Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստալինը մինչև կյանքի վերջը հրաժարվում էր հավատալ Հիտլերի ինքնասպանությանը` չնայած բոլոր` իրեն ներկայացված ապացույցներին: Նա ենթադրում էր, որ նացիստների առաջնորդին հաջողվել է վերջին պահին փախչել Իսպանիա կամ Արգենտինա: Yerkir.am-ը ներկայացնում է իսպանական ABC պարբերականի հոդվածը, որում մեջբերվում են տարբեր մարդկանց հուշեր ու հետազոտություններ:
1945 թվականի ապրիլի 30-ը մշտապես կմնա մարդկանց հիշողության մեջ: Թեև Երկրորդ համաշխարհային պատերազմն այդ օրը չի ավարտվել (դեռևս 5 ամիս էլ այն շարունակվելու էր` մինչև Ճապոնիայի կապիտուլյացիան), բայց հենց այդ օրը Ֆյուրերբունկերում Ադոլֆ Հիտլերը չհրկիզվող պահարանից հանեց «Վալտեր» ատրճանակը, ցիանիդ խմեց, ապա ինքնասպան եղավ: Նույն քայլին դիմեց նրա երիտասարդ կինը`Եվա Բրաունը: Այդ ինքնասպանությունը պետք է ավելի քան 75 մլն մարդու մահվան պատճառ դարձած պատմության վերջակետը լիներ: Ռոմեոյի և Ջուլիետայի ոճով մահացած նորապսակների (ամուսնության արարողությունը տեղի էր ունեցել նախորդ օրը) մարմինները դուրս բերեցին Ֆյուրերբունկերից ու այրեցին: Պատասխանատուն ֆյուրերի անձնական վարորդ Էրիխ Կեմպկան էր: Այդ մասին նա պատմել է բազմաթիվ հարցազրույցներում, օրինակ`New York Times-ին. «Հիտլերն ինքնասպան եղավ, նրա հետ` նաև կինը: Հիտլերը հրամայել էր այրել իրենց մարմինները, այդպես էլ արեցինք»:
Մայիսի 5-ին երկարատև ու դժվար որոնումներից հետո Կարմիր բանակի զինվորները, ավելի ճիշտ` շարքային Չուրկովը, Օլեյնիկը և Սերուխը գտան բռնապետի ու նրա կնոջ մնացորդները: Բեռլինի արվարձանում գտնվող հիվանդանոցներից մեկում հնարավոր եղավ նույնականացնել երկու մարմինն էլ, թեև շատ բան չէր մնացել: Մնացորդները տեղափոխեցին ԽՍՀՄ, որտեղ պահվում են ՊԱԿ-ում: 2018-ին հետազոտելու թույլտվություն ստացած մի խումբ փորձագետներ հաստատեցին, որ դա այն ամենն է ինչ մնացել է ֆյուրերից:
Ի դեպ, Ուինսթոն Չերչիլն էլ էր Բեռլին ուղարկել գիտնական Հյու Թրևոր-Ռոփերին, որպեսզի նա հաստատի Հիտլերի մահը, ինչը նա արեց վկաների հետ բազմաթիվ զրույցներից հետո:
Թվում էր` դրանով ամեն բան ապացուցված է, սակայն 70 տարուց ավելի խոսվում է պատմական դավադրությունների ու գաղտնիքների մասին: Բայց ինչո՞ւ 75 տարի անց էլ շատերը կարծում են, որ Հիտլերը փախել է Բեռլինից: Այդ վարկածի տարածման մեղավորներից մեկը ԽՍՀՄ առաջնորդն էր: Իոսիֆ Ստալինը բազմիցս պնդել էր, որ չի հավատում, թե Բեռլինում հայտնաբերված մարմնի մնացորդները Հիտլերինն են: «Նա չի մահացել, այլ փախել է կա՛մ Իսպանիա, կա՛մ Արգենտինա»,- հայտարարել էր նա Պոտսդամի կոնֆերանսում:
Ստալինին թերահավատությունը ոչ մի ապացույց չէր կարող փարատել: Նա այնքան մտահոգված էր այդ հարցով, որ 1945 թվականի մայիսի 25-ին իր անհանգստության մասին հայտնել էր ԱՄՆ նախագահ Թրումենի հատուկ ներկայացուցիչ, Պոտսդամի կոնֆերանսի կազմակերպման հարցերով Մոսկվայում զբաղվող Հարի Հոփքինսին:
Էրիկ Ֆրատինին «Մահացե՞լ է, արդյոք, Հիտլերը բունկերում» գրքում պատմում է, որ այդ օրը Ստալինը եկել է հյուրանոցը, որտեղ բնակվում էր Հոփքինսը, և անբռնազբոս զրույցի ընթացքում պատմել իր անհանգստության մասին.
