Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության ծրագիրը գյուղացիներին համար վերածվում է տարեկան 100 տոկոս տոկոսադրույքով փոխառության:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստան ներկրված հացահատիկի որոշ էլիտար սերմերին, որը գյուղատնտեսական տարվա սկզբին կառավարությունը տրամադրեց գյուղացիներին: Այդ էլիտար սերմացուի 1 կիլոգրամի դիմաց գյուղացին պետք է աշունը վերադարձներ 2 կիլոգրամ` իր բերքից:
Այս երեւույթը, առաջին հայացքից, նման է փոխառության երեւույթի` ես քեզ տալիս եմ մեկ կիլոգրամ ցորենի սերմ, դու ինձ ստացված բերքից տալիս ես երկու կիլոգրամ: Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ:
«Երբ 1 կիլոգրամ սերմացուի դիմաց ստացված բերքից երկու կիլոգրամ են պահանջում, դա չի նշանակում, թե հարյուր տոկոս տոկոսադրույք է կիրառվում: Որովհետեւ վերարտադրության նրբություններ կան, ու էլիտար դասի սերմացուն ավելի թանկ արժե, քան A կամ B դասերի բերքը: Այսինքն` երբ կառավարությունը գյուղացուն տրամադրում է էլիտար սերմացու, ապա գյուղացին հետ է վերադարձնում A դասի բերքից, որի ինքնարժեքը շուկայում ցածր է: Այստեղից` մեկ կիլոգրամ սերմացուի դիմաց բերքից երկու կիլոգրամ վերցնելու հարաբերությունները նորմալ են: Այսինքն` գյուղացիների վերադարձրածը տանում նորից ախտահանում են եւ այլն, որոնք արդեն որոշակի ծախսեր են պահանջում, այնպես որ այստեղ խոսել շահույթի մասին, մի քիչ անշնորհակալ գործ կլինի»,- պարզաբանեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:
Կարծես, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Բայց մի շարք նրբություններ կան: Առաջինն այն է, թե կառավարության տրամադրած սերմն իրո՞ք էլիտար էր, ասել է, թե` վերարատադրության բարձր մակարդակ ունեցող, թե՞ ոչ: Որովհետեւ, եթե, օրինակ, էլիտար ցորենի անվան տակ գյուղացուն տրամադրվում է ցորենի սովորական սերմ, ապա այստեղ չի կարելի 1 կիլոգրամ սերմի դիմաց բերքից 2 կիլոգրամ պահանջելը նորմալ դիտարկել:
«Լուրջ դժգոհություններ կան այս տարի տրամադրված սերմից: Ճիշտն ասած` տարբեր դժգոհություններ կան: Օրինակ`«Գուսար» կամ «Յասաուլ» տեսակի սերմացուն, որոնք մեզ համար նոր սորտեր էին, Շիրակի մարզում իրենց շատ լավ դրսեւորելուց հետո Արարատյան դաշտում բացարձակ բերք չտվեցին: Այստեղ մասնագիտական մոտեցում էր պետք: Իհարկե, պետք էր, որ այդ սերմացուները մեզ մոտ դիտարկում անցնեին: Հանրապետությունում երեք գոտի ունենք` Արարատյան հարթավայր, նախալեռնային գոտի, լեռնային գոտի: Իսկ օրենքը հստակ ասում է, որ երկուսից երեք տարի պետք է սորտափորձարկում անցներ ու նոր ներդրվեր: Այստեղ տեղայնացման հարցը կա, որը լուրջ գիտություն է եւ ժամանակ է պահանջում` հասկանալու համար, թե որ գոտուն ինչ որակային չափանիշներ ունեցող սերմացու է համապատասխանում: Որովհետեւ, օրինակ, Ուկրաինայից ներկրված հացազգիների սերմերը Հայաստանում իրենց երբեք լավ չեն դրսեւորել, որովհետեւ այնտեղ գերխոնավություն կա, իսկ մեր կլիման չորային է»,- նշեց Հրաչ Բերբերյանը:
Իսկ ինչ վերաբերում է այս էլիտար սերմերին, որ ներկրվեցին Հայաստան, ապա առաջին տարում ներկրված սերմերը, նրա ստույգ տեղեկություններով, Ստավրոպոլի մարզից էին բերվել, որտեղի կլիման համապատասխանում էր մեր կլիմային: Իսկ թե որտեղից է ներկրվել երկրորդն տարվանը, Հրաչ Բերբերյանը տեղյակ չէր, սակայն ասաց, թե շոշափվում էր Օդեսայի տարածքի անունը, իսկ այնտեղ խոնավության մակարդակը բարձր է:
Բազմաթիվ գյուղացիներ այս տարի մեզ էլ են բողոքել, թե կառավարության տրամադրած սերմը բարձր բերքատվություն չի ունեցել եւ այլն: Այսինքն` այդ սերմն այն չէր, ինչ ներկայացվում էր: Հետեւաբար, չի կարելի նշել, թե գյուղացիներին տրամադրված սերմացուն էլիտար է եղել: Իսկ եթե էլիտար չի եղել, դա նշանակում է, որ մեկ կիլոգրամի դիմաց ստացված բերքից երկու կիլոգրամ պահանջելը արդեն ինքնըստինքյան դառնում է տարեկան 100 տոկոս տոկսադրույքի կիրառմամբ փոխառություն, երբ դու տալիս ես մեկ միավոր ինչ-որ բան եւ մեկ տարվա կամ սեզոնի ընթացքում դրա դիմաց պահանջում նույն բանից երկու միավոր:
Թերեւս չենք կարծում, թե գյուղատնտեսության նախարարությունը դիտավորյալ ինչ-ինչ սպեկուլյատիվ գործեր է ծրագրել ու իրականացրել: Սա ավելի շատ գյուղատնտեսության ոլորտին անլուրջ վերաբերվելու արդյունք կարող է լինել, ինչի մասին բազմիցս նշել է թե’ Հրաչ Բերբերյանը, թե’ ոլորտին առնչվող այլ մարդիկ, թե’ ֆերմերները, թե’ բազմաթիվ գյուղացիներ: Իհարկե, գյուղատնտեսության նախարարությունը կարող է ասել, թե բարձր բերքատվություն ունեցող սերմացու է տրամադրել գյուղացուն` անկախ արդյունքներից:
Դա ավելի վատ է, քանի որ եթե այդքան վստահություն կար, որ բարձր բերք է ստացվելու, ապա ինչո՞ւ կառավարությունը գյուղացիների համար, գոնե նրանց, ովքեր իրենց էլիտար սերմացուից վերցրել էին, ապահովագրական որեւէ գործիք չստեղծեց: Թեեւ գյուղատնտեսությունը երկրի տնտեսության գերակա ուղղություններից մեկը հռչակած երկիրը վաղուց արդեն պետք է ունենար այդ ոլորտի ապահովագրական մեխանիզմներ: Բայց մեխանիզմները չկան: Իսկ գյուղացու միակ ապահովագողը կարող է լինել Աստված. Իզուր չէր անցնող տարում գյուղնախարարը դիմում Ամենայն Հայոց կաթողիկոսին` Աստծուց գյուղատնտեսության ոլորտում ողորմածություն հայցելու խնդրանքով:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