|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մեծ Բրիտանիան և Ավստրալիան որևէ կապ չունեն տեղեկատվության հետ, թե Չինաստանը թաքցնում է կորոնավիրուսի ստեղծման փորձերը: Այդ մասին, ըստ yerkir.am-ի, տեղեկացնում է The Guardian-ը` երկու երկրների հետախուզությունների ներկայացուցիչներին հղումով:
Ավելի վաղ The Daily Telegraph-ը, վկայակոչելով «Հինգ աչք» հետախուզական միության (ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա) զեկույցը, հայտնել էր, թե Չինաստանի իշխանությունները միտումնավոր թաքցրել են երկրում Covid-19 կորոնավիրուսի բռնկման մասին տվյալները և ոչնչացրել լաբորատորիաներում դրա հետ փորձերի ապացույցները:
«Իմ կարծիքով` դա հակաքարոզչություն իրականացնելու և Չինաստանի վրա ճնշում գործադրելու միջոց է»,- The Guardian-ին ասել է ավստրալական հետախուզությունում աղբյուրը` նշելով, որ տեղեկությունը դուրս է եկել ԱՄՆ հետախուզությունից և մյուս չորս երկրների հետախուզական ծառայությունները դրա հետ կապ չունեն:
The Guardian-ի` բրիտանական կառավարական շրջանակներից զրույցակիցը պատմել է, որ երկրի հետախուզությունը տեղեկություններ չի ունեցել Չինաստանում իրականացվող գաղտնի փորձերի և դրանց ապացույցների ոչնչացման մասին:
Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը ևս The New York Post-ին ասել է, որ ԱՄՆ-ից որևէ ապացույց չի ստացել կորոնավիրուսի արհեստական ծագման մասին, և իրենք դա առայժմ համարում են սպեկուլյացիա:
«Եթե այդպիսի տվյալներ ի հայտ գան, ապա ամերիկյան կառավարությունը պետք է որոշի` հարկավո՞ր է և ե՞րբ պետք է դրանք ներկայացնի, սակայն ԱՄՀ-ին դժվար է գործել նման տեղեկատվական վակուումում»,- ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ամերիկյան ABC News հեռուսատալիքի եթերում տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը բավականաչափ վկայություններ ունի, որոնք ապացուցում են, որ Covid-19 կորոնավիրուսը տարածվել է աշխարհում չինական Ուհան քաղաքի լաբորատորիայից:
«Մենք կարող ենք հաստատել, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը արել է ամեն ինչ, որ աշխարհը չիմանա, թե ինչ է կատարվել: Դրա շատ ապացուցյներ կան, որոնցից որոշները հրապարակային հասանելի են»,- նշել էր նա:
Նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, որ Չինաստանը պատասխանատվության կենթարկվի, եթե պարզվի, որ կորոնավիրուսի մասին տվյալները միտումնավոր թաքցրել է: