Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«...1949թ: Ամառ: Պատերազմից հետո չորրորդ խաղաղ տարին էր: Լեռնապարի ծոցում գյուղը դեռ քնած էր:
Սաթենիկը աքլորականչից շուտ էր արթնացել՝ անհավատալի երազն էր պատճառը: Երազում, իբր փուռը վառել, հաց էր թխում:
Իրականում մի հափուռ ալյուր էր մնացել ամբարում, էն էլ խնայել, պահել էր բանակից որդու վերադարձի օրը հաց թխելու համար. շուտով կզորացրվի, հենց որ նորակոչիկների համալրում լինի:
Ե՞րբ կլինի. պատերազմը խժռել էր ջահելներին ու զորակոչի խիստ պակաս կար:
Սաթենիկի խիղճը հանգիստ էր՝ կարևորը պատերազմն ավարտվել էր, ոչինչ, որ ուշանում էր, թող մի քիչ էլ ուշ լինի. ինքն իրեն հուսադրում էր նա, բայց ամեն օր աչքը ճամփին էր:
Գյուղում, նույնիսկ մահվան սև թուղթ ստացածներն էին հույսեր փայփայում՝ գուցե սխալմու՞նք է եղել, գուցե շփոթե՞լ են...
Ու որքան համակերպվել, հաշտվել էին կորստյան հետ, մեկ է, մի պեծ հույս էին թաքուն պահում իրենց ցրտող կյանքը ջերմացնելու համար: Այդ մի պեծ հույսը հանկարծ բոցավառվել, հրդեհվել էր, երբ մահվան սև թուղթ ստացած ԳԱՂԹԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ որդին վերադարձել էր էն աշխարհից...
Հրաշքից Գաղթական Մարտիրոսի լեզուն կապ էր ընկել, ուրախությունից կորցրել խոսելու ընդունակությունը: ԵՐԱՆԻ պատերազմի բերած մահվան սև թղթերը շփոթմունք ու սխալմունք լինեին, երանի՜...
Ափսոս, որ եթե մեկի համար երջանիկ սխալմունք ու շփոթմունք է եղել, մեկ է, անհասցե չէր մնացել բոթը՝ գնացել, գտել էր հասցեատերին...
Սաթենիկը անկախ իրենից փռան կողմը գնաց, ուզում էր երազի շարունակությունը տեսնել: Ե՞րբ էր վերջին անգամ փուռը վառել, չէր հիշում: Փռան բերանը կապած թիթեղը ետ քաշեց, ներսում մարած, սև, պաղ մոխիրն էր, իսկ երազում տեսած փռան երախում բոցկլտացող, ճարճատող կրակ: Ուրիշ էր երազում տեսածը՝ տաք, հացաբույր... Կրկին կապեց փռան կրակի կարոտ մրոտ բերանն ու այստեղ ավարտվեց երազը:
Հարևան Մաքարանց շունը հաչաց: Լսվեց Մաքարի քնաթաթախ ձայնը.
-Հա՜, Ալաբաշ, էն ո՞վ ա.... (Մաքարը ՄԱՔՐՈՒՀԻՆ էր, որը ՄԱՔԱՐ անունով էր հայտնի):
Ծանոթ ձայնից շունը հաչոցը կտրեց, ծույլ հորանջեց, մեկնվեց Մաքարի ոտքերի առաջ ու գլուխը դրեց թաթերին: Բարև, բարի լույսից հետո Մաքարը այն կողմից հարցրեց.
-Սալդաթից ի՞նչ խաբար:
-Դե ասըմ ա մինչև նոր սալդաթ չտանեն, իրանց հիլ չըդեն անիլ,- պատասխանեց Սաթենիկը:
-Թաղվածը հիլ արա՞վ վեր ջահիլ մնա, ծնունդ հասիլ կյա,-Թաղվածը Մաքարը Հիտլերին էր ասում:
Երկու տների արանքում փայտե ցածր ցանկապատ էր, փոքրիկ դռնակով: Սաթենիկը ցանկապատի կողմը գնաց, ասելով.
