկեղծորեն ներկայացնել իրականությունը եւ խուսափել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արդեն ավանդական դարձած «կրուտիտներից»։

Ժողովուրդը հիմար չի, եւ բոլորը ամեն ինչ շատ լավ հասկանում են։