Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մահացել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, Արցախյան շարժման և գոյապայքարի մասնակից, ազատամարտիկ Արթուր Կարապետյանի հայրը՝ ՀՅԴ Երևանի Շենգավիթի «Արամ Երկանյան» կոմիտեության «Արթուր Կարապետյան» խմբի անդամ Միքայել Կարապետյանը:
Հիշեցնենք՝ ազատամարտիկ Արթուր Կարապետյանը զոհվել է տխրահռչակ «Օղակ» գործողության ժամանակ՝ 1991 թ. ապրիլի 30-ին, Գետաշենում իր զինակից և ուսանողական ընկերոջ՝ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հետ վերջին մարտը մղելիս:
Արթուր Կարապետյանը 1989 թ. կիսատ է թողել ուսումը (նա այդ ժամանակ սովորում էր Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի 4-րդ կուրսում) և մեկնել Արցախ՝ Շահումյանի շրջան: Որպեսզի խուսափի հաճախակի իրականացվող անձնագրային ռեժիմի ստոգումներից, նա նույն թվականին փոխում է գրանցման վայրը և գրանցվում Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։ Հենց այդ ժամանակ էլ Արթուրը ծանոթանում է Թաթուլ Կրպեյանի հետ և մինչև կյանքի վերջ մնում է նրա հավատարիմ ընկերն ու զինակիցը։ Հանդիսացել է Գետաշենի կամավորական ջոկատի հրամանատար Թաթուլ Կրպեյանի մարտական գծով տեղակալը։ Մասնակցել է Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական մարտերին։
1990 թ. անդամակցել է ՀՅԴ-ին, հանդիսացել նորաստեղծ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ:
Արթուր Կարապետյանի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի կայարանամերձ պուրակը (1999 թ.), որտեղ տեղադրված է նաև նրա հուշարձանը (հեղինակ՝ Մկրտիչ Մազմանյան, քանդակագործներ՝ Գագիկ Ավագյան, Ռոբերտ Բալայան, բրոնզ, տուֆ, բազալտ, 1993 թ.,), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լսարաններից և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության խմբերից մեկը։ Երևանի Մուրացանի անվան համար 18 դպրոցի (Ա. Կարապետյանը այս դպրոցն է հաճախել և ավարտել այն 1984 թ.) շքամուտքի պատին տեղադրված է նրա հուշաքարը։
Վ. Սարգսյան