Հոփքինս – Ամերիկացիները հավատում են, որ ռուսները գտել են Հիտլերի մարմինը:
Ստալին –Ես կարծում եմ` Հիտլերը չի մահացել: Նա ինչ-որ տեղ թաքնվում է: Կարծում եմ` Բորմանը, Գեբելսը, Հիտլերը և, հնարավոր է, Կրեբսը փախել են սուզանավերով և ինչ-որ տեղ թաքնվում են:
Հոփքինս –Համոզված եմ, որ կարող ենք գտնել Հիտլերին, որտեղ էլ նա լինի:
Ստալին- Ինձ հայտնի է, որ սուզանավերը նավարկել են Գերմանիայի ու Ճապոնիայի միջև: Գերմանիայից Ճապոնիա ոսկի ու արժեթղթեր են փոխադրել: Այդ հարցում նրանց օգնել է Շվեյցարիան: Ես հրամայել եմ հետախուզությանը` հետաքննել այդ գործը, սակայն նրանց դեռևս չի հաջողվել սուզանավերի հետքը գտնել: Ես համոզված եմ, որ Հիտլերը ողջ է:
Սկզբում Ստալինն իր կասկածների մասին պատմում էր միայն ամենամոտ մարդկանց: 1945 թվականի հունիսի 6-ին` մեկ ամիս անց այն բանից հետո, երբ ֆյուրերն ինքնասպան եղավ, իսկ գերմանացի մի քանի գեներալներ հաստատեցին դա, ԽՍՀՄ մարշալ Գեորգի Ժուկովը Բեռլինում հպարտությամբ հայտարարեց, որ «հարյուր տոկոսանոց վստահությամբ հաստատվել է» Հիտլերի մնացորդների իսկությունը: Սակայն Ստալինը, միևնույն է, հրաժարվում էր ընդունել այդ փաստը:
Ընդամենը երեք օր անց` հունիսի 9-ին, Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ Ժուկովը հետ վերցրեց իր խոսքերը և պարզաբանեց, թե, չնայած ջանքերին, դեռևս չի հաջողվել նույնականացնել Հիտլերի մարմինը. «Մենք չենք գտել ճշգրտորեն այն մարմինը, որը կարող էր պատկանել Հիտլերին, այդ պատճառով չենք կարող որևէ հայտարարություն անել նրա մահվան մասին: Վերջին պահին նա կարող էր ինքնաթիռով փախչել Գերմանիայից: Նաև չգիտենք, թե ինչ է եղել Հիտլերի տեղակալ Մարտին Բորմանի հետ, որը մնում էր Բեռլինում մինչև վերջին պահը: Ճշգրտորեն հաստատվել է, որ սուզանավ է լքել Համբուրգը` մինչև բրիտանական զորքերի գալը: Դրանում մի քանի ողևորներ են եղել, մեկը` կին»:
Շուտով անցկացվեց Պոտսդամի կոնֆերանսը (հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը): Հանդիպեցին Ստալինը, Չերչիլը և Ռուզվելտը` Գերմանիան բաժանելու համար: Ստալինը հայտարարեց, որ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել Հիտլերի հետ:
Աբել Բաստի «Հիտլերի հետքերով. վերջնական հետաքննություն» գրքում նշվում է, որ հունիսի 25-ին Ստալինը մոտեցել է ԱՄՆ նախագահին, որ իր դիրքորոշումը պարզաբանի: Նրա խոսքերը մեջբերել է ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բայրսը, որը ներկա է եղել խոսակցությանը. «Պոտսդամի կոնֆերանսում Ստալինը վեր կացավ տեղից, մոտեցավ ինձ և բարեկամաբար բարձրացրեց բաժակը, որ իմ բաժակին խփի: Ես ասացի. «Մարշալ Ստալին, ի՞նչ եք կարծում Հիտլերի մահվան մասին»: Ստալինը պատասխանեց. «Նա չի մահացել: Փախել է` կա՛մ Իսպանիա, կա՛մ Արգենտինա»»:
Գաղտնի զեկույց
