Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրիկն իր առջև դրված և իր արժեքներին հավատարիմ գործողություններ է իրականացրել, իր կյանքը զոհել հանուն հայրենիքի, և, կարծում եմ, այս օրը՝ հիշատակից բացի, նաև պատմական իրողություններն իրենց անուններով կոչելու օր է և այդիպիսի պետք է լինի. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին նշել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, ազգային հերոսի անվան պուրակում տեղի ունեցած հիշատակի և մեծարման արարողության ժամանակ։
Այսօր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի և զինակից 4 ընկերների՝ Սիմոն Աչիկգյոզյանի (Դեդ), Արթուր Կարապետյանի, Վալերի Նազարյանի, Զարզանդ Դանիելյանի հերոսաբար ընկնելու օրն է։ 1991թ. ապրիլի 30-ին Կիրովաբադում (Գանձակ) տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան, տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ առավ Հյուսիսային Արցախի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Այս գործողությանը ժամեր անց հետևեց Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ադրբեջանցի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Շահումյանի շրջանից հայկական բնակչության զտմանն ուղղված այս գործողությունը ստացավ «Օղակ» («Кольцо») անվանումը։ Հայաբնակ գյուղերի բնակիչներն ուղղաթիռներով բռնի կերպով արտաքսվեցին։
«Այն ինչ կատարվեց Գետաշենում՝ 1991 թ. և, հատկապես, ապրիլի 30-ին, երբ տրվեց «Օղակ» գործողության մեկնարկը, դա պետական ահաբեկչության փորձ էր, որը մասամբ հաջողվեց՝ հայաշատ այդ տարածաշրջանում հայաթափում և էթնիկ զտումներ իրականացնելու միջոցով»,- փաստեց Ա. Կրպեյանը՝ հավելելով, որ 29 տարի առաջ այս օրը մենք և՛ կորցրինք, և՛ վերագտանք մեր ժողովրդի հավերժության և միասնականության խորհրդանիշներին։
«Իրենք անմահացան, մեզ էլ պատգամեցին՝ հավատարիմ մնալ իրենց գործերին և անդավաճան շարունակել այդ գործը», - նշեց Թ. Կրպեյանի դուստրը՝ պատմելով, որ, երբ հայրիկը զոհվել է, ինքն ընդամենը 1 տարեկան երկու ամսական է եղել։
«Ցավոք, կենդանի հիշողություններ չունեմ իրենից, բայց իր ներկայությունը իմ կյանքում անընդհատ է եղել, և պետք է վստահաբար ասել, որ բացակայությունը միայն ֆիզիկական է. ինքն ամեն օր է մեր կյանքում, ամեն վայրկյան։ Իր պատգամներով, խորհուրդներով, ներկայությամբ մենք կարծես երբեք էլ չենք բաժանվել»,- փաստեց Ասպրամ Կրպեյանը։
Թաթուլ Կրպեյանը Հայ Յեղափոխական Դաշնակցությանն անդամագրվեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ երդում հանձնելով՝ ավելի վաղ Yerkir.am-ին պատմել էր ազգային հերոսի կինը՝ պատմական գիտությունների թեկնածու Իրինա Բարսեղյան-Կրպեյանը։
«Այն ժամանակ մարտական պարապմունքները գաղտնի էին, Թաթուլը, ինչպես որ հիմա տեսնում եք կիսանդրին, ժայռի պես մարդ էր, գալիս էր, մոտենում էր պարապմունքներին, բայց ֆիզիկապես չէր մասնակցում, որովհետև ինքը ֆիզիկապես առողջ էր, պարապմունքների կարիք չուներ, այլ մասնակցում էր տեսական զենքի փորձի, մարզումների էր մասնակցում, և գործուղման ուղարկվեց Գետաշեն՝ Շահումյան»,- Yerkir.am-ին պատմեց Թաթուլ Կրպեյանի մարտական ընկեր, դաշնակցական ազատամարտիկ Սիմոն Գաֆալյանը։
Նրա խոսքով՝ Թաթուլն ու իր զինակիցները՝ Սիմոն Աչիկգյոզյանը և ուրիշներ, Դաշնակցության այդ մարտական և իրենց մեջից եկած պապենական, հայրենական, սասունցու, մշեցու մշտավառ ոգով գործեցին և հերոսաբար ընկան։
«Ես հիշում եմ, որ Հրաչը, Պռոշյանի մեր ջոկատի ողորմածը, այն ժանանակ ասում էր՝ «Մեր միտքը միշտ մեր Էրգիր է»։ Դաշնակցությունը իրենց ավելի ուժեղ պատրաստեց, ոգի տվեց, շունչ տվեց, որպեսզի իրենք միակամ ու հավատքով պայքարեն»,- նշեց Սիմոն Գաֆալյանը՝ փաստելով, որ, Թաթուլը մնաց կառչած Գետաշենին և իր խոսքին, ասաց՝ «Միայն իմ դիակից հետո» և այդպես էլ արեց։
«Չթողեց և չվերադարձավ, մնաց պինդ և պաշտպանեց ժողովրդին։ Դժբախտաբար այդ օրերին շատ վատքաղաքականություն տարվեց և, ոչ միայն Գետաշենը, Շահումյանն այսօր մերը չէ։ Եվ Մռավ սարը, որն այն ժամանակ մեր կռնակն էր Շահումյանի կողմից, և այդպես Արցախն էինք պաշտպանում, Ապրիլյանին փաստորեն երևաց, որ հակառակն է. մենք Մռավ սարից այս կողմն ենք արդեն Արցախը պաշտպանում։ Այսինքն հողը գնալով փոքրանում է, սեղմվում է օղակը։ Թաթուլի պես ընկերները, Թաթուլի ոգին, նրա ունեցած այս կամքը պետք է փոխանցվի սերնդերունդ։ Նոր սերնդի երեխաները պետք է այդ տեսակ օրինակներ վերցնեն, որովհետև մենք, որպես ժողովուրդ, ուրիշ միջոց, ճանապարհ չունենք։ Գոյատևելու համար այս մի կտոր հողն է մնացել»,- նշեց ազգային հերոսի մարտական ընկերը՝ ավելացնելով, որ, ով ինչ ուզում է թող ասի, մեկ թիզ հող չպետք է զիջենք։
«Պետք չէ հավատալ գերտերությունների ոչ մի երաշխավորությունների, խոստումների։ Ես վստահ եմ, որ լինելու են և ծնվելու են այդպիսի երեխաներ և նոր հաղթանակներ»,- եզրափակեց Սիմոն Գալֆայանը։