-Ալաբաշին պահի, դետը կյամ:
-Քեզ ճընաչըմ ա, վախիլ մի, եկ:
-Ա դե շուն ա, ի՞նչ գիդամ:
Մաքարը սաստեց շանը: Ալաբաշը հլու-հնազանդ մի կողմ քաշվեց:
-Եկ, վախիլ մի, եկ...,- դռնակը բացելով Մաքարը ներս առավ Սաթենիկին:
Գյուղի անցուդարձը Մաքարի ափի մեջ էր ու լեզվի ծայրին:
-Մացա՞ր,- բազմանշանակ հարցրեց Սաթենիկին:
-Ի՞նչը...
-Պըռատանց ըղջկանը բատրականց Վարդազարին են տվել:
-Վանեսի նշանածի՞ն,- զարմացած հարցրեց Սաթենիկը:
-Հա:
-Բա տա ըլիլի զատ ա... Բա Վանեսի նշանածը ծալը պակաս Վարդազարի ըռխի պյաննն ա՞....- ափսոսանքով դժգոհեց Սաթենիկը:
-Է՜ հ. Աստվածն էլ ա խռովել.... Գեղըմը ջահիլ չի մնացել...
Սերմն էլ ա փչվել... Ծալը պակաս Վարդազարից ի՞նչ դի հասիլ կյալ...
-Բա նրա տերը վեր էգուց-էլօր էկավ, ի՞նչ դեն ասիլ,- Սաթենիկը ի նկատի ուներ Վանեսին:
Վանեսից ոչ սև թուղթ էր եկել, ոչ էլ անհայտ կորածների մեջ մեջ կար նրա անունը: Ավելի վատ բան էր եղել՝ գերի էր ընկել Վանեսը, իսկ դա նշանակում էր, որ եթե վերադառնար էլ, ՍԻԲԻՐ են քշելու:
Սովետի սալդաթը գերի ընկնելու իրավոնք չուներ:
-Մինա, կյա էլ, Սիբիր դեն քշիլ, լավն էնա, ընդի էլ մնա:
Բատրականց Վարդազարը պատերազմի տարիներին թիկունքում մնալու պատճառ ուներ՝ ՄԱՆԿԱՄԻՏ էր, դրա համար էլ ծալը պակաս Վարդազար էին ասում, բայց ուրիշ, ավելի ծանրակշիռ պատճառ էլ է եղել, որի մասին խոսում էին նեղ շրջանակներում. Միզթողությունն էր մյուս ծանրակշիռ պատճառը ու ծալը պակաս ՎԱՐԴԱԶԱՐԻՆ ՑԵԹՌԻԿ ՎԱՐԴԱԶԱ Ր էլ էին ասում... Թե ինչու՞ էր ծալը պակաս Վարդազարը մատը դրել Վանեսի նշանածի վրա, ուրիշ պատմություն է, մի ուրիշ անգամ կպատմենք.... Հիմա, կարևորը Սաթենիկի երազն էր, որ առաջինը պատմեց Մաքարին ու սպասում էր մեկնությանը:
Մաքարը երազներ մեկնելու, լիսը հանելու հունար ուներ, մորից էր ժառանգել:
-Հացը լավ նշան ա: Փուռը՝ նոր օջախ ա: Սալդաթդ էլ ճըմփին ա. ըսօր-էգուց ա:
- Այսպես մեկնեց Սաթենիկի երազը Մաքար ն ու վերջում խորհուրդ տվեց,- Խաչը դիերի:
Լեռնապարի ծոցում քնած գյուղը արդեն արթնացել էր: Քարե կողով հիշեցնող գյուղը կամաց-կամաց լցվում էր մարդկային ձայներով, դառնում ժխոր ու դուրս հորդում: Քանի դեռ հով էր, Սաթենիկը որոշեց Մաքարի խորհ րդին հետևել:
Քիչ անց, գյուղից դուրս, փոշեկոլոլ ճանապարհով Թումասանց Սաթենիկն էր գնում, բայց լրիվ հակառակ ուղղ ությամբ, հարևան գյուղ էր գնում, Վարսենիկ քրոջը տեսության: «ԽԱՉԸ ՓԱԽՉԻԼ ՉԻ, ԷԳՈՒՑ ԿԸ ՔՅՆԱՄ»,- այդպես էր որոշել ի՞նքը, թե՞... աշխարհում հենց այնպես ոչ-ոք, առանց ԲԱՐՁՐՅԱԼԻ գիտությամբ ոտը- ոտի առաջ չի դնում: Կոսօրին մոտ էր, երբ հարևան գյուղ հասավ: Մինչ քրոջ՝ Վարսենիկենց տան կողմը կթեքվեր, հանկարծ ձայն տվին.