Հենրիկ Էբերլեի և Մաթիաս Ուլի «Զեկույց Հիտլերի մասին» գրքում նշվում է, որ Ստալինը չէր վստահում Արևմուտքին, այդ պատճառով ենթադրում էր, որ Հիտլերը թաքնվել է գաղտնի մի վայրում, որը նրան տրամադրել են դաշնակիցները: 1945-ի վերջին նա հրամայում է ԽՍՀՄ ներքին գործերի կոմիսարիատին` վերականգնել ֆյուրերի վերջին օրերի պատմությունը: Ստալինը ցանկանում էր վստահ լինել, որ Հիտլերը մահացել է: «Միֆ» կոչված գործողությունն իրականացնելու համար Ստալինի հրամանով ստեղծվում է ավագ սպաներից կազմված աշխատանքային խումբ` Սերգեյ Կրուգլովի գլխավորությամբ: Որպեսզի այդ սպաներից ոչ մեկն իրեն չդավաճանի, Ստալինը հրամայում է Լավրենտի Բերիային` վերահսկել խմբի աշխատանքը:
1949-ի դեկտեմբերի 29-ին Ստալինը ստանում է 413 մեքենագիր էջից բաղկացած վերջնական զեկույցը, որում ներկայացվում էր Հիտլերի կյանքը 1933-ից մինչև 1945 թվականը: Փաստաթուղթը հրապարակվել է 1990-ականներին:
Զեկույցի մի գլուխը նվիրված էր Հիտլերի մահվանը, որում հաստատվում էր ինքնասպանության վարկածը: Նացիստների առաջնորդը մեկ անգամ չէ, որ սպառնացել էր, որ ինքնասպան կլինի Կարմիր բանակի հանդեպ վախից: Այդ պատճառով էլ հրամայել էր այրել իր դիակը: «Ես հրամայել եմ այրել իմ մարմինը մահից հետո: Հետևեք իմ ցուցումների ճշգրիտ կատարմանը: Չեմ ցանկանում, որ իմ դիակը Մոսկվա տանեն ու ցուցադրեն կունստկամերայում»,- մի անգամ ասել էր Հիտլերը:
Զեկույցում նաև նշվում էր, որ ինքնասպանությունը տեղի է ունեցել ցերեկվա ժամը 3-ին, իսկ մարմինը գտել են Բորմանն ու Լինգեն: Այսպես է դա նկարագրվում զեկույցում. «Բազմոցին ձախից նստած էր Հիտլերը: Նա մահացած էր: Նրա կողքին, նույնպես մահացած, Եվա Բրաունն էր: Հիտլերի աջ քունքին ոչ մեծ մետաղադրամի չափով վերք էր, այտից արյան երկու շիթ էր հոսում: Բազմոցի կողքին` գորգի վրա, ափսեի չափ արյան լճակ էր: Արյան հետքեր կային նաև պատին ու բազմոցին: Հիտլերի աջ ձեռքը դրված էր ծնկին` ափով վերև: Ձախ ձեռքը կախ էր ընկել: Հիտլերի աջ ոտքի մոտ ընկած էր 7, 65 մմ տրամաչափի «Վալտեր» ատրճանակ: Ձախ ոտքի մոտ` ևս մի «Վալտեր», բայց` 6,35 մմ տրամաչափի: Հիտլերի հագին մոխրագույն զինվորական համազգեստ էր` կուսակցության ոսկե նշանով»:
Ստալինի կասկածները նացիստական առաջնորդի փախուստի կապակցությամբ նպաստեցին տասնյակ հոդվածների գրվելուն: Հիտլերի կենսագրականի հեղինակ Իոահիմ Ֆեստի «Անկում» գրքում նշվում է, որ դրանց մեծ մասը հորինվածքներ էին, ԶԼՄ-ները փորձում էին պարզապես օգտվել այդ «նախանձելի ու եկամտաբեր թեմայից»: Վարկածները բազմազան էին, օրինակ` որ Հիտլերը փախել է կանացի հագուստով: Ֆեստի խոսքով` Ստալինը նախընտրում էր իր վարկածը, որ Հիտլերը փախել է սուզանավով, և «Ստալինի համար այդ վարկածը վերջնական եզրակացություն էր, որը վերանայման ենթակա չէր»: