կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-20 13:32
Քաղաքական

ՀԱԿ-ը թավշյա հեղափոխության կողմնակից է

ՀԱԿ-ը թավշյա հեղափոխության կողմնակից է

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում ստեղծված է ընտրակեղծիքների այնպիսի մեխանիզմ, որը բացառում է ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը, ահա, թե ինչու ՀԱԿ-ն առայժմ հանրահավաքներ չի անցկացնում, բայց դա ժամանակավոր երևույթ է:

 

Նրա խոսքով` երկրի հիմնական խնդիրները լուծված չեն, ակնհայտ են արտաքին քաղաքական ձախողումներ, և հասունանում է հերթական զանգվածային դժգոհությունը իշխանությունների նկատմամբ, որը, վաղ թե ուշ, բերելու է քաղաքական նոր գործընթացների ակտիվացման: Ըստ Զուրաբյանի` մինչ հանրահավաքների նոր ալիքը, քաղաքական պայքարի արդյունավետ մեթոդն այն է, որ ժողովուրդը հանդես է գալիս իր շահերն արտահայտող նախաձեռնություններով, որը զուգակցվում է ԱԺ չորս ընդդիմադիր ուժերի պայքարով:

 

Ըստ պատգամավորի` բավական տպավորիչ նախաձեռնություն էր կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ քաղաքացիների զանգվածային ընդվզումը: «Այդ խնդիրը համախմբեց թե' քաղաքացիներին, թե' ԱԺ ընդդիմադիր չորս ուժերին: Սա բանալին է` մինչև հեղափոխական գործողությունների զարգացումը»,- ասաց Զուրաբյանը:

 

Նրա խոսքով` իշխանության քարոզչամեքենան փորձում է ապացուցել, որ քաղաքական ուժերը սպառված են, ու կա միայն քաղաքացիական ակտիվություն, որովհետև հասկանում են, որ եթե քաղաքացիները միանան քաղաքական ուժերին, իրենք լուրջ խնդրի առաջ են կանգնելու:

 

Պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի հարցով կրկին հրավիրվի ԱԺ արտահերթ նիստ, Լևոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ ժողովուրդը մոբիլիզացվում է այդ հարցի շուրջ, և դա թույլ է տալու խնդիրը կրկին բարձրացնել: «Տանող ուժը հասարակությունն է, որքան վճռական գտնվի հասարակությունը, այնքան պատրաստ ենք լինելու այդ հարցը բարձրացնել, ինչու չէ` արտահերթ նիստ հրավիրելու միջոցով»,- ասաց նա` հավելելով, որ այսօր բոլորն են խոսում հեղափոխության անհրաժեշտության մասին, սակայն ՀԱԿ-ը ցանկանում է թավշյա հեղափոխություն, այսինքն` Սահմանադրության միջոցով իրականացնել իշխանափոխություն, այնպեսն ինչպես եղավ Արևելյան Եվրոպայում 1990-ական թվականներին: