կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-08 15:07
Աշխարհ

Այսօր կարծես թե թավշյա, ոչ բռնի հեղափոխության տարելիցն էր. Լիլիթ Գալստյան

Այսօր կարծես թե թավշյա, ոչ բռնի հեղափոխության տարելիցն էր. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ՇԱՏԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ կամ՝ երբ հատված են կարմիր գծերը

Հայաստանում քաղաքական մտքի, քաղաքական վարքագծի և քաղաքական մշակույթի դեգրադացիան/այլասերումը/ արդեն հատել է անդառնալիության կետը, հատված են հնարավոր բոլոր կարմիր գծերը:

«Նոր Հայաստանի» քաղաքական ճարտարապետներին չի սթափեցնում ոչինչ՝ ոչ տեսախցիկները, ոչ կանանց ներկայությունը, ոչ սեփական վարչապետի ու կառավարության անդամնարի ներկայությունը, ոչ ընտրողների ու ժողովրդի աչքերի մեջ նայելու հեռանկարը, ոչ էլ՝ մեր երկրի միջազգային հեղինակությունն ու վարկը:

Սուտը, երեսպաշտությունը, հայհոյանքն ու բիրտությունը նրանց զինանոցի հիմնական զենքերն են: Սեփական ժողովրդի մեջ թշնամիների ու վհուկների որոնումը շատերին հոգեխանգարմունքի է հասցրել: Համավարակի այս ծանր ու քաոտիկ օրերին, երբ երկիրն հայտնվել է վատ ցուցանիշներ ապահովող երկրների շարքում, ինքնին քայքայիչ այս անորոշ հեռանկարն իբրև թե բավական չի, դեռ ամեն օր ապրում ենք զգացումով, թե մեր տներ մարդիկ են մտել, օտարներ, որոնք կապ չունեն ոչ մեր անցյալի, ոչ էլ ապագայի հետ…

Բայց նրանք իրենց ընտրողի հետ հնարարավորինս անկեղծ են. երեկ՝ Արցախի հիմնախնդրի համատեքստում վարչապետը բառիս բուն իմաստով այդ նույն ամբիոնից հայտարարեց՝ որ որևէ մեկը հարց տալու համարձակության իրավունք չունի. քվե են ստացել ու վերջ:
«Շատ ենք ու վերջ» բոլշևիկյան վարքագիծը համատարած է, ամենուր՝ կառավարման բոլոր մակարդակներում, առաջին իսկ օրից…մերժելով անցյալը՝ սակայն որդեգրելով ու վերտուոզ կատարելության հասցնելով անցյալի ամենաայլանդակ դրսևորումները…

Ձեր տգետի համառությունն ու խլությունը հյուծել է երկիրը, նրա քաղաքացուն…մի՞թե դուք նաև չեք տեսնում, կամ չե՞ք ուզում տեսնել…

Իհարկե, անիմաստ է իշխող քաղաքական ուժի գեներացրած «քաղաքական» ողջ համատեքստում քաղաքագիտական կատեգորեաներով խոսելը: Նրանք ո՜չ քաղաքական հիշողություն ունեն, ոչ՜փորձ, ո՜չ պատասխանատվություն, ո՜չ ինստիտուցիոնալ բարոյականություն…Իզուր չէ, որ այս օրերին շատերը՝ երկրի ներկայի ողջ սնանկությունն ու տապալումը վերջին նյարդով ընկալող մարդիկ, հուսահատված արձանագրում են՝ Կարթագենը պիտի կործանվի…

Բոլորովին պատահական չէր, որ այսօրվա միջադեպը տեղի ունեցա ԱԺ-ում, ՀՀ վարչապետի ներկայությամբ, երբ քննվում էր Կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքների մասին տարեկան զեկույցը։
Այո, բոլորովին պատահական չէր… Կառավարության ծարգիրը, որը սևով սպիտակի վրա իբրև կառավարության խնդիր արձանագրել էր իր քաղաքացիներին երջանիկ դարձնելը, բառիս բուն իմաստով այդ ծրագիրն իրականացնող քաղաքական ուժը մղձավանջ է դարձրել մեր իրականությունը, երկիրը թաղել ատելության, վրեժխնդրությունների ու սամասուդի ոստայնում:

Մեծ հաշվով ոչ մի պատահական բան չի կատարվում, երբ օրենքի փոխարեն իբրև վարքագիծ ու փիլիսոփայություն որդեգրվում է քստմնելի դուխովը, դատական համակարգի փոխարեն սամասուդը, ասֆալտին փռելը կամ պատին ծփելը, այլ բան սպասելը պարզապես միամտություն է: Սա պետականության կորստի ճանապարհն է…

Իսկ այսօր Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձն էր: Դուք դառնացրիք մեր հաղթանակը, հաղթանակ, որ վերականգնեց մեր հավաքական երազանքներն ու քաղաքական արժանապատվությունը, հաղթանակ, որ Հայոց անկախ պետականության ճանապարհի կարևոր հիմքերից մեկն էր:
Բայց դուք ի՞նչ կապ ունեք այդ ամենի հետ…

Հ.Գ Այսօր կարծես թե թավշյա, ոչ բռնի հեղափոխության տարելիցն էր...»։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ շենքում ծեծկռտուք էր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, որը դադարեց նրանց գործընկերների միջամտությունից հետո: Մարուքյանը ամբիոնից ելույթ էր ունենում՝ քննադատելով իշխող խմբակցության պատգամավորներին: Ի պատասխան՝ «Իմ քայլ»-ից ռեպլիկներ էին հնչում, իսկ Միքայելյանի արձագանքից հետո ընդդիմադիր խմբակցության ղեկավարն իջավ ամբիոնից, իշխող խմբակցության պատգամավորն էլ վեր կացավ տեղից, ու նրանց միջև քաշքշուկ սկսվեց