կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-01 14:43
Քաղաքական

Մի վիրավորեք հարեւանին, ծանոթին, բարեկամին. Էլինար Վարդանյան

Մի վիրավորեք հարեւանին, ծանոթին, բարեկամին. Էլինար Վարդանյան

Աշխատանքից տուն ճանապարհին մտահղացած եւ առանց երրորդ անձի հետ քննարկելու հապճեպ հրապարակած՝ վարչապետի գաղափարը մի քանի պատճառով անթույլատրելի է եւ կոռեկտ չէ ժամանակակից  հասարակության համար։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ. անընդհատ կրկնվող ՄԵՆՔ փոխանցել ենք, Մենք օգնել ենք  ձեւակերպումը ականջ էր սղոցում։ Մենք՝ ո՞վ։ Փոխհատուցել է պետությունը, որոշումը կայացրել է կառավարությունը։ 

Ապշեցուցիչ է վարչապետի՝ պետության ընկալման մասշտաբները։ Այն, ինչ առաջարկում է նա, առավելագույնս կիրառելի է գյուղի, կամ ինչ-որ առանձին ոչ մեծ համայնքի համար։

Իսկ որեւէ մեկը հարցրե՞լ է այդ մարդկանցից, արդյոք նրանք պատրա՞ստ են ընդունել աջակցություն հարեւանից, կամ ծանոթից, կամ նույնիսկ անծանոթից։ Եթե ստեղծված իրադրությունում մարդն օգնության կարիք ունի, դա դեռ չի նշանակում, որ նա օգնություն կընդունի բոլորից։ Շատերն այն մարդկանցից, որոնք այսօր կանգնել են դժվար իրավիճակի առաջ, աշխատող, վաստակող մարդիկ են, որոնց տնտեսական փակուղին է բերել կանգնեցրել ֆինանսական խնդիրների առաջ։ Նրանց համար կարող է լուրջ հոգեբանական խնդիր լինել։ Սա այնքան նուրբ հարց է։ Մարդն ունի պետությա՛ն աջակցության կարիքը, եւ ոչ թե իր հարեւանի։ Չեք կարողանում մշակել անհատական մեխանիզմներ, ուրեմն պետք չէ հարցի կարգավորմանը ցուցաբերել գավառական մոտեցում։

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հետո ի՛նչ մթնոլորտ, ի՛նչ հարաբերություններ կարող են լինել։ Մարդիկ կարող են ունենալ ֆինանսական սուր խնդիրներ, բայց շատերի համար դժվար է գումար վերցնել հարեւանից կամ անծանոթից։ Պարզ արժանապատվության խնդիր կարող է ծագել։ Պետության աջակցությունը եւ հարեւանի «մեծահոգությունը» բոլորովին տարբեր բաներ են։ Դա կարող է ազդել մարդկային հարաբերությունների վրա։ Օգնություն տրամադրելը, այդ օգնությունը տեղ հասցնելը շատ նուրբ, բազմաշերտ աշխատանք է, բոլորը չէ, որ դա կարող են ճիշտ ձեւով անել, բոլորից չէ, որ մարդիկ պատրաստ են աջակցություն ընդունել. իզուր չէ, որ աշխարհն ի վերջո հանգել է հիմնադրամների, պրոֆիլային կազմակերպությունների գաղափարին։

Հասկանալով կառավարության որոշման հասցեականության ճիշտ լուծման բարդությունը կամ նույնիսկ անհնարինությունը, միեւնույն ժամանակ երկրի առաջին դեմքի կողմից առաջարկված (այն էլ՝ այդ ոգեւորությամբ, 25 րոպե նույն բանը կրկնելով) մոդելը վտանգավոր է։ 

Շատ ավելի ճիշտ գաղափար է՝ կոչ անել այն մարդկանց, ովքեր չունեն այդ օգնության կարիքը, գումարները փոխանցել որեւէ հաշվի։ Հենց նույն՝ վիրուսի դեմ պայքարի։

Սա կլինի իսկապես հանրային կոնսոլիդացիայի դրսեւորում։ Ես անելու եմ այդպես ու կոչ եմ անում մյուսներին՝ անել նույնը։

Որեւէ մեկը չի կարող մեզ բաժանել լավի, վատի, սեւ ու սպիտակի։ Սա մեր ընդհանուր պետությունն է, եւ միասնական պետության ընկալումը նաեւ նման քայլերով է արժեւորվում։ Փոխանցենք մեր հասանելիք գումարը, եթե իհարկե այդ աջակցության կարիքը չունենք, համավարակի դեմ պայքարի հաշվեհամարին։ Կարող ենք սոցցանցերում դնել վճարման թերթիկը, կարող է պետությունը հրապարակել բոլորի անունները։ Եվ մենք կիմանանք, որ օգնել ենք մեր պետությանը, մեր քաղաքացիներին, մեր բժիշկներին։ Սա մեր պետությունն է, եւ մենք պետք է օգնենք պետությանը։ Մենք կարող ենք միավորվել պետության գաղափարի շուրջ, եթե իսկապես ուզում ենք, որ համավարակի դեմ պայքարող բժիշկը լավ վարձատրվի, որ բավարար քանակով թեստեր ձեռք բերվեն, որ անհրաժեշտ բժշկական սարքավորումների եւ դեղորայքի պակաս չլինի։ Սա է բանաձեւը։

Վարչապետը հավանորեն չի պատկերացնում, թե ինչ պատրաստակամությամբ ու ինչ ծավալներով են մարդիկ այս երկու ամսվա ընթացքում օգնում իրար՝ լուռ, առանց կոչերի ու պաթոսի։ Բարեկամին, օտարին, ծանոթին, անծանոթին մարդիկ օգնում են՝ առաջին իսկ կանչով՝ առանց հաշվի առնելու՝ սեւ է, թե սպիտակ։ Ինքնակազմակերպվում են, կամ գործում են արդեն տարիներ շարունակ գործող խմբերի ու անհատների միջոցով, որոնք իրենց ուսերին բազմիցս վերցրել են այդ բեռը՝ պետության փոխարեն անապահովին գտնելու, մարդկանց աջակցությունը տեղ հասցնելու։ Անում են դա առանց որեւէ ակնկալիքի, պարզապես՝ որ գիշերը հանգիստ քնեն։ Մեծապես նաեւ դրա շնորհիվ է, որ փակված տնտեսության պայմաններում դեռ դիմանում ենք։