-Սաթենի՜կ, դեսն արի,- Դաշանց Ավետի կինն էր՝ Կաթերը:
Սաթենիկը հայացք ը թեքեց ձայնի կողմը:
-Դեսն արի՜, դես՜՜ը,- կրկնեց Կաթերը:
Կաթերի մեծ աղջիկը՝ Շուշին, Սաթենիկի մեծ եղբոր՝ Սարուխանի կինն էր: Երևի ապսպրանք, կամ թաքուն ասելու բան ունի՞....
Սաթենիկի առաջ դուռը բացող աղջնակը ժպտադեմ էր, ծիծղուն աչքեր ուներ: Չգիտես ինչու, մտաբերեց բանակից դեռ չվերադարձած որդուն ու ներս մտնելով հարցրեց.
-ԷՍ ո՞ր մինն ա Կաթեր:
-Նազիկն ա,- ի միջայլոց պատասխանեց Կաթերը:
-Աստված պահի,- գրեթե աղոթքի պես մրմնջաց Սաթենիկը:
-Սալդաթիցդ ի՞նչ կա,- հարցրեց Կաթերը:
-Ըսօր-էգուց ա, ճըմփին ա,- Սաթենիկը ոչ թե իր, այլ երազը մեկնող Մաքարի խոսքերը կրկնեց:
....Կաթերը փուռը վառել, հաց թխելու պատրաստություն էր տեսնում: Սաթենիկը հանկարծ հիշեց տեսած երազը, ու թվաց, թե կրկին երազում է... Փռան երախում կրակն արդեն հանդարտ վել էր:
-Ավե՜տ, Նազիկին ասա պուլերը պիրի՜...
Պուլերը խմորի գնդերն են, որ քիչ անց խոնչային շարած Նազիկը փռան մոտ բերեց: Սաթենիկն այս անգամ ուրիշ աչքերով նայեց Նազիկին ո ւ մտքում ասաց. «ՏԵՐ ԱՍՏՎԱԾ, ՏԵՆԱՍ ԿՀԱՍՆԻ՞ ԻՄ ՏՂԻՆ». Սաթենիկը թեև չէր ուզում, ձև արեց, թե շտապում է, քրոջ տուն պիտի հասնի, բայց Կաթերը կանխեց.
-Կացիր, հացը թխեմ, մինն էլ Վարսենիկին կտանես... Պատառ էլ զրից կանենք...
...Թե ի՞նչ զրուցեցին Կաթերն ու Սաթենիկը, իրենց է հայտնի, բայց Սաթենիկի թաքուն աղոթքը «ՏԵՐ ԱՍՏՎԱԾ, ՏԵՆԱՍ ԿՀԱՍՆԻ՞ իմ ՏՂԻՆ». Աստված լսել էր...
Աշխարհում ոչ-ոք, հենց այնպես, առանց ԲԱՐՁՐՅԱԼԻ կամքի ոտքը-ոտքի առաջ չի դնում»: